Wednesday, March 11, 2009

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ ՉԿԱ

   Կա երկիր կառուցող ժողովուրդ

   Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցը ի՞նչ նոր ազդակ հաղորդեց բանակցային գործընթացին, ինչո՞վ էր պայմանավորված հանդիպումների աննախադեպ «հագեցած» օրակարգը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ միջնորդները լուրջ են տրամադրված, եւ մտադիր են օգտագործել մինչեւ տարեվերջ բանակցային գործընթացում ճեղքում արձանագրելու «ոսկի հնարավորությունը»։

   Ստորեւ՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ մեկնաբանությունները։

   -Դա նշանակում է մի բան. համանախագահները եկել էին տարածաշրջան նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու, եւ, ի դեպ, իրենք էլ ասացին այդ մասին։ Ստեփանակերտում, Երեւանում, Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում կարծես թե ուրվագծվում է համաձայնություն, որ առաջիկա մի քանի ամսում կկայանա նախագահների հերթական հանդիպումը։ Եւ եթե նախագահների հանդիպումներն արդեն պարբերական են դառնում, կարելի է ենթադրել, որ բանակցությունները լրջանում են։

   -Մինչդեռ Բեռնար Ֆասիեն, Ղարաբաղի մասնակցությունը «համայնքային» հարթության վրա է տեսնում. այսօր համանախագահները հանդիպում եւ կարգավորման հետ կապված հարցերը քննարկում են ԼՂ «հայ համայնքի» ներկայացուցիչների հետ, վաղը, երբ «ադրբեջանական համայնքի» մեռած առաջնորդի փոխարեն նորն ընտրվի, նրա հետ էլ կխորհրդակցեն։

   -Եթե խոսքը Բահմանովի մասին է, կարծում եմ, նրան հնարավոր չէ «փոխարինել»։ Չկա մեխանիզմ, որով մարդիկ, որոնք իրենց համարում են ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, կարողանան «համայնքի» ղեկավար ընտրել։ Ադրբեջանի սահմանադրությունը եւ օրենքները թույլ չեն տալիս լեգիտիմացնել որեւէ անհատի, որը կարող է օժտված լինել նախկինում Ղարաբաղում ապրող ադրբեջանցիների շահերը ներկայացնելու լիազորությամբ։ Դա բացառվում է։

   Երկրորդ՝ միջնորդները, համանախագահները մեկընդմիշտ պետք է հասկանան եւ հաշվի նստեն իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղում չկա հայ համայնք։ Կա ժողովուրդ, որը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, միանգամայն օրինական հիմքերով եւ միաձայն, քվեարկել է անկախ պետություն ստեղծելու օգտին, կառուցում է այդ պետությունը եւ ունի ընտրյալ իշխանություն, որը ներկայացնում է այդ ժողովրդի տեսակետները։

   Ցանկացած միջնորդ, տվյալ պարագայում Մինսկի խմբի համանախագահները, իրենց մոտեցումները, իրենց առաջարկությունները պետք է ներկայացնեն ԼՂՀ իշխանություններին, ինչպեսեւ անում են։ Անցած բոլոր տարիներին, բոլոր այցելությունների ժամանակ, այդ թվում՝ վերջին այցի ընթացքում, համանախագահները բանակցել են ԼՂՀ նախագահի հետ։

   Չեմ կարծում, թե համանախագահները կարող են գայթակղություն ունենալ, որ Ղարաբաղը, որպես կողմ, բանակցային գործընթացի մասնակից դարձնելու խնդիրը հնարավոր է տեղափոխել «ադրբեջանական համայնքի» հետ երկխոսության հարթություն։ Իհարկե, ԼՂ հասարակական սեկտորը դեմ չէր լինի հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի համարժեք կառույցների հետ, բայց ո՛չ նախկին ղարաբաղաբնակ ադրբեջանցիների, որ, կրկնում եմ, իրավաբանորեն ձեւավորված հանրույթ չեն Ադրբեջանում։ Չեն էլ կարող լինել։

   Ի վերջո, այդ մարդիկ ձեռք են բերել Ադրբեջանի քաղաքացիություն, Ադրբեջանի լիարժեք քաղաքացիներ են, ինտեգրվել են ադրբեջանական հասարակության մեջ եւ այդ հասարակության մասն են։ Իրավական առումով էլ նոնսենս է՝ ի՞նչ է նշանակում ԼՂ ադրբեջանական համայնք. եթե ասում են, որ Ղարաբաղում կա ադրբեջանական համայնք, ապա պետք է ընդունեն, որ Ղարաբաղը արդեն իսկ անկախ պետություն է՝ միջազգայնորեն ճանաչված երկիր, որտեղ կա պետականակիր ժողովուրդ ի դեմս արմատական բնիկ հայության, եւ ադրբեջանական փոքրամասնություն, որի խնդիրները պետք է լուծվեն։ Խնդրեմ, այս հարթության վրա ԼՂՀ իշխանությունները կարող են քննարկել այդ հարցերը։

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Հայոց Աշխարհ

2009-03-06

No comments:

Post a Comment