Thursday, March 5, 2009

ՀԱՆՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՅԻ

Սերժ Սարգսյանը որոշել է հասարակությանն անհայտ, դեռեւս չվարկաբեկված երիտասարդներով ստեղծել նոր շարժում, որը իշխանության բոլոր լծակներով հզորացվելու է, հատկապես` Ղարաբաղի անվտանգության գոտու 7 շրջանների հանձնման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու օրերին: Նախագահի նոր շարժումը կոչվելու է "Հանուն ապագայի": Անվանումը գերազանց է մտածված, քանի որ 7 շրջանի հանձնումը պետք է իշխանական քարոզչամեքենայի անխնա տեռորի միջոցով ներկայացվի որպես քայլ` հանուն մեր պետության ու ժողովրդի լավ ապագայի: Շարժման լիդեր է ընտրվել իրավապահ մարմինների մի նախկին աշխատակից, որը հիմա արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի վերահսկողականում է աշխատում: Երիտասարդի անունը Լեւոն է, ընդդիմության, քաղբանտարկյալների եւ հատկապես գաղտնալսված հեռախոսազրույցների վերաբերյալ բավարար ինֆորմացիայի տիրապետող անձնավորություն: Եւ ահա նախօրեին Լեւոն Երզնկյանը հարցազրույց է տալիս մամուլում, հաստատում է, որ ստեղծում է իշխանություններին սատարող նոր ուժ, եւ տալիս է ապօրինի գործունեությունների մասին առաջին հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքը. "Ժամանակին ինձ տեղեկություններ էին հասել, որ ընդդիմադիր դաշտի գործիչներից մեկը, տեղեկանալով զոհերի մասին, ուրախությամբ հայտարարել է` այ հիմա սրանք քաշվեցին: Նկատի ուներ իշխանություններին, ինչի՞ մասին է սա վկայում": Սերժի Լեւոն Երզնկյանը, փաստորեն, իրականացրել է ընդդիմադիր դաշտի գործիչների խոսքերի ակտիվ վերծանում եւ, բնականաբար, ինֆորմացիան փոխանցել է իշխանական դաշտի գործիչներին: Իսկ այսօր եկել է երիտասարդի պաշարները ռացիոնալ օգտագործելու ժամանակը: Մոտենում է Հայաստանի նորագույն պատմության ամենավճռական պահերից մեկը. ԵԱՀԿ Մինսկի խումբը համարյա ամեն ամիս տարածաշրջանում է, ԼՂՀ կոնֆլիկտի արագ կարգավորման մասին են խոսում բոլոր միջազգային կառույցները, հարյուրավոր միլիոնների նոր վարկեր են տալիս մեր երկրին, դոլարի կուրսը մեկ ցենտով չեն թողնում ընկնի, որպեսզի տնտեսության "պահպանման" գնով ձեռք բերեն Ղարաբաղի անվտանգության գոտին: Իսկ ի՞նչ տեղի կունենա Հայաստանի ժողովրդի ակտիվ զանգվածի հետ, եթե իմանան, որ Սերժ Սարգսյանը փուլ առ փուլ հանձնում է պատմական Արցախը: Առաջին հերթին գազազած ամբոխը դուրս կգա փողոց, երկրորդ հերթին կձեւավորվի ընդհատակյա "հայ ազգային բանակ"` զինված խմբավորում, իսկ երրորդ հերթին մի քանի անողնաշար քաղաքական ուժեր կվերածվեն ռադիկալ ընդդիմության, կփորձեն միանալ Հայ ազգային կոնգրեսին ու պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը` սա կանխելու համար: Պետք է ստեղծի արհեստական մի շարժում, որի մեջ արագ կշպրտվեն կարկառուն մտավորականներ, վաստակաշատ սպորտսմեններ եւ գիշեր-ցերեկ կքարոզեն, թե` մեր նախագահը գնում է հերոսության, մեր նախագահը փոխում է պատմության ընթացքը, միանգամից դուրս է բերում երկիրը շրջափակումից, փրկում է տնտեսությունը, հեսա մի երկու տարում կառուցելու է Նյու Վասյուկի, այսինքն` պայծառ ապագա: Սրան բավականին մոտ ակնկալիքներ Սերժ Սարգսյանից ունեին նրան սատարած շատ ու շատ միամիտներ: Կան բանակի առանցքային դեմքեր, որոնք 2008-ի ապրիլից մինչեւ տարեվերջ անկեղծորեն հավատում էին, որ իրենց առաջնորդը, իրենց գերագույն-գլխավոր հրամանատարը հաշված ամիսներում կոռուպցիան արմատախիլ է անելու մի խուրց մոլախոտի նման, արդարությունը տարածելու է մինչեւ պետական ապարատի ամենաստորին օղակներ, կյանքը զգալիորեն էժանացնելու է, իսկ Երեւանը դարձնելու է Դուբայ: Եւ այդ Դուբայի ապագա պատվավոր քաղաքացիներից մեկը` "Հանուն ապագայի" շարժման անհայտ լիդերը, հայտարարում է. "Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ նպատակը տարբեր պատճառներով ներկա իրողությունից դժգոհների հնարավորինս մեծ զանգված իր շուրջը հավաքելն է եւ այդ ալիքի վրա իշխանությանը տիրանալը": Բայց քանի որ սույն ջահելն անփորձ քաղաքական գործիչ է, սրանով բերանից ուղղակի թռցրել է, որ գործող իշխանությունը պատրաստվում է լուրջ տեխնոլոգիաներով ԼՂՀ կոնֆլիկտը լուծող "առաջնորդի" շուրջ հավաքել այդ` ներկա իրողություններից դժգոհների հնարավորինս մեծ զանգված եւ ասել, թե բոլոր վատ իրողությունների պատճառը կոնֆլիկտը չլուծված թողնելն է: Երզնկյանն իր հարցազրույցում նույնիսկ կանխատեսումներ է արել մարտի 1-ի հանրահավաքից առաջ. "Չեմ կարծում, թե հանրահավաքը որեւէ հետեւանք կամ շարունակություն ունենա: Համոզված եմ, որ դա գիտակցում է նաեւ Տեր-Պետրոսյանը: Ուղղակի իրենց վաղուց սպառած մի շարք գործիչներ կրկին "բոցաշունչ" ելույթներ կունենան, ինչպես միշտ, կասեն, որ այսպես ապրել չի կարելի, սակայն չեն ասի, թե ինչպես ապրել: Եւ, ըստ ավանդույթի, կրկին կփորձեն այնպես անել, որ որեւէ փոքր միջադեպ տեղի ունենա մասնակիցների ու ոստիկանության միջեւ, որպեսզի մոտակա երկու շաբաթվա համար իրենց մամուլը հոդվածներ գրելու նյութ ունենա":

Հանրահավաքը, չնայած Սերժի երիտկարիերիստների ցուցումներին, անցավ առանց գրելու ենթակա միջադեպի: Լեւոն Երզնկյանի հրահանգը կատարեց միայն Բազազ մականունով Ռոբերտ Մելքոնյանը, կարճ եւ դատարկ վեճի մտավ խաղաղ երթի դուրս եկած քաղաքացիների ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հետ եւ արագ փսկեց, ինչպես շատ արագ կփսկի Սերժի հերթական "հանունը":

ՍԵՎԱԿԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակ

2009-03-04

No comments:

Post a Comment