Wednesday, March 11, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երկու նոր ադրբեջանական «հաշվետվություն» ՄԱԿ-ի 2008-ի մարտի 14-ի բանաձեւի պոչին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իրենց միջնորդական առաքելությամբ դժվար է գնահատել, քանի որ այդ առնչությամբ բացի երբեմն-երբեմն հնչող գնահատականներից, թե հանդիպումներն ու քննարկումները եղել են «արդյունավետ ու կառուցողական», ուրիշ ոչինչ առանձնակի հայտնի չէ: Ու եթե որեւէ բանի մասին էլ կարելի է դատողություններ անել, ապա միայն ենթադրությունների մակարդակով:

Ինչեւէ, առավել տխուր է, որ Մինսկի խմբի գործունեության ընթացքում հենց համանախագահների գնահատականներն են արհամարհվում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից: Մարտի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում պետք է քննարկվեր Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում փետրվարի 26-ին տեղի ունեցած միջադեպը:

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 26-ին ԵԱՀԿ առաքելության հերթական մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուժի շփման գծում Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մոտակայքում դադարեցվել էր, քանի որ մոնիտորինգի սկզբում ադրբեջանական կողմից հնչել էր կրակոց ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտում իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների, նրանց ուղեկցող ԼՂՀ արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղղությամբ: Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը չէր հասցրել իր առաջնային սահմանակետերի` ավելի վաղ պայմանավորված կետը:

Նիստը կայացավ, համանախագահներն էլ հանդես եկան հայտարարությամբ: Ի մասնավորի, ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել կողմերին անվերապահ պահպանել հրադադարի ռեժիմն ու ափսոսանք է հայտնել, որ 2008-ին հրադադարի խախտման հետեւանքով ավելի քան 30 մարդ զոհվել ու 50-ն էլ վնասվածքներ են ստացել: «Մենք ամենայն խստությամբ դատապարտում ենք ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի ընթացքում հրադադարի խախտումը, հատկապես հաշվի առնելով, որ երկու կողմերի զինված ուժերի ներկայացուցիչներն էլ անվտանգության գրավոր երաշխիքներ են ներկայացրել ԵԱՀԿ առաքելությանը», նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ափսոսանքով է հիշեցվում, որ 2008-ի դեկտեմբերին Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ բոլոր անդամներն էին համաձայնել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու ՄԽ առաջարկությանը: Ամեն դեպքում, ԵԱՀԿ ՄԽ-ն կողմերից բացատրություն է պահանջել միջադեպի առնչությամբ:

Ամենայն հավանականությամբ, այս հայտարարությունն էլ չի ունենա որեւէ ազդեցություն այն տրամաբանությամբ, ինչ կերպ որեւէ հետեւանք չթողեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Ադրբեջանի` ՄԱԿ-ում հերթական հակահայ նախաձեռնության առնչությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանը ՄԱԿ-ում երկու նախաձեռնություն է հանդես բերել Հայաստանի դեմ:

Հիշեցնելով, որ նախորդ տարի մարտի 14-ին ՄԱԿ-ում Ադրբեջանը անցկացրել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւ, ադրբեջանական պատվիրակությունը հիմա էլ զբաղված է այդ նույն բանաձեւի եւս 2 «հաշվետվություն» ներկայացնելով, որոնցում «մանրամասն մեկնաբանություններ են տրված «Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում եւ հարակից տարածքներում հակամարտության առնչությամբ ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների աջակցությունը Ադրբեջանին» եւ «Ադրբեջանի տարածքները օկուպացրած ագրեսոր Հայաստանի միջազգային իրավունքի հետ կապված պարտավորությունները» թեմաներով»:

Եթե առաջին, այսպես կոչված, հաշվետվության մեջ ժամանակագրական հավաքածու է ներկայացվում, ապա 27 էջանոց երկրորդ թղթում ՄԱԿ-ում ադրբեջանական պատվիրակությունը երեք հարց է բարձրացնում. «1. Արդյոք միջազգային իրավունքով Հայաստանը համարվո՞ւմ է պետություն, որ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: 2. Եթե այո, ապա որոնք են Հայաստանի` որպես ագրեսորի պարտավորությունները օկուպացված տարածքներում Ադրբեջանի կարգուկանոնի, Ադրբեջանի իրավական համակարգի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 3. Ինչպե՞ս կարելի է դիտարկել այդ պարտավորությունների կատարումը Հայաստանի կողմից եւ ստիպել կատարել դրանք»:

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին Ադրբեջանը 2008-ի մարտի 14-ի բանաձեւից հետո առաջին 2 «հաշվետվություններն» էր ներկայացրել ՄԱԿ-ի անդամ երկրներին ու միջազգային կազմակերպություններին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազգ

2009-03-07

No comments:

Post a Comment