Wednesday, March 11, 2009

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի գլխավոր արդյունքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման մասին կողմերի միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունն է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս մասին հայտնի դարձավ Բաքվում՝ համանախագահների եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից հետո: Անդրադառնալով բանակցային վերջին փուլին՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է. «Մենք չենք կարող խոսել այն մանրամասների մասին, որ քննարկվել են այս բանակցությունների ընթացքում. ի վերջո, պետք է հարգել նախագահներին եւ այն գաղտնիության սկզբունքը, որ կա գործընթացում: Բայց, իմ կարծիքով, սա հարմար պահ էր, որպեսզի մենք Հայաստանից կրկին վերադառնայինք Բաքու, եւ այստեղ կայացած բանակցություններից հետո արդեն մենք կարող ենք մտածել նախագահների նոր հանդիպման մասին, որը կարող է կայանալ առաջիկա երկու ամիսների ընթացքում»: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հայտարարել է. «Երկու նախագահներն էլ մեր վերջին հանդիպումները բնութագրեցին որպես օգտակար ու կառուցողական: Նման պայմաններում նախագահների հանդիպումը կազմակերպելու իրական հնարավորություն կա, չնայած այն բոլոր բացասական գործոններին, որ առկա են բանակցային պրոցեսում»: Որպես բացասական գործոն՝ Ֆասիեն մատնանշել է ադրբեջանական կողմից ՄԱԿ-ում պարբերաբար շրջանառության մեջ դրվող փաստաթղթերը: Ֆրանսիացի դիվանագետը հայտնել է, որ մոտ ապագայում համանախագահները կմեկնեն Վիեննա, որտեղ հանդես կգան հաշվետվությամբ՝ Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունների դիվանագետների առջեւ: Համանախագահ երեք պետություններից բացի՝ Մինսկի խմբում ընդգրկված է ԵԱՀԿ-ի անդամ եւս 10 երկիր:

 Առավոտ

2009-03-06

No comments:

Post a Comment