Thursday, March 5, 2009

ՄԻ ՈՒԺԵ ԴԵՍՅԱՏ ՌԱԶ ՎԱՄ ՍԿԱԶԱԼԻ

Երեւան-Բաքու-Ստեփանակերտ երթուղով ճանապարհորդությունների սիրահար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովն ու Մեթյու Բրայզան երեկ Ֆրանսիայի դեսպանատանն էին` հանդիպելու հայ լրագրողներին: Մինչ հարցուպատասխանին անցնելը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը զգուշացրեց` համանախագահների ժամանակը շատ սուղ է, ընդամենը 30 րոպե:

Համանախագահներից լիդերը, ինչպես զգացվում էր, Ֆասիեն էր, որը որոշում էր` որ համանախագահն է պատասխանելու լրագրողների հարցերին, երբ է ավարտվելու հարցուպատասխանը: Միայն Մեթյու Բրայզան էր լայն-լայն ժպտում ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին պատասխանում թեթեւ ծիծաղելով: Լրագրողների շարքերում տեսնելով իրեն արդեն իսկ ծանոթ դեմքերի` Ֆասիեն ուրախացավ ու սկսեց պատմել իրենց շրջագայությունից: Ֆրանսիացի համանախագահն ասաց, որ անցնող ուրբաթ ժամանել են Բաքու, հանդիպել արտգործնախարար Մամեդյարովի, այնուհետեւ` նախագահ Ալիեւի հետ: Բաքվից նրանք եկել են Երեւան եւ մեկնել Ստեփանակերտ, բավական երկար հանդիպում ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ նրա թիմի հետ, որից հետո համանախագահներն առանձին են զրուցել Սահակյանի հետ: Ստեփանակերտում Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են մոտ 20 հասարակական կազմակերպությունների, որոնց թվում են եղել նաեւ փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ների անդամներ: Երեւանում դիվանագետները հանդիպել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու Սերժ Սարգսյանին: Թե ինչ հարցեր են քննարկվել Բաքվում, Ստեփանակերտում ու Երեւանում, փակբերան համանախագահները ոչ մի կերպ չասացին` նշելով միայն, որ այդ հանդիպումները "եղել են բավականին հագեցած, բավականին առարկայական, բավականին թանձր բովանդակության": Ամերիկացի համանախագահ Բրայզան կոտրատված ռուսերենով նշեց, որ Ղարաբաղում իրենք ուշադիր լսել են բոլորի` նախագահի եւ կառավարության կարծիքները: Չնայած Սերժ Սարգսյանը քանիցս հայտարարել էր, թե Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն անընդհատ ասում է, թե նշանակություն չի տալիս բանակցությունների սեղանի շուրջ արվող հայտարարություններին: Բեռնար Ֆասիեն մեկ անգամ եւս ընդգծեց, որ հարցի կարգավորման միջնորդները շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Դիվանագետը նշեց, որ իրենք բանակցություններ են կազմակերպում երկու հանրապետությունների ղեկավարների միջեւ. "Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր կհայտարարի իր դիրքորոշման մասին, բայց պատմության ավարտին, երբ կոմպրոմիսի պահն է, ուրիշ բան կլինի": Մինսկի խմբի երեք համանախագահները մի օր Երեւանում են, մյուս օրը` Բաքվում, երրորդ օրն էլ Ստեփանակերտ են այցելում: Հասարակությունից գաղտնի պահվող այս բանակցությունները կարգավորում են եւրոպացի դիվանագետները, մինչդեռ Ղարաբաղին այդ գործընթացում լսողի ու կատարողի դեր է վերապահված: Այս պարագայում արդյոք անիմաստ չէ՞ Մինսկի խմբի համանախագահների միջամտությունը բանակցային գործընթացին ու առանց Ղարաբաղի մասնակցության որեւէ որոշում ընդունելը: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը նշեց, որ կգա ժամանակը, եւ օրերից մի օր անհրաժեշտ կլինի, որ Լեռնային Ղարաբաղում ապրած բոլոր համայնքները վաղ թե ուշ ընդգրկվեն բանակցային գործընթացում, եւ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի լավ. "Իհարկե, լավ կլիներ, եթե դա լիներ ուղղակի բանակցային գործընթաց, եւ մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, թե երբ` չեմ կարող ասել: Դա կախված չէ միջնորդներից": "Իսկ կոնկրետ ե՞րբ է նախատեսվում ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը" հարցից պարոն Ֆասիեն ակնհայտորեն բորբոքվեց ու բարկացած տոնով ասաց. "Մի ուժե պաչտի դեսյատ ռազ վամ սկազալի, վի ուլիբայետես: Էտը զնաչիտ, չտո վի զնայետե, նո վսյո տակի մի պավտարյայեմ... Էտո զավիսիտ օտ չաս-տեյ: Յա՞սնո": Հայ լրագրողներին հետաքրքրող հարցերը բավական շատ էին, բայց Ֆասիեն կարճ կապեց. շտապում էին օդանավակայան: "Իսկ ի՞նչ տրամադրությամբ են մեկնում Բաքու" հարցին ռուս համանախագահ Մերզլյակովը պատասխանեց` աշխատանքային տրամադրությամբ:

ՀԳ - Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թե երբ այն տեղի կունենա, համանախագահները դժվարացան ասել:

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հրապարակ

04.03.2009

No comments:

Post a Comment