Wednesday, December 24, 2008

«Լուրջ առաջարկների» վերաբերյալ ԼՂ-ի անլուրջ լռությունը

Էմմա Գաբրիելյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցյալ շաբաթվա վերջին Ստեփանակերտում էր, որտեղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Է.Նալբանդյանը ԼՂ-ի պաշտոնյաներին ներկայացրել է Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները, բարձր է գնահատվել Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Է.Նալբանդյանը այցելել է ԼՂ-ի պետական համալսարան, ելույթ է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ` ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացը եւ հեռանկարները:

Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին եւ, մասնավորապես` անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցին, շեշտել է, որ առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որեւէ պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել: «Երբ խոսքը գնա որեւէ փաստաթղթի մշակման մասին` չի կարող որեւէ փաստաթուղթ մշակվել եւ որեւէ պայմանավորվածության այդ իմաստով չենք կարող գալ առանց բանակցություններին Ղարաբաղի ուղղակի մասնակցության»: Է.Նալբանդյանը` Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների մասին, կարեւորել է հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ բացառել է որեւէ այլ տարբերակ:

Իսկ ի պատասխան տարածքների հնարավոր վերադարձի վերաբերյալ ուսանողներից մեկի հնչեցրած մտահոգությանը` Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, թե պետք չէ ժամանակից առաջ ընկնելով ենթադրություններ անել. «Այդ հայտարարությունները, որ արվել են, այդ փաստաթղթերը, որ ընդունվել են, այս փաստաթղթերի մեջ խոսքը գնում է խաղաղ լուծման մասին` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, խոսքը գնում է լուրջ առաջարկների մասին, որ բոլորն են այդ կարծիքին, որ այդպես պետք է լուծվի»: Նա հիշեցրել է, որ խոսքը փոխզիջումների մասին է, եւ ընդգծել է, որ հայկական կողմը ունի իր սկզբունքային ու գլխավոր հարցերը. «Դա Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման հարցն է, եւ նաեւ Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը` ամենալայն եւ խորը իմաստով, որը ենթադրում է անխափան ցամաքային կապ Հայաստանի հետ, որը ենթադրում է միջազգային երաշխիքներ, որը ենթադրում է, որ Հայաստանը նաեւ պետք է լինի այդ երաշխավորներից մեկը եւ այլն»:

Խոսելով փոխզիջումների մասին` Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ չի կարող լինել միայն մի կողմի զիջումների հիման վրա կազմված որեւէ փաստաթուղթ. «Որովհետեւ հաջողություն կլինի այն ժամանակ, երբ հաջողություն լինի բոլոր կողմերի համար, եւ բոլոր կողմերը գան կոմպրոմիսների եւ հարցի լուծման»:

Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանում Է.Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել նաեւ ԼՂ-ի լրագրողների հետ:

Է.Նալբանդյանը լրագրողներին վստահեցրել է, որ ԼՂ նախագահի հետ հանդիպումը եղել է բավական հետաքրքիր եւ օգտակար. «Մենք մտադիր ենք շարունակել մեր հանդիպումները ինտենսիվորեն, եւ ես օգտվելու եմ ցանկացած հնարավորությունից` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս անգամ ես օգտվեցի հնարավորությունից այցելելու Ղարաբաղ, որպեսզի պատմեմ Հելսինկիի բանակցությունների եւ հանդիպումների մասին», - նշել է ՀՀ արտգործնախարարը:

Եվ այսպես, հայաստանյան իշխանությունները` Լեռնային Ղարաբաղին հետեւողականորեն բանակցային գործընթացից դուրս մղելու քաղաքականությունը որոշել են կոմպենսացնել` դեպի Ստեփանակերտ ինտենսիվ այցելություններ իրականացնելով եւ ընթացող բանակցությունների էության մասին ԼՂ իշխանություններին տեղյակ պահելով: Ասել է թե` ԼՂ իշխանությունը, վստահաբար` ոչ ժողովուրդը, չի առարկում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների անցկացման շարունակմանը, այլեւ` հռչակագրերում ու փաստաթղթերում ԼՂ-ի` որպես բանակցությունների կողմի բացակայությանը: Թե ՀՀ ԱԳ նախարարը ինչ ինտենսիվությամբ է կարեւորելու Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին ու խոստանալու, որ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության բանակցություններին` չի կարող կարգավորում լինել, համաձայնեք` էական չէ: Կարեւորն այն է, որ ընդունված հռչակագրերի վերաբերյալ կամ, ըստ Սերժ Սարգսյանի, բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղից կոնկրետ գնահատականներ, արձագանքներ, պահանջներ չեն հնչել մինչ օրս:


Ժամանակ Երեւան
23.12.2008

No comments:

Post a Comment