Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի անհանգստությունը կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում արագ արձագանքման ուժերի ստեղծման հետ անհիմն է:
Ինչպես հայտնում է «Թրենդ»-ը, այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով լրագրողի հարցը, ըստ որի այդ ուժերի ստեղծումը հնարավոր է նաև հակաադրբեջանական ուղղվածություն ունենալ:
«Միանգամից ընդգծեմ, որ դրա հետ կապված որևէ մտավախություն անհիմն է: Ստեղծվող ուժերը, ի տարբերություն օրինակ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի, կոչված են իրենց գործունեությունը ծավալել բացառապես ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում: Իսկ այդ ուժերի օգտագործման վերաբերյալ որոշումը կայացվում է միաձայն` Կազմակերպության անդամ երկրների նախագահների կողմից»,- նշել է Լավրովը:
Նրա խոսքով, «ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի գործառույթների մեջ մտնում է ագրեսիայի հետմղումը, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության բռնի դրսևորումների, տրանսազգային կազմակերպված հանցագործության և նարկոթրաֆիկի դեմ պայքարին ուղղված հատուկ օպերացիաների իրականցումը, ինչպես նաև բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
«Հենց այդ նպատակների իրականացման համար էլ հավաքական ուժերի կազմում ընդգրկվել են արագաշարժ բանակային ստորաբաժանումներ, ՆԳ և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև անվտանգության ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումներ»,- հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment