Wednesday, December 24, 2008

ԱՅՑ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՄՇԱԿՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՎ»

Հայաստանյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ այսօր այցելել են հայկական հեռուստաընկերություններ և վերջիններին փոխանցել ԼՂՀ քարտեզը, դրա CD տարբերակն ու մի նամակ: Հիշեցնենք, որ խնդիրը նրանում է, որ մոտ երկու տասնյակ ՀԿ-ներ ու 60-ից ավելի անհատներ բողոքում են, որ հեռուստաընկերություններով եղանակի տեսության ցուցադրման ժամանակ ու նաև գովազդներում ԼՂՀ քարտեզի փոխարեն ցուցադրվում է ԼՂԻՄ տարածքը, որտեղից դուրս են մնում ազատագրված տարածքները


Ինչպես Panorama.am-ին ասաց միջոցառման նախաձեռնող խմբի անդամ, «netnews.info» տեղեկատվական կայքի պատասխանատու Վահրամ Միրաքյանը, այսօր առավոտյան 5-10 հոգուց բաղկացած 6 խմբերն այցելել են տարբեր հեռուստաընկերություններ

Այսպիսով, Վ. Միրաքյանի խումբն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունՀ1»), որտեղ պատասխանատուներից ոչ ոք նրանց չի ընդունել: «Մեզ ասացին, որ Արմեն Արզումանյանը տեղում չէ, մեզ դիմավորեց հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը, ում էլ փոխանցեցինք քարտեզի ճիշտ տարբերակը, CD տարբերակն ու նամակը, որտեղ բացատրվում է առաջարկի նպատակն ու շարժառիթը»,-ասաց Վ. Միրաքյանն ու ավելացրեց, որ հեռուստաընկերությունում թողել են իրենց կոորդինատներն ու սպասում են պատասխանին

Նախաձեռնողների մյուս խումբը եղել է «Շանթ» հեռուստաընկերությունում: Ինչպես ասաց նախաձեռնող թիմի անդամ Տիգրան Քոչարյանը, հեռուստաընկերության տնօրենը զբաղվածության պատճառով չի ընդունել նրանց, իսկ փոխտնօրենն էլ տեղում չի եղել: «Պատասխանատուներից մեկի հետ հանդիպում խնդրեցինք, ու մեզ ուղեկցեցին հեռուստաընկերության գլխավոր հաշվապահի մոտ»,-ասաց Տ. Քոչարյանն ու կեսկատակ, կեսլուրջ ավելացրեց. «Փաստորեն հաշվապահը շատ քաղաքականացված մարդ էր ու մեզ հետ իր մտքերով կիսվեց»: Այստեղ նույնպես նախաձեռնող խմբի անդամները թողել են իրենց կոորդինատներն ու քարտեզի թղթային, CD տարբերակն ու նամակը: Հեռուստաընկերության շենքից դուրս գալուց նրանք, պատահաբար, հանդիպել են «Հորիզոն» լրատվականի ղեկավար Նվեր Մնացականյանին, ով ողջունել է նախաձեռնությունը:

Ըստ նախաձեռնող խմբի անդամների, իրենք և իրենց նախաձեռնությանը «լավ վերաբերմունքի չեն արժանացել» «Կենտրոն» հեռուստաընկերությունումԽմբի անդամներից Ռուզան Հարությունյանի խոսքով, իրենք խոսել են «Էպիկենտրոն» լրատվականի գլխավոր խմբագրի՝ Եվա Մեհրաբյանի հետ: Նա, Ռ. Հարությունյանի հավաստմամբ, թերահավատորեն է վերաբերվել նախաձեռնությանն ու կոպտել`  նշելով, որ «իրենք չեն, որ պետք է քարտեզի խնդիրը լուծեն»: 

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներն օրվա ընթացքում շարունակելու են այցելությունները հեռուստաընկերություններ, իսկ պատասխան չստանալու դեպքում, ինչպես Տ. Քոչարյանն ասաց, նպատակ կա նաև դիմել Ազգային ժողով:

Տ. Քոչարյանի հավաստմամբ, քարտեզը պատրաստվել է Երևանի քարտեզագրման ինստիտուտում:

Աղբյուր` Panorama.am

24/12/2008

No comments:

Post a Comment