Wednesday, December 24, 2008

ՈՐՊԵՍԶԻ ՉՊԱՐՏՎԵՆՔ ՎԱՂԸ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԱՅՍՕՐ

Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կամ չենք հասկանում, կամ չենք ուզում հասկանալ, որ Արցախյան պատերազմը թե մեզ, թե Ադրբեջանի համար անավարտ պատերազմ է։

Իսկ անավարտ է, որովհետեւ պատերազմի հետեւանքով ձեւավորված իրողությունները անընդունելի են երկու կողմերի համար էլ։ Մեզ անընդունելի է, որովհետեւ ոչ մի կերպ չի համատեղվում ազգային անվտանգության ամբողջական համակարգ ձեւավորելու ձգտման հետ։ Իսկ առանց այդպիսի համակարգի չենք կարողանա ապահովել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անկախությունը։

Զիջումների հնարավորությունից զրկված է նաեւ Ադրբեջանը, որովհետեւ ունեցել է տարածքային կորուստներ, բացի այդ քայքայվել է նրա անվտանգության ողջ համակարգը։

   Դա է պատճառը, որ ե՜ւ Բաքուն, ե՜ւ Երեւանը լավ են հասկանում. իրենց երկրների ամբողջական կենսունակությունն ապահովելու համար հարյուր տոկոսանոց հաղթանակն այլընտրանք չունի։

Այս ամենը նշանակում է, որ Արցախյան հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակ գրեթե գոյություն չունի, հետեւաբար գոյություն չունի նաեւ հիմնահարցի լուծման բանակցային ուղի։

Բաքուն քաջ գիտակցում է, որ Հայաստանը դեռ պահպանում է որոշակի ռազմաքաղաքական առավելություններ, եւ պատերազմի վերսկսումը ներկա փուլում իրենց համար կարող է ունենալ կործանարար հետեւանքներ։ Եւ դա է պատճառը, որ ադրբեջանական ռազմաքաղաքական մեքենան առայժմ ձեռնպահ է մնում ակտիվ գործողություններ սկսելուց եւ բավարարվում է ռազմատենչ հայտարարություններով։

Սակայն այնտեղ լավ են հասկանում նաեւ, որ ժամանակն աշխատում է հօգուտ իրենց, քանզի զինադադարը իրենց տալիս է ժամանակ, իսկ Բաքու¬Ջեյհան նավթամուղը հսկայական հնարավորություններ է ընձեռում ռազմական գործողություններին առավել հանգամանորեն պատրաստվելու համար։

Իսկ մենք Արցախյան քաղաքականության հիմքում ի սկզբանե դրել ենք վիճելի մի սկզբունք, ըստ որի՝ հիմնախնդրի սառեցված լինելը ընդունելի լուծում է։ Այնինչ իրականում գոյություն ունի Արցախյան հիմնահարցի լուծման մեզ համար ընդունելի միայն մի տարբերակ. դա նրա վերջնական անջատումն է Ադրբեջանից եւ այդ հանգամանքի անվերապահ ընդունումը նրա կողմից։

Ստեղծված պայմաններում, որքան էլ չուզենանք, միեւնույն է, մեր հետագա գործողություններում ստիպված ենք հաշվի առնել մի պարզ ճշմարտություն։ Արցախյան հիմնահարցի լուծման մեզ համար ընդունելի արդյունքներ ապահովող միակ ուղին պատերազմական գործողությունները վերսկսելու եւ արագ հաղթանակի հասնելու ուղին է։

Ի տարբերություն Ադրբեջանի, որի հնարավորությունները կապված են սպառազինությունների մրցավազքի հետ, հաղթելու մեր հնարավորությունը այսօրվա իրողությունների մեջ է։ Քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական ներկայիս կարգերը, որոնք փոփոխությունների ենթարկվելու նշաններ են ցույց տալիս, քանի դեռ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, պարտավոր ենք պատերազմն ավարտել Ապշերոնյան թերակղզում Ադրբեջանի ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիայով։

   Հասկանալի է, որ դրա համար համաշխարհային քաղաքականությունը տնօրինողները մեզ չեն շոյի, բայց չմոռանանք. նրանք մեզ անկյուն կքշեն բոլոր դեպքերում, եթե անգամ իրենց դռները թակելուց, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների մասին իրենց բարբաջանքները լսելուց բացի ոչինչ չանենք։

Այնպես որ դեռեւս ունենք մեր իսկ սխալները ուղղելու հնարավորություն։ Բայց պետք է շտապենք, որպեսզի չկորցնենք հակառակորդին մեր պատկերացրած խաղաղությունը պարտադրելու հնարավորությունը։

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայոց Աշխարհ

24 դեկտեմբերի 2008 

No comments:

Post a Comment