Thursday, February 5, 2009

ՎԵՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԵՎՍ ԲԱՐԵԳՈՐԾՈւԹՅՈւՆ Է

Օրերս ԼՂՀ կառավարության եւ "Ղարաբաղ Տելեկոմ" ՓԲԸ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր, ըստ որի՝ ՂՏ-ն պարտավորվում է 2009 թվականին 600 մլն. դրամ հատկացնել Արցախի առողջապահության ոլորտին: Նախատեսված գումարներով ծրագրվում է հիվանդանոցի նոր մասնաշենք կառուցել Քաշաթաղի շրջանում, շարունակել Մարտակերտի հիվանդանոցի շինարարությունը, վերազինել Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնը, հանրապետության բուժհիմնարկների համար ձեռք բերել նորագույն սարքավորումներ:

Ըստ "Ղարաբաղ Տելեկոմ" ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այս տարի նախատեսվում է բջջային կապի վարձավճարների նվազեցում: Մարտի 1-ից այդ ոլորտում սակագները կիջեցվեն 10-30 տոկոսով: Պետք է խոստովանել՝ Արցախի բջջային կապի ոլորտում սակագներն այնքան բարձր են, որ, չնայած ՂՏ-ի տնօրենի բարեգործական գործունեությանը, ղարաբաղյան մոտ 35 հազար բաժանորդների չնչին մասը կհամաձայնի Ռ. Յիրիկյանին բարեգործ անվանել: Բջջայինից օգտվող արցախցիներն առայսօր չգիտեն, թե րոպեավճարից բացի ինչու են յուրաքանչյուր ամիս աբսուրդ ամսավճար տալիս "Տելեկոմին", երբ բջջայինին բաժանորդագրվելու համար նախապես 13 հազար են վճարել: Ստացվում է՝ եթե բաժանորդը հեռախոսը թողնի տանը եւ 1 կամ 3 ամսով մեկնի, ասենք, ռուսաստաններ կամ ամերիկաներ՝ հարազատի մոտ հանգստանալու, ապա, վերադառնալով "Տելեկոմին", պիտի վճարի 2000 կամ 6000 դրամ: Ամեն տարի յուրաքանչյուր բաժանորդ, հենց այնպես, ՂՏ-ի գանձարան է մուծում 24 հազար դրամ, պարզ չէ՝ որպես հա՞րկ, տո՞ւրք, թե՞ որպես բարեգործություն:

Պատահական չէ, որ արցախյան մամուլում հաճախ են կարծիքներ հնչում, որ Արցախի ժողովրդին կարելի է համարել ՂՏ-ի բարեգործությունների համահեղինակը, քանզի յուրաքանչյուր տարի բջջային բաժանորդները ընկերությանն են "նվիրաբերում" մոտ 1 մլրդ. դրամ "բաժանորդահարկ", չհաշված իրական վարձավճարից գոյացած միլիարդները: Թե չէ՝ այս բարեգործությունը հիշեցնում է Րաֆֆու հանրահայտ վեպի մի պատմություն, երբ մեկի ավանակը գողանում, տանում-ներկում են եւ վաճառում տիրոջ վրա: Անհասկանալի է, թե ինչու Ռալֆ Յիրիկյանը, որ միաժամանակ հայաստանյան երկրորդ օպերատոր "Վիվա Սելի" ղեկավարն է, չի ուզում բջջային-քարտային տարբերակն օգտագործել նաեւ Արցախում: Չէ՞ որ այն շատ ավելի մատչելի կլինի շարքային բաժանորդին: Ի դեպ, "Վիվա Սելի" ղեկավարն օրերս անուղղակի դժգոհություն է հայտնել Հայաստանում բջջային երրորդ օպերատոր մտցնելու կապակցությամբ: Երանի այդպիսի մի նոր օպերատոր "հայտնվեր" նաեւ Արցախում, եւ պատերազմ տեսած, հազար ու մի հոգս ունեցող ժողովրդին ազատեր ՂՏ-ի "բջջային հարկից":

Ամեն դեպքում՝ առողջապահության ոլորտին նվիրաբերած գումարի համար ժողովուրդը պիտի շնորհակալություն հայտնի: Բոլորը չէ, որ ժողովրդից վերցրածի թեկուզ ինչ-որ մասը վերադարձնում են ժողովրդին: Կարծում եմ՝ այս ամենը տեղավորվում է մեր ժողովրդավարություն-դեմոկրատիայի սահմաններում: Չէ որ "ժողովրդավարությունը" մեզանում երբեմն այսպես են ստուգաբանում՝ ժողովրդին վարել... ("մեկի գլուխը վարել". Արցախում նշանակում է՝ մեկին խաբել):

Գևորգ Հովսեփյան

Հրապարակ

03.02.2009

No comments:

Post a Comment