Wednesday, March 11, 2009

ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը կվերականգնի իր գործունեությունը, եւ ավելին, կակտիվանա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բայրամ Ալիեւին նշանակել է Շուշիի վարչակազմի ղեկավար: Սաֆարովն ընտրվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասարակական կազմակերպության ղեկավար:

Այս տեղեկատվությունը ուշադրություն չէր գրավի, եթե բառացիորեն մի քանի օր առաջ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանում չհայտարարեր, որ բանակցային գործընթացին ներգրավվելու են Ղարաբաղիհայկական եւ ադրբեջանական համայնքները”: Բաքվում Ֆասիեն հաստատեց, որ չի խոսելբանակցությանը որպես երրորդ կողմ Ղարաբաղը ներգրավելու մասին”:

Ֆասիեի հայտարարությունից հետո ակնհայտ դարձավ, որ Բաքվում սկսելու են ձեւավորելադրբեջանական համայնք”: Քայլերը երկար սպասեցնել չտվեցին: Պետք է սպասել, որ հաջորդ փուլում Ադրբեջանում ստեղծվելու է Ղարաբաղի վտարանդի կառավարություն, որը կանցկացնի ընտրություններ, կընտրի նախագահ եւ խորհրդարան, այսինքն, կանի ամեն ինչ, որ Ղարաբաղի դիմաց կշեռքի նժարին հայտնվի այլ ուժ` ադրբեջանական համայնքը: Այն, որ արդեն 15 տարի այդ համայնքի մասին ոչ ոք չէր հիշում, որ նրա առաջնորդ Նիզամի Բահմանովի մահվանից հետո մեկ տարվա ընթացքում ոչ մեկի մտքով չէր անցնում նշանակել նոր ղեկավար, արդեն բոլորը հասցրին մոռանալ: Ժամանակներն այլ են:

Կարելի է, իհարկե, այս գործընթացը գնահատել էմոցիոնալ տեսակետից եւ պնդել, որ ադրբեջանցիները` ղարաբաղի նախկին բնակիչները, ներկայում ապրում են իրենց հայրենիքում, հայերի թողած տներում, ընդհանրապես կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել Ղարաբաղի հետ նրանց հավասարեցնելու դեմ: Սակայն ավելի նպատակահարմար է քննարկել, թե ինչու հանկարծ համանախագահները որոշեցին հիշել հանգուցյալ Նիզամի Բահմանովի մասին; Առավել եւս, որ իրենք` համանախագահները, բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայտարարեցին, թե թույլ չեն տա բանակցային գործընթացըզրոյացնելէմոցիոնալ, իրավական եւ պատմական փաստարկներով”: Դա նշանակում է, որ ադրբեջանական համայնքի ներգրավման համար եղել են զուտ քաղաքական պատճառներ:

Ադրբեջանական համայնքը կարող է ներգրավվել, նախ, Ադրբեջանի դիրքերն ուժեղացնելու համար: Իսկ դա նշանակում է, որ համանախագահների առաջարկները բխում են Բաքվի շահերից: Եւ առաջարկները, որ առաջ են քաշվել Մադրիդում, նույնպես չեն հակասում Բաքվի շահերին: Եւ տեղեկատվական դաշտ նոր գաղափար մտցնելով, համանախագահները, փաստորեն, հայկական կողմի ուշադրությունը շեղում են առաջարկների էությունից, քննարկումները տեղափոխելով նախապես անհեռանկար դաշտ: Չէ որ ակնհայտ է, որ Ղարաբաղը վաղ թե ուշ կհայտարարի, որ ադրբեջանական համայնքի հետ չի նստի բանակցության սեղանին, Բաքուն կկառչի դրանից ու հայերին կմեղադրի անզիջում լինելու մեջ, համանախագահներն էլ կասեն, թե արել են իրենցից կախված ամեն ինչ, եւ ամեն ինչ կդառնա ի շրջանս յուր: Բայց մինչ հասարակությունները զբաղված լինեն դատարկ քննարկումներով, կարող է իրական կարգավորում լինել: Ասենք, մտցվեն զորքեր:

Ահա թե ինչու հայ հասարակությունը չպետք է թույլ տա իրեն ներքաշել անիմաստ քննարկումների թավուտը: Ավելի լավ է քննարկել կարգավորման առաջարկվող սկզբունքների էությունը եւ հանդես գալ կուռ դիրքորոշմամբ:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-03-09

No comments:

Post a Comment