Wednesday, December 24, 2008

«Ե՞րբ է ՌԴ-ն կառուցողական դիրքորոշում ունեցել ԼՂ խնդրում...»

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 22-ից Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական հարցերով բանակցություններ` բարձր մակարդակով: Թուրքիայի պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Հասան Իգսըզը:

Վերջինս տեղեկացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են երկուստեք հետաքրքրության հարցեր, ընդգծել է, որ ռազմական գծով թուրք-ադրբեջանական համագործակցությունը խորանում է, եւ Թուրքիան կշարունակի օգնություն տրամադրել Ադրբեջանի Զինված ուժերին` Ադրբեջանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասցնելու նպատակով: Թուրքական պատվիրակությանը ընդունել են Ադրբեջանի նախագահը, պաշտպանության նախարարը: Թուրքական պատվիրակության կազմում են նաեւ` Զինված ուժերի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերի ղեկավարները:

Ադրբեջանցի վերլուծաբանների փոխանցմամբ` հնարավոր է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական պայմանագիր ստորագրվի: «Հաշվի առնելով Բաքու ժամանած ներկայացուցչական պատվիրակության կազմը` չի բացառվում, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համաձայնագիր ստորագրվի: Դա օգուտ կբերի թե Ադրբեջանին, թե Թուրքիային», - ասել է թուրք քաղաքագետ Արիֆ Քեսկինը: Վերջինս պարզաբանել է, թե այն բանից հետո, երբ Թուրքիան երկխոսություն սկսեց Հայաստանի հետ, Ադրբեջանում կարծում են, թե «Անկարան թողել է Ադրբեջանին բախտի քմահաճույքին», բայց նման պայմանագրի ստորագրմամբ Թուրքիան հզոր ազդանշան կտա բոլորին, որ մշտապես Ադրբեջանի հետ է եւ երբեք նրան չի լքի: «Հիմարություն կլինի կարծել, թե Անկարան կթողնի Բաքվին իր խնդիրների հետ: Բացի այդ, նման պայմանագրի ստորագրմամբ Թուրքիան ազդանշան կուղղի Ռուսաստանին եւ Իրանին, որպեսզի հասկացնի` մի կատակեք Ադրբեջանի հետ, հակառակ դեպքում` ձեր առջեւ կտեսնեք Թուրքիային: Սա նաեւ նախազգուշացում կլինի Հայաստանին, որպեսզի Հայաստանը հիմարություններ չանի ղարաբաղյան խնդրում: Այնպես որ, նման քայլով Թուրքիան կլուծի միանգամից մի քանի խնդիրներ` նա իր հովանու տակ կառնի Ադրբեջանին եւ իր տարածքով անցնող էներգետիկ խողովակաշարերը, դարձյալ իրեն կհայտարարի տարածաշրջանում հզոր կայսրություն, եւ վերջապես` Անկարան ու Բաքուն կկարողանան ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը Կովկասում` առանց որեւէ մտավախությունների», - պարզաբանել է թուրք քաղաքագետը:

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը նման պայմանագրի ստորագրմանը` Քեսկինը նախ նկատել է, թե երբ Մոսկվան Թուրքիայի հարեւանների հետ ստորագրում էր նման պայմանագրեր, Անկարայի շահերը հաշվի չէր առնում, ապա հավելել է. «Թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, եւ ոչ մի տարօրինակ բան չկա, որ երկու եղբայրական ազգերի միջեւ ռազմական պայմանագիր գոյություն ունենա»: Ի դեպ, թուրք քաղաքագետը չի բացառել, որ նման պայմանագրի ստորագրումից հետո Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում ավելի կկոշտանա. «Թեեւ, ե՞րբ է Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում ունեցել այս խնդրում... Այդ պատճառով` ես կարծում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին` Անկարան ու Բաքուն պետք է ստորագրեն ռազմական պայմանագիր»:

Ըստ «Զերկալո» ադրբեջանական պարբերականի վերլուծաբան Ռաուֆ Միրքադիրովի` նման կանխատեսումներ են անում նաեւ ադրբեջանցի քաղաքագետները. «Ամենայն հավանականությամբ Թուրքիան կվերադառնա այն բանին, ինչից պետք էր սկսել` ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ապագայում` Հայաստանի հնարավոր մասնակցությամբ, սակայն առանց Ռուսաստանի ներգրավման: Անվտանգության նման համակարգի ստեղծումը միանշանակ աջակցություն կստանա Միացյալ Նահանգների կողմից, ընդ որում` ոչ միայն խոսքով», - եզրակացրել է Ռաուֆ Միրքադիրովը:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

24.12.2008

No comments:

Post a Comment