Wednesday, March 11, 2009

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Զեկույցները, որոնք Ադրբեջանի ջանքերով հայտնվել են ՄԱԿ-ում, և որոնցում խոսվում է ղարաբաղյան հակամարտության ադրբեջանական տեսակետի մասին, խիստ անհանգստացնում է միջնորդներին: Սա այն հիմնական միտքն էր, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կերակրեցին» հայաստանյան լրագրողներին Երևան և Ստեփանակերտ այցերի ընթացքում: Եվ, ի պատիվ իրենց, լրագրողները «կուտը կերան» . համանախագահների գնահատականը ներկայացվեց որպես Բաքվին տրված «դեղին քարտ»:

Իրականում, համանախագահները, մասնավորապես, երևանյան մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին ամեն ինչից` չասելով ոչինչ: Օրինակ, պատասխանալով վերջին մոնիթորինգի ընթացքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցին (հիշեցման կարգով. հայ-ադրբեջանական շփման գոտու մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կողմից կրակ էր բացվել ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի ուղղությամբ), ՄԽ-ի համանախագահները նույնիսկ չբարձրաձայնեցին այն փաստը, որ կրակոցները հայկական կողմից չէին: Սակայն անցնենք գլխավորին:

Եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ նպատակ են հետապնդում համանախագահները` գրեթե մշտական բնակություն հաստատելով տարածաշրջանում, ապա պիտի ստիպված լինենք ընդունել, որ գոնե տեսանելի, առավել ևս, հասկանալի որևէ նպատակ գոյություն չունի: Բերենք մի քանի փաստարկ: Նախ` խփելով և՜ նալին, և՜ մեխին, համանախագահները ոչ միայն չեն մոտեցնում հակամարտության կարգավորումը, այլև ճիշտ հակառակը` լարվածությունը մեծացնելով` անընդհատ հետ են շպրտում կողմերի հաշտեցման հնարավորությունը:

Երկրորդ` պարզ է, որ համապատասխան ցանկության դեպքում, եռանախագահները (այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե Բրայզա-Ֆասիե-Մերզլյակով եռյակին, այլ այն երկրներին, որոնց այս դիվանագետները ներկայացնում են) կարող էին կասեցնել սպառնալից հռետորականությունը: Կարճ ասած, մի քիչ դիվանագիտական ջանքեր, և ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ջանքերով լուծելու վերաբերյալ մեծ-մեծ բրդելու Բաքվի ախորժակը տևական ժամանակով կփակվեր: Սա, թերևս, հասկանալի է նույնիսկ քաղաքականության հետ մոտավոր առնչություն չունեցողներին:

Եվ, վերջապես: Մի պահ ենթադրենք, որ համանախագահող երկրները, մասնավորապես, Միացյալ Նահանգները ոչ միայն չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը` որպես ինքնուրույն միավոր, այլև կարծել են, թե ԼՂ-ը հայտնվել է «ագրեսիվ հայ անջատականների վերահսկողության տակ» (մեջբերում ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքներին վերաբերող տարեկան զեկույցից):

Անկեղծ ասած, սա այն դեպքերից է, երբ, ասենք, Մեթյու Բրայզան պիտի հետևեր Նապոլեոն Բոնապարտի այն խրատին, թե «ավելի լավ է լռել և թողնել հիմարի տպավորություն, քան խոսել, և այդ տպավորությունը հաստատել»: Բրայզան խոսեց և կողմնակիորեն հաստատեց այն կարծիքը, թե Ղարաբաղն այս պահին բերնեբերան լիքն է «անջատականներով»: Իսկ սա նշանակում է, որ կա՜մ Վաշինգտոնը «կայֆ» է ստանում` Մինսկի խմբում նշանակելով բացարձակ տխմարների, կա՜մ էլ աջ ձեռքն իրոք չգիտի, թե տիրոջ գլխին ի՞նչ օյին է պատրաստվում խաղալ ձախ ձեռքը:

Իրականում, պետդեպարտամենտի զեկույցում, որտեղ Լեռնային Ղարաբաղը պիտակավորված է որպես «անջատականների վերահսկողության տարածք», ոչ այլ ինչ է, քան ամերիկյան քաղաքակականության պատեհապաշտության փայլուն օրինակ: Համենայնդեպս, ստացվում է, որ ամերիկացիներն անում են այն, ինչի համար պատրաստ են ուրիշների կոկորդը կրծել: Խոսքը, ի մասնավորի, վերաբերում է անջատականության ֆինանսավորմանը, որով, պետդեպարտամենտի և վերջինի փայլուն ներկայացուցիչ Բրայզայի կարծիքով, վերջին 17 տարվա ընթացքում զբաղվում է Վաշինգտոնը: Եթե դա այդպես չէ, ապա վատ չէր լինի լսել իրենց` ամերիկացիների բացատրություններն առ այն, թե ինչո՞ւ է կոնգրեսն ամեն տարի կլորիկ գումար հատկացնում Լեռնային Ղարաբաղին ճիշտ նույն հիմունքներով, ինչպես, ասենք, Հայաստանին կամ Ադրբեջանին: Բացատրել դա ամերիկյան մարդասիրությամբ հնարավոր չէ, քանզի բնության մեջ նման հասկացություն չկա և չի էլ եղել:

Մնում է մեկ տարբերակ. դա նրանց պետք է: Եվ ինչպես ժամանակին դեմոկրատներն էին Ադրբեջանին պատժում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիա իրականացնելու անթույլատրելիության բանաձևերով, այնպես էլ հետո արդեն հանրապետական վարչակազմն էր փորձում մահակ ճոճել արդեն հայկական կողմի վրա: Իսկ հիմա ամեն ինչ աստիճանաբար կվերադառնա ի շրջանս յուր: Դեմոկրատները «գրավել» են ոչ միայն գործադիր իշխանությունն, այլև օրենսդիր զույգ պալատները: Իսկ դա քաղաքական ուղեգծի ամբողջական փոփոխության լուրջ գրավական է:

ՌՈՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատամտություն

2009-03-05

No comments:

Post a Comment