Եթե անցած տարվա նոյեմբերին կայացած ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում էին, թե ԼՂ հարցի կարգավորման մասին միեւնույն է, իր կարծիքը պետք է ասի նաեւ «ԼՂ բնակչությունը», ապա այսօր արդեն համանախագահների բառապաշարում «ԼՂ բնակչություն» արտահայտությունը վերափոխվել է «ԼՂ-ում ապրած համայնքներ»-ի:
Մասնավորապես, համանախագահների` նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել էր. «Մենք վաղուց ենք ասել, որ ուշ թե շուտ, բոլոր համայնքները, որոնք ապրել են ԼՂ-ում, կընդգրկվեն բանակցային գործընթացում»: Այս հայտարարությանը, սակայն, Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունները որեւէ կերպ չարձագանքեցին: Դա դեռ քիչ էր, ՀՀ իշխանությունները, իրենց գրպանային հեռուստաընկերությունների շնորհիվ, համանախագահների հնչեցրած` «Ղարաբաղի համայնքները պետք է մասնակցեն» արտահայտությունը դարձրին պարզապես «Արցախը պետք է մասնակցի», որպեսզի հեռուստադիտողը որեւէ բան համանախագահների այդ հայտարարության մասին գլխի չընկնի: Երեկ մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ ԱԳ նախարարություն: ԱԳՆ տեղեկատվության եւ լրատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ «բանակցություններին արցախյան կողմի մասնակցության մասին Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է»: Ապա Բալայանը խորհուրդ տվեց ընթերցել ԱԳՆ 2008 թվականի հաշվետվության «համապատասխան մասը»: Բալայանի նշած համապատասխան հատվածում, սակայն, գրված է, որ «ՀՀ իշխանությունները մշտապես ընդգծել են գործընթացին արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը»: Իհարկե, մեծ ցանկության դեպքում կարելի է ասել, թե այս նախադասությունը հստակ դիրքորոշում է պարունակում, սակայն ընդհանուր առմամբ, ցանկացած պահի կարելի կլինի արձանագրել, որ այս նախադասությունն, ըստ էության, ոչնչով չի հակասում համանախագահների չարաբաստիկ հայտարարությանը: Խնդրի առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կարծիք հայտնեցին. «Բազմիցս կրկնվող հավատարմությունը կարգավորման «Մադրիդյան սկզբունքներին» պետք է որ թույլ տար, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն հստակ կերպով տեղը դներ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Այդ փաստաթղթում որեւէ խոսք չկա ԼՂՀ ադրբեջանական համայնքի մասին, եւ անհասկանալի է, թե ինչն էր դրդել Ֆասիեին մատնանշել այն: Հաշվի առնելով ԱԳՆ քար լռությունը` կարելի է եզրակացնել, որ թերեւս այդ հարցն էր այն «նոր ուղղությունը», որի մասին ակնարկեց Մերզլյակովը` Բաքվից Հայաստան ուղեւորվելիս»: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, ՀՀ ԱԳՆ-ն չի կարող անպատասխան թողնել նման մեկնաբանությունները, քանի որ դրանք միայն անհանգստություն, անվստահություն են առաջացնում հասարակության շրջանում: Իսկ ահա ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ասում է, թե եթե համանախագահները իրականում որպես ղարաբաղյան կողմ ընկալում են ոչ թե ԼՂ-ի ղեկավարությունը, այլ երկու համայնքների ներկայացուցիչներին, ապա դա կարող է նշանակել երկու բան. «Կամ միջնորդները բավականաչափ տեղեկացված չեն ԵԱՀԿ-ի` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հիմնարար փաստաթղթերի մասին, կամ էլ, ունենալով այլ նպատակներ, միտումնավոր աղավաղում են բանակցությունների լիարժեք ձեւաչափը»,- ասում է Մայիլյանն ու հավելում. «Իսկ ինչ վերաբերում է Արցախի` ազգությամբ ադրբեջանցի նախկին բնակիչներին, ապա իրավական տեսանկյունից, նրանք բոլորը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ եւ նրանց շահերը բանակցությունների ժամանակ ներկայացնում է ադրբեջանական կառավարությունը»: Մայիլյանի խոսքով, քանի որ ԼՂՀ քաղաքացիները չեն մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող ընտրություններին, ապա ԼՂ բնակչության շահերը բանակցությունների սեղանի մոտ պետք է ներկայացնեն ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչները, իսկ ՀՀ-ն պետք է մնա որպես ԼՂՀ անվտանգության եւ անկախության երաշխավոր:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Հայկական Ժամանակ
No comments:
Post a Comment