Wednesday, March 11, 2009

ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ի ԱՆԱՉԱՌ ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ շատ խիստ գնահատականներ են հնչել Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված, հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը համարում է ոչ թե օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու, այլ «այս կամ այն երկրի վրա ճնշումների գործադրման մեթոդ»: Նրա խոսքով, որևէ պետություն թեբարոյական, թեիրավական տեսակետից իրավունք չունի գնահատական տալ այլ պետության ներսում տեղի ունեցող գործընթացներին, մանավանդ ԱՄՆ-ն, որը «ընդամենը վերջերս է փորձում մաքրազերծվել մարդու իավունքների կոպտագույն խախտումներից և ոտնձգությունններից, մասնավորապես Գուանտանամոյի բանտի հետ կապված»:

Այնուհետև անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի Հայաստանին վերաբերող զեկույցի տոնայնությանը, տրամաբանությանն ու բառապաշարին, հանրապետական պատգամավորը նշեց, որ համաձայն է Ռուսաստանի ԱԳՆ-ի այն տեսակետին, ըստ որի, այդ զեկույցը Բուշի վարչակազմի գործունեության արդյունք է: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ պետդեպարտամենտի հաջորդ զեկույցներում «գուցե տոնայնությունների փոփոխություն լինի»:
Ինչ վերաբերում է այդ զեկույցում ԼՂ խնդրին վերաբերող հատվածին, որտեղ նշված է, որ «Էթնիկ հայ ծայրահեղականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Ադրբեջանի մարզ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից ադրբեջանական յոթ շրջանները», Ա. Աշոտյանն ասաց. «Ակնհայտորեն ԼՂ խնդրի հետ կապված նման ձևակերպումների հանդիպումը զեկույցում տարակուսելի է մի երկրի համար, , որը ԼՂ հարցով համանախագահ միջնորդ երկիր է և փորձում է այդ հարցում նպաստել գտնելու բոլոր կողմերի համար արդյունավետ ու ընդունելի լուծումներ: Եթե այդ երկրի ներկայացուցիչը պնդում է, որ դա ԱՄՆ-ի պաշտոնական կոշտ տեսակետն է և ԼՂ հարցում նրա կարծիքն ակնհայտ է, ապա զարմանալի է, թե ինչպես է ԱՄՆ ներկայացուցիչը զբաղված մաքոքային քաղաքականությամբ և փորձում խաղաղության վերականգնմանն ուղղված դիվանգիտական ջանքեր գործադրել»:
«Ես չեմ բարձրացնում ԱՄՆ-ի անաչառ միջնորդի խնդիրը, բայց այդուհանդերձ այդ խնդիրն ակամայից ծագում է, որովհետև եթե միջնորդում ես մի գործընթացում, ենթադրվում է, որ սեփական տեսակետներդ առնվազն համապատասխանում են միջնորդական առաքելությանը»,- իր խոսքն ամփոփեց նա, չնշելով, թե ըստ իրեն, ինչով է պայմանավորված, թե ինչու է ԱՄՆ-ը նման կոշտ դիրքորոշում որդեգրել Հայաստանի նկատմամբ:

Աղբյուր` Panorama.am

2009-03-10

No comments:

Post a Comment