Զանգվածային լրատվամիջոցների դերի մասին, արտաքին ու ներքին քաղաքականության լուսաբանման վերաբերյալ այսօր ասուլիսում իրենց տեսակետները ներկայացրեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները:
«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը համարում է, որ մամուլը միշտ էլ պիտի արձագանքի, և հատկապես Ղարաբաղյան խնդրի ու նման կարևոր հարցերին: Նրա խոսքով, «շատ չեն» այն մարդիկ, ովքեր տիրապետում են ղարաբաղյան հարցի ամբողջ թղթածրարին: «Այնպես որ, այդ պարագայում դուռը բաց է թողնվում ամեն տեսակի ենթադրությունների, ամեն տեսակի մեկնաբանությունների համար՝ հիմնավոր, թե կիսահիմք»,-ասաց Հ. Ավետիքյանը: Նա հաշվել է, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո թեմայի շուրջ 46 ասուլիս է հրավիրվել և դրանց մեծ մասին մասնակցել են այն մարդիկ, որոնց շատ հեշտությամբ լրատվամիջոցները քաղաքագետի տիտղոս ու պատմուճան են «հագցրել»:
Հ. Ավետիքյանը չի ընդունում ոչ մեկի քննադատությունն այն մասին, թե լրատվամիջոցների լուսաբանումը խուճապի է մատնում հասարակությանը: «Վերջերս միայն Մադրիդյան սկզբունքները հայտնի դարձան լրագրողներին: Հասկանալի է, որ միջազգային միջնորդների մասնակցությամբ քննարկող հարցերը, ըստ կողմերի պայմանավորվածության, գաղտնի են պահվում, սակայն երկու ժողովուրդների կենսական ճակատագրին վերաբերող հարցի շուրջ քննարկումը թաքցնելն անհասկանալի է, քանի որ ժողովուրդները պետք է իրենց կարծիքը հայտնեն ու դա պետք է արվի մամուլի միջոցով»,-ասաց «Ազգ» օրաթերթի խմբագիրը:
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը համաձայնեց գործընկերոջ տեսակետին: Նա նաև ավելացրեց, որ նման հարցերը լուսաբանման հարցում մամուլին մեղադրելը սխալ է: «Մամուլում պարզապես արտահայտվում են թե ընդդիմության, թե իշխանության տեսակետները, դա ուրիշ խնդիր է, որ մեկը կարող է խուճապ առաջացնել, մյուսը՝ համեմատաբար հանգստացնել: Դա չարտացոլել մենք չենք կարող»,-ասաց Ա. Աբրահամյանը:
Ըստ նրա, 1992 թվականից Ադրբեջանի ու Հայաստանի տեսակետները լուսաբանման հարցում տարբեր են: Բանակցություններից հետո հայ պաշտոնյաները լրագրողներին «մեկնաբանություն չեն տալիս», նշում է խմբագիրն ու ասում, որ ադրբեջանական կողմը «աջ ու ձախ մեկնաբանություններ է անում՝ իրենց տեսանկյունից գնահատելով քննարկումները»: Հայկական կողմի մեկնաբանությունից զրկված լրագրողներն էլ «ստիպված», Ա. Աբրահամյանի խոսքով, անդրադառնում են ադրբեջանական մամուլում տեղ գտածին: «Սակայն հարկավոր է ադրբեջանցիների պաշտոնյաների խոսքը մեջբերելով վերապահումներ կատարել, որովհետև այն ինչ ասում են տարածքային ամբողջականության կամ այլ հարցերի մասին, դա նրանց տեսակետն ու մոտեցումն է: Այդ տեսակետները մեջբերելով, մենք գուցե մեր հասարակությանը ինչ-որ չափով ապակողմնորոշում ենք, քանի որ մեր ունեցած տեղեկությունները այնքան էլ մանրամասն չեն»,-նշեց խմբագիրը: Նրա խոսքով, դրա համար իշխանությունը պետք է ունենա «նախընտրելի լիատվամիջոցներ», այս պարագայում նա առանձնացրեց լրատվական գործակալություններին, որպիսի դրանք ապահովեն պաշտոնական տեղեկատվության արտահոսքը:
Աղբյուր` Panorama.am
24/12/2008
No comments:
Post a Comment