Wednesday, December 24, 2008

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Արցախյան պատերազմը եւ հայ զենքի հաղթանակը այդ պատերազմում, մեր ժողովրդի պատմության թերեւս ամենապայծառ էջերից են, որը մինչ օրս չեն գնահատվել արժանվույնս եւ չեն հասկացվել այդ հաղթանակի իրական արժեքն ու առավել եւս դրա հետեւանքը հայ ժողովրդի պատմության ու նրա հետագա ճակատագրի վրա: Այդ չհասկացվածության իրական պատճառն ընկած է մի քանի հարթությունների մեջ, նախ` մինչ օրս ոչ միայն հասարակության լայն զանգվածների, այլեւ այսպես կոչված մտավոր զանգվածի համար պարզ չէ, թե ինչ բան է ղարաբաղյան հարցը, երկրորդ` շատերի համար հասկանալի չէ, թե ինչպես օգտվել այդ հաղթանակի պտուղներից եւ ինչ նշանակություն այն կարող է ունենալ հայ ժողովրդի անվտանգության ու զարգացման համար:

Ինչ բան է ղարաբաղյան հարցը

Սա մի հարց է, որի պատասխանը թվում է, թե մինչ օրս չի հստակեցվել: Արդյոք ղարաբաղյան հարցը Ղարաբաղում ապրող հայությա՞ն հարցն է, թե՞ ողջ հայության: Թերեւս այս հարցի պատասխանն առանցքային նշանակություն ունի խնդիրը հասկանալու, հետեւաբար նաեւ այդ հարցի լուծմամբ զբաղվելու համար: Հայ հասարակության շատ շրջանակներում կարծիք է ստեղծվել, թե ղարաբաղյան հարցը ղարաբաղցիների խնդիրն է: Վտանգավոր ու հակահայկական այս թեզի հեղինակները, ցավոք, մինչ օրս գտնվում են թե՛ իշխանական շրջանակներում եւ թե՛ ընդդիմության ճամբարում: Հարցի նման ընկալման վտանգավորությունն այն է, որ ստեղծվում է կեղծ կարծիք, թե ղարաբաղցիների խնդիրը լուծելու դեպքում Հայաստանը ազատվում է մեծ գլխացավից: Հենց այս կեղծ թեզով է պայմանավորված հարցի «լուծման» որոնումը, որին լծված է իրենց ազգիս քաղաքական էլիտա համարող կիսագրագետ գործիչների մի ամբողջ զանգված: Իրականության մեջ հանձին ղարաբաղյան հարցի մենք գործ ունենք Հայկական հարցի լուծման խնդրի հետ: Ինչի համար անհրաժեշտ է ոչ միայն հայկական պետականության ստեղծումը, որ հայ կոչվող էթնիկ տարի անվտանգության գոյության գլխավոր երաշխիքն է, այլեւ այդ պետության պահպանման համար տարածքային նվազագույնը, որի առկայության պայմաններում հայ էթնոսը կարող է գոյատեւել ու նույնիսկ զարգանալ: Այսինքն, այլ կերպ ասած, մենք պետք ունենք լուծելու հայ կոչվող էթնիկ խմբի անվտանգության եւ զարգացման համար նվազագույն տարածքային պայմանների ստեղծումը: Կենսական այս պայմանը անհրաժեշտ է աշխարհի ամեն մի էթնիկ խմբի համար, սակայն առավել կարեւոր է թուրք-ադրբեջանական ցեղախմբերով շրջապատված կղզյակում բնակվող ազգի համար, հետեւաբար պետք է հստակորեն հասկանալ, որ ղարաբաղյան հարցը հայկական հարցի մի բաղկացուցիչն է, որը ռազմավարական նշանակություն ունի այս տարածաշրջանում ապրող հայ էթնոսի համար: Հետեւաբար այս հարցի «լուծումը» կարող է կատարվել միայն այն տարածքների սահմաններում, որոնք ներկայումս վերահսկում է հայկական զինվորը, իսկ դա 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք է` այն նվազագույնը, որից զիջումը վտանգում է հայ էթնիկ խմբի հետագա գոյությունը: Այսինքն` ղարաբաղյան հարցը հայկական հարցի մի բաղկացուցիչն է, որն ապահովում է հայ ժողովրդի գոյության ու անվտանգության համար անհրաժեշտ տարածքային նվազագույնը:

Ինչու չի կարելի գնալ զիջումների

Արցախի հարցի ղարաբաղցիացումը, այսինքն` այն կեղծ կարծիքի ստեղծումը, թե ղարաբաղցիների խնդիրն է եւ թող նրանք լուծեն ինչպես ցանկանում են, կամ ընդհակառակը` թող հնարավորինս շուտ գնան զիջումների, որ ազատվենք այս պրոբլեմներից, վտանգավորության հասնող մոլորություն է, քանի որ շեղում է իրական պրոբլեմից եւ շատ քաղաքական գործիչների թեթեւ ձեռքով փորձ է արվում պատրանք ստեղծելու, թե այս պրոբլեմից ազատվելու դեպքում մեզ համար կբացվեն բոլոր ճանապարհները, Հայաստանով կհոսեն բոլոր նավթամուղները, կանցնեն խողովակաշարերը, եւ մենք կապրենք երջանիկ ու նույնիսկ բանակ ունենալու կարիք չի լինի: Մտավոր տհասության եւ անձնական վախկոտության տիրույթում գտնվող նման կարծիքի հետեւորդներն այդպես էլ չեն հասկանում, որ իրականության մեջ մեր պրոբլեմը թուրքական գործոնն է: Հայկական հարցի ծագումը եւ հետագա խորացումը հիմնականում կապված են մեր տարածաշրջանում թուրք էթնիկ խմբի հայտնվելու եւ մեր անկարողության հետ` գիտակցված ու կենտրոնացված պայքար մղելու այդ վտանգի դեմ: Տարիներ շարունակվող հայերի բռնի մահմեդականացումը եւ թուրքացումը, կոտորածները եւ վերջապես Ցեղասպանությունը հանգեցրին պատմական հայրենիքի 90%-ի կորստին եւ հայությունը հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին: Այսինքն` ապրելով թուրքերի կողքին պետք է հստակորեն հասկանանք, որ խնդիրը ղարաբաղյան կամ այլ հարցերի մեջ չէ, խնդիրը մեր հարեւան թուրքերի ու նրանց կայսերապաշտական նկրտությունների մեջ է, որոնց առաջին զոհը հայ ժողովուրդն էր, իսկ վաղը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետությունը: Ազատագրված տարածքներն այն գրավականն են, որն ապահովում է ոչ միայն արցախահայության, այլեւ Հայաստանի Հանրապետության ու նրա հարավային, ամենախոցելի մարզի` Սյունիքի անվտանգությունը: Քանի դեռ հայկական զորքերը կանգնած են Հորադիզում, կարող ենք ապահով լինել, որ Հայաստանի հարավը եւ հետեւաբար մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանը Իրանի հետ անվտանգ են, սակայն եթե զիջում ենք այդ տարածքները եւ ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի հասնում են մինչեւ Մեղրի, ապա չկա աշխարհում եւ ոչ մի երաշխիք, որ ադրբեջանական բանակը կկանգնի այդ սահմանին եւ չի շարժվի մինչեւ Նախիջեւան: Այսինքն` ազատագրված տարածքները ոչ միայն արցախահայության, այլեւ Հայաստանի Հանրապետության բնակչության համար ռազմավարական նշանակության տարածքներ են, ինչը երկարատեւ ժամանակահատվածի համար ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը:

Թափած արյունը որպես քաղաքական կատեգորիա

Վերջին տարիներին մեր այսպես կոչված, որոշ վայ մտավորականներ իշխանության մեջ եւ հատկապե՛ս ընդդիմությանը հարող շրջանակներից, շրջանառության մեջ դրեցին այն թեզը, թե թափած արյունը քաղաքական կատեգորիա չէ, հետեւաբար չի կարող հիմք դառնալ տարածքների պահպանման համար: Այն պետությունները, որոնք այսօր իրենց զարգացման մեջ հասել են մեծ բարձունքների եւ նույնիսկ տերության կարգավիճակ ունեն, այս ամենի համար պարտական են այն զինվորների թափած արյանը, որը նրանք, ի տարբերություն մեր վայ գործիչների, համարում են քաղաքական կատեգորիա: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ռուսաստանում կարելի է տեսնել հարյուրավոր հուշահամալիրներ նվիրված Վիետնամում, Ալժիրում, Աֆղանստանում կամ ուրիշ պատերազմներում զոհված զինվորների հիշատակին: Այդ պատերազմի մասնակիցները եւ նրանց հարազատները օգտվում են պետության արտոնություններից, եւ այս ամենը արվում է, որովհետեւ հզոր պետությունները հասկանում են մի հասարակ ճշմարտություն` երկրների անկախությունը եւ հզորությունը կախված են ոչ միայն իրենց տնտեսական կամ քաղաքական վիճակից, այլեւ այդ երկրի քաղաքացիների պատրաստակամությունից` անվարան կերպով մարտնչելու սեփական երկրի համար, եթե դա պահանջի հայրենիքի անվտանգությունը: Հետեւաբար երկիրը, որը համարում է, թե թափած արյունը քաղաքական կատեգորիա չէ, եւ ինքը հանգիստ կարող է զիջել այն տարածքները, որ նվաճվել է զինվորների թափած արյան գնով, դատապարտված է կործանման: Կա հին ճշմարտություն` պատերազմը հնարավոր է հետաձգել, սակայն դրանից հնարավոր չէ խուսափել, ու տարածքներ զիջող երկիրը կկանգնի այն փաստի առաջ, որ իր երկրի քաղաքացիները չեն ցանկանա մարտնչել մի պետության համար, որը տարածքներ է զիջում ու չի հարգում իր իսկ զինվորների արյունը, որի գնով հաղթանակ է նվաճել ու տարածքներ ազատագրել: Հետեւաբար միայն թափած արյունն է քաղաքական կատեգորիա եւ միայն այդ արյան նկատմամբ հարգանքն ու հիշատակն են այն ճանապարհը, որով նոր սերունդ է դաստիարակվում, որն անհրաժեշտության դեպքում իր նախնիների նման պատրաստ է մարտնչելու սեփական հայրենիքի համար: Իսկ այն երկիրը, որի քաղաքացին պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը, ունի բոլոր երաշխիքները, որ թշնամիները դեռ կմտածեն` արժե՞ արդյոք պատերազմ սկսել մի ժողովրդի դեմ, որը մի մարդու նման պատրաստ է մարտի դուրս գալ սեփական հայրենիքի պաշտպանության համար:

Մի առիթով Երեւան ժամանած իմ բրիտանացի ընկերն ասաց. «Գիտե՞ս, թե ինչու ենք մենք` անգլիացիներս լավ ապրում, իսկ դուք` հայերդ ոչ», իմ պատասխանին, թե հավանաբար անգլիացիներն ավելի շատ են աշխատում եւ նրանց տնտեսությունը ավելի հզոր է, նա առարկեց, թե իրականում «մենք լավ ենք ապրում, որովհետեւ այն ժամանակ, երբ բրիտանացիներս մարտնչում էինք աշխարհի տարբեր ծայրերում, հայերդ աղոթում էիք»: Վերջինս նման եզրակացության էր եկել Հայաստանում շրջելուց, այստեղ մեծ թվով եկեղեցիներ եւ շատ քիչ ամրոցներ տեսնելուց հետո: Այնպես որ ռազմի դաշտում հաղթանակները կարեւոր գրավական են տնտեսական հզորության եւ պետության բարգավաճման համար, դրանք պետք է պահել եւ փայփայել:

Վերջապես ի՞նչ անել ազատագրված տարածքները

Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապ հաստատելն այն անհրաժեշտությունն էր, որին դիմեց հայ ժողովուրդը պատերազմի թեժ շրջանում: Սակայն արդեն այսօր իսկ պարզ է, որ այն չի կարող բավարար լինել Արցախի հետ կապի պահպանման համար, անհրաժեշտ է ընդլայնել եւ ստեղծել նոր ճանապարհային եւ երկաթուղային կապ, որը կամրապնդի տնտեսական համագործակցությունը: Այսինքն` զարգացումների ներկա պայմաններում ՀՀ-ին անհրաժեշտ է Արցախի հետ, բացի Քաշաթաղով անցնող ճանապարհից, ունենալ եւս երեք կապ` Երեւան-Վայոց ձոր-Քելբաջար ուղղությամբ, հարավից` Մեղրի-Զանգելան-Հադրութ ուղղությամբ եւ վերջապես շատ կարեւոր է Սոթքում ավարտվող երկաթուղային կայարանը կապել Մարտակերտի հետ: Այսպիսով, Արցախը կդառնա ոչ թե փակուղի, այլ կարեւոր խաչմերուկ Հայաստանի հարավի եւ հյուսիսի, ինչպես նաեւ արեւմուտքի եւ արեւելքի միջեւ: Ճանապարհային նման լայն ու գործող ցանցը հնարավորություն կտա այն օգտագործելու նաեւ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում` զինուժի տեղաշարժի ժամանակ: Ճանապարհային լայն ու գործող ցանցը կնպաստի նաեւ տարածաշրջանի բնակեցման խնդիրներին, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում:

Եզրակացություն

Արցախ ասելով իսկապես պետք չէ հասկանալ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, այն ընդգրկում է բոլոր այն շրջանները, որոնք այսօր գտնվում են հայ զինվորի վերահսկողության տակ: Արցախը նաեւ առանձին երկրամաս չէ կամ տարածաշրջան, ընդամենը Հայաստանի մի մասն է, թեեւ իրեն հանրապետություն է հռչակել, սակայն հայ հասարակության համար դա պետք է ընկալվի ժամանակավոր կարգավիճակ, որպես Հայաստանին վերջնական միավորվելու համար միջազգային հանրության քաղաքական խաղի կանոններին համապատասխանեցնելու միջոց: Նկատենք, որ սա մի իրավիճակ է, ինչը հասկանում են բոլորը` թե՛ միջնորդները, թե՛ ադրբեջանական ու նույնիսկ թուրքական կողմը, չեն հասկանում միայն իրենց քաղաքական էլիտա համարող հայաստանյան որոշ շրջանակներ, որոնք ամեն կերպ ցանկանում են այս խնդիրը «լուծել»` հասկանալով Ադրբեջանին հայկական տարածքների հանձնումը այն դեպքում, երբ պարզ է, որ հակառակ կողմը դրա դիմաց էական ոչինչ չունի փոխհատուցելու, հետեւաբար նաեւ փոխզիջման գնալու:

Այսպիսով, Արցախը Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանում բնակվող ողջ հայ էթնոսի անվտանգության հիմնական եւ թերեւս միակ գրավականն է, Արցախը նաեւ պատերազմից խուսափելու կարեւոր պայման է, դա երկրի զարգացման եւ նրա միջազգային ու տարածաշրջանային դերի բարձրացման կարեւոր երաշխիքն է: Եթե, Աստված չանի, երբեւէ ինչ-որ մեկին իսկապես հաջողվի հանձնել այդ տարածքները, ապա դա կհանգեցնի երկարատեւ եւ արյունալի պատերազմի, Հայաստան պետության թուլացմանն ու կործանմանը եւ այս տարածաշրջանից հայ էթնոսի վերջնական դուրսմղմանը:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Ազգ

23/12/2008

No comments:

Post a Comment