Thursday, March 5, 2009

Ղարաբաղյան հիմնախնդիրը ուշագրավ հանգրվանում է

Եվ այսպես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվեց համաձայնություն ստանալ Սերժ Սարգսյանից եւ Իլհամ Ալիեւից` առաջիկա ամիսներին կրկին հանդիպում անցկացնելու նպատակով: Առհասարակ` համանախագահների տարածաշրջանային վերջին երկարատեւ այցի ընթացքում միջնորդները բանակցային գաղտնի գործընթացի վերաբերյալ որոշ փակագծեր, այնուամենայնիվ, բացեցին, որոնք արժանի են հիշատակման:

Նախ` ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը տարածաշրջանային այցի մեկնարկին խոստովանեց, որ կատարում են Ս.Սարգսյանի ու Ի.Ալիեւի խնդրանքը, որ նրանք ներկայացրել են Ցյուրիխում` «նոր անկյան տակ քննարկել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող` դեռեւս չլուծված մի քանի կետեր», ուստի կարելի է եզրակացնել, որ այս այցի ընթացքում համանախագահները արդեն իսկ հստակեցրել են կողմերի տեսակետները: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան փաստեց, որ այն հայտնի դիրքորոշումը, որ ունի Միացյալ Նահանգները` ունեն նաեւ Մինսկի խմբում ներկայացված բոլոր երկրները: Դրանից բացի, Մ.Բրայզան ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում պաշտոնական Անկարայի վերջին շրջանի շահագրգռվածության վերաբերյալ «Ժամանակի» հարցին պատասխանելիս, ըստ էության, բավական ուշագրավ մոտեցում դրսեւորեց. ամերիկացի համանախագահը ոչ միայն չհերքեց Թուրքիայի ակնկալիքները ԼՂ խնդրում, այլեւ ընդգծեց Անկարայի դերը եւ վստահություն հայտնեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ամեն ինչ անում է հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրը լուծված տեսնելու համար: Եվ վերջապես` ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը պարզաբանեց, որ միջնորդների պատճառով չէ ԼՂ-ն դուրս մնացել բանակցային գործընթացից, եւ եթե այդ հարցը այդչափ անհանգստացնում է հայկական կողմին, ապա թող այդ կապակցությամբ որոշում կայացնեն բանակցողները, ասել է թե` Սերժ Սարգսյանը: Ընդ որում` Մերզլյակովը շատ հստակ հիշեցրեց, որ ԼՂ-ի մասնակցությամբ բանակցությունները ժամանակին արդյունավետ չեն եղել, եւ նաեւ ակնհայտ դարձավ, որ ԼՂ-ի մասնակցության հնարավորությունները համանախագահները դիտարկում են` ադրբեջանցիների եւ հայերի համատեղ մասնակցության պարագայում միայն:

Ինչեւէ, Երեւանից դարձյալ Բաքու ժամանած համանախագահները, հանդիպելով Ադրբեջանի ղեկավարության հետ, հաստատել են, որ բանակցող երկու կողմերն էլ իրենց աջակցությունն են հայտնել մոտ ապագայում հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը: «Տարածաշրջան կատարած մեր այցի նպատակն էր կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը, եւ սկզբունքորեն այդ նպատակին հասել ենք», - Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Առայժմ համանախագահները չեն հստակեցնում, թե երբ եւ որտեղ կկայանա այդ հանդիպումը: Ռուսաստանցի համանախագահի խոսքով` Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա առաջիկա երկու ամիսներին. «Այդ հանդիպումը կկազմակերպվի հարմար պահի, դա կարող է տեղի ունենալ որեւէ գագաթնաժողովի կամ այլ միջոցառման շրջանակներում»:

ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում նշել է, թե տարածաշրջանային այցի ընթացքում բարդ բանավեճեր են ընթացել. «Սակայն հայկական կողմը եւ մենք եկել ենք այն համոզման, որ բանակցությունները պետք է շարունակվեն», - հայտնել է նա: Խոսելով համանախագահների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին` ամերիկացի դիվանագետը այն որակել է որպես լավ հնարավորություն` բանակցային գործընթացը հետագայում շարունակելու համար: Մ.Բրայզան նաեւ շեշտել է, որ բանակցային սեղանին մնացել են կարեւորագույն հարցեր. «Սակայն մենք չենք կարող ասել, թե դրանք որ հարցերն են»:

ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերով` բանակցային որոշակի փուլում կմասնակցեն մարդիկ, ովքեր բնակվել են ԼՂ-ում մինչեւ հակամարտության բռնկվելը: «Նկատի ունենք մադկանց, ովքեր բնակվել են այստեղ մինչեւ հակամարտությունը` թե ադրբեջանցիներին, թե հայերին: Դեռ հստակ չէ, ինչ շրջանակներում են նրանք մասնակցելու բանակցություններին», - նկատել է ֆրանսիացի համանախագահը:

Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը ուշագրավ փուլում է հայտնվել. ժամանակն անցնում է, եւ առաջիկայում բանակցող կողմերը ստիպված են լինելու կոնկրետ քայլեր կատարել: Իսկ քայլերը երկուսն են` կամ առաջ են գնում, կամ կանգ են առնում, եւ երկու դեպքում էլ ի հայտ են գալու նոր իրողություններ:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

2009-03-05

No comments:

Post a Comment