Չե՞ք լսել՝ դոլարը թանկացել է
Այս օրերին տագնապ են ապրում Արցախի բանկերը, մանավանդ՝ «Արցախբանկը»: Դոլարի կուրսի կտրուկ աճ է արձանագրվել՝ մոտ 30%: «Արցախբանկ» ՓԲԸ տնօրեն Պ. Գրիգորյանը անհանգստություն է հայտնում այդ առթիվ, նշելով, որ տարադրամի այդպիսի կտրուկ տատանումներն ավելի շատ ազդում են բանկերի գործունեության վրա, քան թե հասարակ ժողովրդի կյանքի: Սակայն այս երկու օրվա ընթացքում հանրապետության տարբեր շրջաններում ու մայրաքաղաքում փակվեցին մի շարք խանութներ: Բիզնեսմեններն արագ վաճառվող սննդամթերքները վաճառասեղաններից հավաքել են: Այսօր խանութներում չես կարող գտնել ձեթ կամ շաքարավազ: Ժողովուրդը մի կողմից է արկղերով ու պարկերով ձեթ, ալյուր, շաքարավազ առնում, խանութպաններն էլ մյուս կողմից են ապրանքը ետ տանում իրենց պահեստները, որ մի քանի օր հետո թանկացրած վերադարձնեն վաճառասեղաններ ու միանգամից հարստանան:
Այս առթիվ այսօր անհանգստություն հայտնեց նաեւ ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, նշելով, որ առեւտրականների նման վերաբերմունքը խուճապ է առաջացնում բնակչության շրջանում, եւ առեւտրով զբաղվողների առաջ խնդիր դրեց վերադառնալ բնականոն աշխատանքի: Սակայն ո՛չ կառավարության այս կոչ-դիմումը, ո՛չ շրջկենտրոններում անցկացվող ժողովները ի զորու չեղան բացելու որոշ խանութների պինդ փակված դռները:
Անգամ փողոցում ձկան առեւտրով զբաղվողը, գնորդի այն հարցին, թե ինչո՞ւ է ձուկն այդքան թանկացել, միամտաբար ասաց՝ «բա չե՞ք լսել, որ դոլարը թանկացել է»: «Քե՞զ ինչ, դու հո դոլարով չես գնել այդ ձուկը, ձեր գետում ես որսացել»,- չգիտեին զարմանալ, թե բարկանալ գնորդները:
Մասնագետների կանխատեսումները «լուսավոր» են, ըստ նրանց՝ դոլարի այսպիսի տատանումները կտեւեն ընդամենը մեկ շաբաթ:
Առավոտ
No comments:
Post a Comment