Wednesday, December 24, 2008

ՆԱՄԱԿ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. ԼՈՒՍԱԲԱՆԵՔ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՆ

Մի շարք հասարակական կազմակերպություններ եւ անհատներ նամակ են հղել Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներին: Դրանում ասվում է հետեւյալը.

«Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Արցախի երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին՝ կոչ անելով ՀՀ հեռուստակայանների կողմից հեռարձակվող եղանակի տեսության քարտեզներից հանել վաղուց արդեն պատմության գիրկն անցած ԼՂԻՄ պատկերն ու փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով։

Արցախյան պատերազմում հրադադարի ստորագրումից 14 տարի անց ստեղծվել է անհեթեթ մի իրավիճակ. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն փաստը, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններ ընդգրկված են ներկա ԼՂՀ կազմի մեջ, այնտեղ մշտական բնակություն են հաստատել հազարավոր մեր հայրենակիցներ, մյուս կողմից այդ իրականությունը չի արտացոլվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցներում. հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում, թե պարզապես գովազդներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ընդհանրապես չի պատկերվում քարտեզի վրա կամ էլ, լավագույն դեպքում, ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով։ Ավելին՝ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։

Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունն ու ԶԼՄ-ներն ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլև բացեիբաց հավակնում են նույնիսկ ՀՀ տարածքին։ Օրինակ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին ադրբեջանական day.az լրատվական կայքը՝ գրելով տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսթաֆայևը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»։ Այս եզրին հանդիպում ենք նաև Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադրամի կայքում։

Զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից ու համառորեն անտեսում են ազատագրված տարածքում ապրող մեր հայրենակիցների շահերը՝ ակամա սատարելով ադրբեջանական քարոզչական մեքենային՝ հայության դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմում։ Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց։ Ավելին՝ ազատագրված տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանների բնակչության կյանքն ու առօրյան գրեթե չեն լուսաբանվում ՀՀ ԶԼՄ-ների կողմից։

Հանրապետության տեղեկատվական դաշտում ստեղծված իրավիճակը համարելով անընդունելի և գիտակցելով այն բացառիկ դերը, որ կատարում են զանգվածային լրատվության միջոցները այդ դաշտի ձևավորման գործում, կոչ ենք անում.

չխուսափել ԼՂՀ ներկա իրական ու ԼՂՀ սահմանադրությունով ամրագրված սահմանները պատկերելուց.
ավելի հաճախ ու առավել մանրամասն լուսաբանել ազատագրված տարածքի բնակչության կյանքը, անդրադառնալ մեր հայրենակիցների խնդիրներին.
կրթել ու տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակության մասին։

Հաշվի առնելով խնդրի լրջությունը նաև խնդրում ենք բոլոր ԶԼՄ-ներին՝ անկախ կուսակցական ու քաղաքական շահերից, զերծ մնալ այս հարցի ներքաղաքական շահարկումից ի օգուտ համազգային շահի»։

Ստորագրել են.

Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միություն
• «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
• «ՄԻՏՔ» Վերլուծական Կենտրոն
• «ՀայԵր-Քաշաթաղ» Հ/Կ
• «ՀԵՆՔ» երիտասարդական նախաձեռնություն
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական խորհուրդ
• «Վարդանանք» ռազմադաստիրակչական ակումբ
Առաջադեմ երիտասարդներ ուսանողական-երիտասարդական ակումբ
• «Նացիոնալ» լրատվական գործակալություն
• «Երիտասարդ լրագրողների ակումբ»
• «Ազգասեր» ակումբ
• «Անկախության սերունդ» Հ/Կ
• «Արահետ» Հ/Կ
• «Հաղթանակի սերունդ» Հ/Կ
• «Հայրենապաշտ» Հ/Կ
• «Ֆիլադելֆիա» Հ/Կ
ՌԴ ժողովուրդների բարեկամության համալսարանի հայ ուսանողների «Հայաստան» ասոցիացիա
Ուսանող-2020 Հ/Կ
• OpenArmenia ֆորում

ԱՆՀԱՏՆԵՐ.
Մանուկյան Սուրեն, արևելագետ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն
Կարապետյան Սամվել, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն, Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար
Այվազյան Արմեն, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
Վարդանյան Թամարա, ԵՊՀ, պատմական գիտությունների թեկնածու
Մարտիրոսյան Սամվել, լրագրող
Վրթանեսյան Կարեն, ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն
Քոչարյան Տիգրան, Երևանի գիտակների ակումբԻ՞նչ։ Ե՞րբ։ Որտե՞ղ։»), փոխնախագահ
Չամանյան Սերգեյ, փորձագետ (Հ/Կ սեկտոր), 
եւս 62 մարդ:

Լրագիր

24/12/2008

No comments:

Post a Comment