Thursday, March 5, 2009

Համանախագահների այցի գլխավոր արդյունքը Սարգսյան - Ալիեւ հանդիպման մասին պայմանավորվածությունն է

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի գլխավոր արդյունքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման մասին կողմերի միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունն է: Այս մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան Բաքվում` համանախագահների եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից հետո:

Անդրադառնալով բանակցային վերջին փուլին` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է. - □Մենք չենք կարող խոսել այն մանրամասների մասին, որ քննարկվել են այս բանակցությունների ընթացքում. ի վերջո, պետք է հարգել նախագահներին եւ այն գաղտնիության սկզբունքը, որ կա գործընթացում: Բայց, իմ կարծիքով, սա հարմար պահ էր, որպեսզի մենք Հայաստանից կրկին վերադառնայինք Բաքու, եւ այստեղ կայացած բանակցություններից հետո արդեն մենք կարող ենք մտածել նախագահների նոր հանդիպման մասին, որը կարող է կայանալ առաջիկա երկու ամիսների ընթացքում□:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հայտարարել է. - □Երկու նախագահներն էլ մեր վերջին հանդիպումները բնութագրեցին որպես օգտակար ու կառուցողական: Նման պայմաններում նախագահների հանդիպումը կազմակերպելու իրական հնարավորություն կա, չնայած այն բոլոր բացասական գործոններին, որ առկա են բանակցային պրոցեսում□:

Որպես բացասական գործոն` Ֆասիեն մատնանշել է ադրբեջանական կողմից ՄԱԿ-ում պարբերաբար շրջանառության մեջ դրվող փաստաթղթերը:

Ֆրանսիացի դիվանագետը հայտնել է, որ մոտ ապագայում համանախագահները կմեկնեն Վիեննա, որտեղ հանդես կգան հաշվետվությամբ` Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունների դիվանագետների առջեւ: Համանախագահ երեք պետություններից բացի` Մինսկի խմբում ընդգրկված է ԵԱՀԿ-ի անդամ եւս 10 երկիր:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ազատություն

2009-03-05

No comments:

Post a Comment