Thursday, March 5, 2009

11-ամյա սխալի գինը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Բաքու մեկնելուց առաջ  Երեւանում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, հրավիրել էին համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ հանդես են եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Այսպես, ամփոփելով տարածաշրջան կատարած այցի արդյունքները` ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշել է, որ հանդիպումներն ընթացել են առանձնահատուկ պայմաններում: «Դրանց նախորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ցյուրիխում, որը ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Իլհամ Ալիեւը դրական են բնորոշել»,- ընդգծել է Ֆասիեն: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի տրամադրությամբ են համանախագահները վերադառնում Բաքու, ֆրանսիացի դիվանագետը նշել է` «դրական զգացողությամբ»: Նշենք, որ համանախագները Բաքու են մեկնում առաջիկա ամիսներին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով:

Այժմ փորձենք պարզել, թե ինչն է համանախագահներին նման «դրական» լիցքեր հաղորդել: «Ինչ-որ փուլում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր համայնքները (այսինքն` թե հայ, թե ադրբեջանական - Մ.Մ.) վաղ թե ուշ ներգրավվեն բանակցային գործընթացում»,- նշել է Ֆասիեն, ապա ավելացրել, որ «Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն հետագայում բանակցային ձեւաչափը փոխվել է, եւ դա կախված չի եղել միջնորդներից»: Հատուկ ընդգծենք, որ նման հայտարարություն ֆրանսիացի համանախագահը արել է Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ երեկ կայացած հանդիպումից հետո: ԱվելինՖասիեն ընդգծել է, որ ներկա փուլում համանախագահները բանակցությունների ընթացքի մասին իրազեկում են ԼՂ թե հայկական եւ թե ադրբեջանական համայնքներին: Իր հերթին, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը այս կապակցությամբ նշել է, որ «մինչեւ 1998-ը բանակցությունները այլ կերպ էին ընթանում, թեպետ, այսպես թե այնպես, բարձր մակարդակով հանդիպումներ չեն եղել: Այժմ բանակցություններին ԼՂ մասնակցության հարցը պետք է որոշվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով»:

Այսպիսով, համանախագահների հայտարարություններից պարզ է դառնում, որ 1998-ից հետո բանակցություններից դուրս մղված ԼՂ-ն կրկին կարող է եւ նույնիսկ պետք է ներգրավվի բանակցություններին, սակայն` ոչ նախկին` մինչ 1998-ի կարգավիճակով, երբ ներկայանում էր միայն հայկական համայնքը: Այժմ համանախագահները որպես ԼՂ մասնակցության նախապայման առաջ են քաշում նաեւ ԼՂ-ի այսպես կոչված ադրբեջանական համայնքի մասնակցության հարցը: Այսինքն` ստացվում է այնպես, որ ԼՂ հետագա մասնակցության հարցը ուղղակիորեն կախված է Իլհամ Ալիեւի քմահաճույքից, եւ Սերժ Սարգսյանի կամ ԼՂ ղեկավարության նույնիսկ ամենամեծ ցանկությունը այս պարագայում դեռ ոչինչ չի փոխում: Պատահական չէ, որ Ֆասիեն շեշտել է, թե այդ հարցը պետք է որոշվի երկու երկրների նախագահների մակարդակով: Այնպես որ, ԼՂ հետագա մասնակցությունը ապահովելու համար Ալիեւը որպես պայման կարող է «նախագահական մակարդակով» պահանջել, որ բանակցություններին մասնակցի նաեւ ադրբեջանական բնակչությունը, ինչը աննախադեպ կլինի: Ամեն դեպքում, համանախագահները հայկական կողմին փաստացի կոչ են անում համակերպվել նման հեռանկարի հետ, եւ պատահական չէ, որ համանախագահներից մեկը նման ձեւակերպում է արել` «ներկա փուլում իրենք բանակցությունների արդյունքների մասին իրազեկում են ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքներին»: Հատկանշական մի փաստ եւս. համանախագահները հատուկ ընդգծել են, որ ԼՂ-ն բանակցություններից դուրս է մղվել ոչ իրենց մեղքով` հստակ հասկացնելով, որ ԼՂ դուրս մղման մեղքը ՀՀ ղեկավարությանն է եղել, որը հայտարարել է, թե ԼՂ շահերը ներկայացնելու է ՀՀ-ն: Այսպիսով, 1998-ից ՀՀ ղեկավարության` ԼՂ-ն բանակցություններից դուրս մղելու, մեղմ ասած,  արկածախնդրությունը հայկական կողմին ԼՂ կարգավորման գործում  հերթական աննպաստ վիճակի մեջ է դնում: Այն, որ ԼՂ-ն պետք է անպայման ներգրավված լինի բանակցային գործընթացին, 11 տարի անց ստիպված են փաստել նաեւ համանախագահները: Սակայն 1998-ին թույլ տրված կոպիտ սխալի գինը կարող է լինել առնվազն այն, որ ԼՂ-ն հանդես գա ոչ թե որպես զուտ հայկական, այլ ադրբեջանա-հայկական կողմ:

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական Ժամանակ

2009-03-04

No comments:

Post a Comment