Wednesday, December 24, 2008

«Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ» ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ

Փաստելով, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը միտում ունի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության բերելու բանակցող կողմերին,
որ այդ սկզբունքների մշակմանն անմիջական մասնակցություն չի ունեցել ԼՂՀ ղեկավարությունը,

որ առաջարկվող փոխզիջումները անորոշ ժամանակով ու վերջնական արդյունքով հետաձգում են հիմնահարցի գլխավոր խնդիրը հանդիսացող օրինական ճանապարհով ձեռք բերված ԼՂՀ-ի կարգավիճակի ճանաչման հարցը,

Ի պաշտպանություն ԼՂՀկազմկոմիտեի անդամ կազմակերպությունները հայտարարում են`

ՀՀ իշխանությունները պարտավոր են բանակցությունների շարունակման պարտադիր և առաջնային պայման համարել միջազգային իրավունքի տեսակետից անթերի կայացած ԼՂՀ անկախության անվերապահ ճանաչումն Ադրբեջանի կողմից:

Այդ գործընթացի մեթոդաբանությունը կարող է լինել բանակցությունների առարկա, որպես ամբողջական փաթեթի առանցքային մաս: Այս հարցում համաձայնության գալու դեպքում, բանակցությունները կշարունակվեն մյուս հիմնարար սկզբունքների` տարածքների, փախստականների, տեղահանվածների, կոմունիկացիաների, անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման և այլնի վերաբերյալ:

Հակառակ պարագայում, ձևավորված հավասարակշռությունը խախտելու դեպքում, կողմերի գործողությունները, հաշվի առնելով նաև այլ տերությունների շահերի հնարավոր բախումը, անուղղակիորեն կարող են սադրել նոր, անհամեմատ ավելի կործանարար պատերազմի վերսկսում:

Դիմելով ՀՀ իշխանություններին, մենք գտնում ենք, որ հակամարտության հետևանքները հաղթահարելու և հարևան ժողովրդի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նրանց ցանկությունը չպետք է գերակայի Արցախի հիմնահարցի, թող որ հետաձգվող, բայց միմիայն արդար, միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացի նկատմամբ:

Ի պաշտպանություն ԼՂՀ 
կազմկոմիտեի նախագահ Արամ Գ. Սարգսյան

Լրագիր

24.12.2008

No comments:

Post a Comment