Wednesday, March 11, 2009

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵՆ

  Բայց շուտափույթ հանգուցալուծում չի սպասվում

   Մեր հարցերին ի պատասխան՝ Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի, կողմերի հետ քննարկումների «ինտենսիվ» ժամանակացույցի վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում ԼՂՀ նախկին արտգործնախարար, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ

   -Այցը կարեւորում եմ այն առումով, որ համանախագահները այս անգամ հանդիպեցին ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Փաստորեն սա առաջին դեպքն է, երբ, այցելելով Ստեփանակերտ, վերջապես որոշեցին խոսել հասարակության հետ, լսել մարդկանց, որոնք ապրում են այս տարածաշրջանում։

   Այս հանդիպումը նախաձեռնելով՝ միջնորդները, ըստ էության, ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղում կա քաղաքացիական հասարակություն, եւ այդ հասարակությունն ունի իր կարծիքը, ունի իրավունք եւ պետք է մասնակցի իր ճակատագրի համար կարեւոր որոշումների ընդունմանը։

   Ինչ վերաբերում է հանդիպումների ինտենսիվությանը, հիշեցնեմ Յուրի Մերզլյակովի հայտարարությունը։ Նա ասաց, որ կան օբյեկտիվ հիմքեր՝ շուտափույթ կարգավորելու խնդիրը, բայց կան նաեւ դրան խոչընդոտող որոշ սուբյեկտիվ գործոններ։

   Սուբյեկտիվ գործոններ ասելով հավանաբար նկատի ունեն, որ նաեւ հասարակությունները պատրաստ չեն հիմնախնդրի կարգավորմանը, եւ պետք է նախապատրաստել հասարակական կարծիքը։ Ակտիվացնելով իրենց ջանքերը՝ համանախագահները այդ խնդիրն են փորձում լուծել։

   -Կարծում եք, համանախագահների հայտարարությունները, թե կարգավորման գործընթացում ի հայտ եկած «դրական ազդակները» թույլ են տալիս լավատեսությամբ նայել ապագային, արդարացվա՞ծ են։

   -Իմ տեսակետն այն է, որ շուտափույթ լուծում չի լինելու։ Կողմերի՝ պաշտոնական Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի հայտարարությունները վկայում են, որ մոտեցումները դեռեւս խիստ տարբեր են։ Նկատի ունեմ, մասնավորապես, դեկտեմբերի վերջին ԼՂ Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը, ՄԱԿ-ում եւ Հելսինկիում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից տարածված փաստաթղթերը, Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ այլն։ Սա նշանակում է, որ իրականում կողմերը հեռու են կարգավորումից։

   Իսկ համանախագահների լավատեսությունը բնական է՝ նրանք պետք է հավատան այն գործին, որով զբաղվում են, եւ լավատես լինեն։

   -Ամերիկացի համանախագահը Երեւանում հայտարարեց, թե հանրության ներկայացուցիչներին հանդիպելով, նրանց հարցադրումները լսելով, արդեն իսկ Ղարաբաղը «մասնակից են դարձրել» բանակցային գործընթացին։ Այստեղ վտանգ չե՞ք տեսնում։

   -Այդ վտանգը կա։ Իհարկե, այդ հանդիպումները վկայակոչելով, կարող են այնպես ներկայացնել, թե իբր Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին։ Այս առումով մենք՝ հայկական երկու պետությունները, ունենք ռեսուրսներ, որ կարող ենք եւ պետք է օգտագործենք ի հակակշիռ Ղարաբաղը որպես լիարժեք կողմ, բանակցային գործընթացից մեկուսացնելու միտումների։ Դա այն է, որ պետք է բաժանենք մեր իրավունքները եւ լիազորությունները, տարանջատենք՝ ով ինչի համար է պատասխանատու։

   Օրինակ, համաձայնության գանք, որ կան Լեռնային Ղարաբաղի իրավասության ներքո գտնվող հարցեր, որ Հայաստանը իրավասու չէ քննարկել ո՛չ միջնորդների, ո՛չ Ադրբեջանի հետ, քանի որ դա Լեռնային Ղարաբաղի բացառիկ իրավունքն է։ Այդ պարագայում իրենք ստիպված կլինեն հաշվի նստել Ղարաբաղի հետ եւ իրենք կխնդրեն, որ Ղարաբաղը նստի բանակցային սեղանի շուրջ։

   Սա է մեխանիզմը, որը, ի դեպ, կախված է միայն մեզանից՝ երկու հայկական պետություններից։ Եթե Ադրբեջանի քմահաճույքին թողնենք, պարզ է, որ իրենք չեն ցանկանում տեսնել մեզ բանակցային սեղանի մոտ, որովհետեւ կարծում են. եթե Ղարաբաղը ստանա բանակցող կողմի կարգավիճակ, անկախության ճանաչումը ավելի հասանելի կդառնա։ Բայց որ մենք էլ այդ ուղղությամբ առանձնապես ջանքեր չենք գործադրում, երկու կարծիք չի կարող լինել։

   -Ֆրանսիացի համանախագահն էլ Բրայզայից հետ չմնաց՝ Ղարաբաղի մասնակցությունը ապահովելու վերաբերյալ հարցին ի պատասխան հավաստիացնելով, թե «բոլոր համայնքները»՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, վաղ թե ուշ կներգրավվեն կարգավորման գործընթացում։

   -Կա՛մ համանախագահներն իսկապես անտեղյակ են ԵԱՀԿ ընդունած փաստաթղթերին, որտեղ ԼՂ ղեկավարությունը միանշանակ ճանաչված է որպես հակամարտող կողմ, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները, կամ միտումնավոր անտեսում են` ինչ-ինչ նպատակներ հետապնդելով։

   Եթե իրավական տեսանկյունից նայենք, ադրբեջանցիները, որ ժամանակին ապրում էին Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիներ են, մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, եւ բանակցություններում նրանց շահերը պաշտպանում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Ղարաբաղում ապրող մարդկանց, ժողովրդի շահերը պետք է ներկայացնի ԼՂՀ իշխանությունը, այսինքն՝ պաշտոնական ներկայացուցիչները այդ բանակցություններում։ Քանի որ մենք չենք մասնակցում Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ մեր ընտրյալ ներկայացուցիչները կարող են դա անել։ Դե, իսկ Հայաստանը պետք է հանդես գա որպես Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավոր։

   Այս տեսանկյունից Ֆասիեի հայտարարությունը որեւէ քննադատության չի դիմանում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 

Հայոց Աշխարհ

2009-03-06

No comments:

Post a Comment