Thursday, March 5, 2009

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԽԱՆՔԵՆԴԻՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՇԱՏ ԲԱՐԴ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Բրայզայի խոսքերի հերթական թյուրըմբռնո՞ւմ, թե՞ էլի պղպջակներ

Մոտակա երկու ամիսներին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այս մասին հույսով Երեւանում ու Բաքվում կարծես արդեն հաստատուն հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք երեքշաբթի Երեւանում ասուլիսից հետո մեկնեցին Բաքու` տարածաշրջանային այս այցելության ընթացքում երկրորդ անգամ հանդիպելու Ադրբեջանի նախագահին եւ արտգործնախարարին:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել է, որ արդեն երկու կողմերն էլ իրենց աջակցությունն են հայտնել հանդիպման առաջարկին:

«Տարածաշրջան մեր այցելության նպատակը նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպումն էր, եւ սկզբունքորեն այդ նպատակին հասել ենք», նշել է Մերզլյակովը, համանախագահների անունից գոհունակություն հայտնելով, որ երկու նախագահներն էլ համաձայնել են: Ռուսաստանցի համանախագահը, սակայն, չի մանրամասնել, թե երբ եւ որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, նշել է, թե Երեւանում համանախագահների հայտարարությամբ «քննարկումներին մասնակից պետք է լինի ոչ թե ղարաբաղյան ռեժիմը, այլ մարդիկ, որ ապրում են այնտեղ եւ ում ապագան է որոշվում»:

Ֆասիեն, անդրադառնալով ՄԱԿ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերի առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, մանրամասնել է, թե այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ կրկին նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս նախաձեռնությունները չեն օգնում բանակցային գործընթացին:

Եվ ինչպես միշտ, իր արտառոցությամբ տարբերվել է Մեթյու Բրայզան, եթե, իհարկե, հավատալու լինենք ադրբեջանական լրահոսին: Բրայզան, մասնավորապես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերումների, նշել է, թե «ինչպես Խանքենդիում, այնպես էլ Երեւանում եղել են շատ բարդ բանակցություններ»: «Բայց հայկական կողմը եւ մենք եկել ենք այն կարծիքին, որ բանակցությունները պետք է շարունակել»: Հիշեցնենք, որ Երեւանում հենց Մեթյու Բրայզան ասուլիսում մի քանի անգամ կրկնեց, որ իրենք շատ ուշադիր լսել են ղարաբաղյան այցելության ժամանակ հանդիպումների մասնակիցներին, եւ ոչինչ ավելին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազգ

2009-03-05

No comments:

Post a Comment