Thursday, February 5, 2009

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ «ՊՍԵՎԴՈԼՈՒԾՄԱՄԲ»

Ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան դեռ որոշակի պատկերացումներ չունեն իրենց փոխհարաբերությունների ռազմավարական զարգացման վերաբերյալ: Տարբեր բանակցություններն ու խորհրդատվությունները երկու պետությունների միջև տեղի են ունենում շատ մակարդակներում` ներառյալ պաշտպանական և հետախուզական գերատեսչությունները: Այդ հարաբերությունները ներառում են բազմաթիվ պրոբլեմներ ինչպես սկզբունքային, այնպես էլ մարտավարական բնույթի, և դրանց լուծումը կարճ ժամկետում թվում է անհնարին: Անցած 17 տարիների ընթացքում Թուրքիան ոչ քիչ քաղաքական և նյութական ռեսուրսներ է ծախսել Եվրասիայում նոր կարևոր դիրքեր գրավելու համար, և հիմք չկա կարծելու, թե նա պատրաստ է զգալի զիջումների, որպիսիք պահանջում է Ռուսաստանը` իր ռազմավարական շահերի պաշտպանության համատեքստում: Ռուսաստանը, հատկապես վերջին տարիներին, փորձում է բացառել Թուրքիայի որոշ մոնոպոլ կարգավիճակը գեոտնտեսական և աշխարհառազմավարական հարցերում: Կան տվյալներ, որ 2008-ի գարնանը Ռուսաստանի հատուկ ծառայություններն իրականացրել են մի շարք մասշտաբային միջոցառումներ Թուրքիայի հետախուզական ջանքերը Ռուսաստանի տարածքում կանխելու ուղղությամբ: Անկարայի հետախուզական և հատուկ գործունեությունը ԱՊՀ-ի տարածքում ձեռք է բերել այնպիսի զանգվածային բնույթ, որ կենտրոնասիական պետությունների ղեկավարները և նույնիսկ ՈՒկրաինան հնարավոր են համարում որոշակի համագործակցությունը Ռուսաստանի հետ` Թուրքիայի այդ ազդեցությունը հաղթահարելու համար: Կան նախանշաններ, որ ավանդական թուրքական ռազմավարությունից, ամենից առաջ պանթուրքիզմի դոկտրինից բացի, Անկարան նոր գաղափարաբանական միջոցներ է կիրառում Եվրասիայում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում իր ազդեցության տարածման համար, և դրանք տեղավորվում են նեոօսմանիզմի ու նեոպանթուրքիզմի գաղափարական ձևաչափում: Թուրքիան չի բավարարվում արդիական և կառավարող էլիտաների վրա ձեռք բերված ազդեցությամբ, աշխատանք է տարվում բնակչության լայն զանգվածների հետ, օրինակ, «Նուրչուլյար» ցանցային ծրագրի շրջանակներում: Այս հանգամանքները չէին կարող չանդրադառնալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Առկա իրատեսական գնահատականներով տարբեր մակարդակների բանակցություններում Անկարան ու Մոսկվան հանգում են հետևության, որ հնարավոր չէ փոխհարաբերությունների հաջող զարգացում, պայմանավորվածությունների ու պարտավորությունների համակարգի կառուցում, քանզի շարունակաբար վերադառնում են կուտակված պրոբլեմներին: Մինչդեռ պետք է կանգ առնել դրանցից ամենակարևորների վրա: Այնուհանդերձ, ռուս-թուրքական հարաբերություններն այնքան հաջող չեն դասավորվում, ինչքան կցանկանային կողմերը, և անավարտության պատճառն այն նպատակներն ու խնդիրներն են, որ սերտ կապված են երկու պետությունների քաղաքականության հակաամերիկյան վեկտորի հետ: Քանզի հնարավոր չէ կառուցել հաջող երկկողմ փոխհարաբերություններ ԱՄՆ-ին հակազդելու անհրաժեշտ ու համակարգված ձևաչափի բացակայության պայմաններում: Ինչպես Անկարան, այնպես էլ Մոսկվան պատրաստ չեն և հազիվ թե կարողանան նախապատրաստվել վարելու փոխպայմանավորված քաղաքականություն ԱՄՆ-ի դեմ, որը հենված կլիներ հստակ ձևակերպված պայմանավորվածությունների վրա: Ինչպես դաշինքներ ձևավորելու մի շարք այլ դեպքերում, Թուրքիան չի ցանկանում պատասխանատվություն վերցնել Ռուսաստանի պրոբլեմների համար, Մոսկվան էլ իր հերթին չի ուզում խոր ներթափանցել թուրքական պրոբլեմների լուծման մեջ: Հարկ է ընդգծել, որ երկու երկրների քաղաքական դասակարգը, հատկապես զինվորական և հետախուզական շրջանակները, խոր անվստահությամբ են վերաբերվում միմյանց, ինչը չի կարող չդրսևորվել կոնկրետ հարաբերություններում տարածաշրջանային հարցերի շուրջ: Ամերիկյան ու բրիտանական փորձագետների գնահատմամբ, ռուս-թուրքական դաշինքն առայժմ ավելի շատ վիրտուալ է, քան իրական: Դիտարկելով ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները` կարելի է հանգել եզրակացության, որ երկու երկրներն էլ չեն կարողանում գտնել ղարաբաղյան հարցի իրենց համար ընդունելի լուծում, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չգնա կիսատ լուծումների ընդունման ճանապարհով, այլ շարունակի մնալ նախկին դիրքերում: Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում քաղաքական զարգացումների գլխավոր սյուժեն բոլորովին էլ վրաց-օսական հակամարտությունը չէ, այլ ԱՄՆ-ի մտադրությունների հետ կապված նոր ստեղծված իրավիճակը, երբ Վաշինգտոնը փորձում է ամրապնդել ազդեցությունը սևծովյան ավազանում: Քանի որ այս խնդիրն անմիջականորեն առնչվում է Հայաստանին, անցկացվել են որոշ հետազոտություններ տարբեր երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Բալկաններում` կոնկրետ որոշումներ ու մտադրություններ ձևավորելու համար: Առաջին. մինչև 2008-ի օգոստոսյան իրադարձությունները ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան չունեին որոշակի ու վերջնական որոշումներ Սև ծովում իրենց ռազմական ներկայության ծավալների, ձևաչափի ու նպատակների վերաբերյալ: Թեկուզ և կային մշակված ծրագրեր, և համապատասխան աշխատանք էր իրականացվել ՆԱՏՕ-ում ու Եվրամիությունում, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի, ՈՒկրաինայի ու Վրաստանի հետ ռազմական բազավորման հարցերի վերաբերյալ: Կոնցեպտուալ առումով ԱՄՆ-ը միաժամանակ մտադիր է լուծել երկու ռազմավարական խնդիր` կոմունիկացիաների վերահսկողությունը և Ռուսաստանի, Թուրքիայի, Եվրամիության միջև աշխարհառազմավարական պատնեշի ստեղծումը: Այս ծրագրերին աջակցել ու մասամբ նախաձեռնող է հանդիսացել Մեծ Բրիտանիան: Միաժամանակ ԱՄՆ-ը որոշումներ չի կայացրել այս խնդիրների իրագործման բազմաթիվ բաղադրիչների հետ կապված և առայժմ գտնվում է ծրագրերի իրագործման ձևաչափը որոշելու փուլում: Երկրորդ. օգոստոսյան իրադարձություններից հետո ԱՄՆ-ը խրախուսեց որոշումների ընդունումը` սևծովյան նախագծի հետ կապված, ըստ էության, սկսելով այդ ծրագրի իրագործումը: Եվ եթե ավելի վաղ Վրաստանին այդ նախագծով վերապահված էր երրորդական դեր, ապա հիմա այն նկատելիորեն աճել է ռազմական բազավորման և դրա սպասարկման մասով: Կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ը մտադիր է վերանայել Ռումինիային, Բուլղարիային ու Վրաստանին տրամադրվելիք օգնության ծավալները, ինչպես նաև նպաստել ՈՒկրաինայում քաղաքական գործընթացների արագացմանը` նպատակ ունենալով ապահովել քաղաքական-իրավական հարցերի արագ լուծումն այս երկրում ռազմական բազավորման իմաստով: Վաշինգտոնը մտադիր է նաև վերանայել իր ռազմաօդային ուժերի բազավորման ձևաչափը սևծովյան ավազանում, և հնարավոր է համարվում առաջնային բազավորման ծավալումը: Միաժամանակ ԱՄՆ-ի ծրագրերն ակնհայտորեն ավելի հավակնոտ են, և Սև ծովը, որպես այդպիսին, չի մնա նրա շահերի ապահովման ամենահեռավոր ֆորպոստը: ԱՄՆ-ը բավականին միջոցներ ու ժամանակ է ծախսել Կովկասյան-Կասպյան տարածաշրջանում ներդրվելու համար, որպեսզի հնարավոր լինի հետագայում հրաժարվել իր ներկայությունն ընդլայնելուց: ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ ռուս-թուրքական կայուն դաշինքի ձևավորումը, ոչ էլ նրանց համար «օտարացման զոնայի» ստեղծումը` հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների մասով: Հակառակ դեպքում ԱՄՆ-ի ջանքերն իզուր կլինեն: ԱՄՆ-ն անմիջապես արձագանքեց պարտավորեցնող հարաբերությունների «պլատֆորմ» ձևավորելու ռուս-թուրքական նախաձեռնություններին տարածաշրջանում, նաև ղարաբաղյան հարցի կարգավորման առումով, թույլ չտալով, որ այդ նախաձեռնությունները որոշակի տրամաբանություն ու իմաստ ձեռք բերեն: Վաշինգտոնը հետագայում էլ կաշխատի բացառել բանակցությունների որևէ ձևաչափ Մինսկի խմբից դուրս և կօժանդակի հակառակ միտում ունեցող նախաձեռնություններին: Ներկայում ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստանի համար ուժերի և շահերի հավասարակշռության ապահովման տեսանկյունից ամբողջ Հարավային Կովկասում: Պարզվում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ԱՄՆ-ի համար աշխարհառազմավարական առումով ավելի կարևոր է, քան համարվել է մինչ օրս: Իրադարձությունները Սև ծովում ու Վրաստանում ուժեղացրել են ԱՄՆ-ի հետաքրքրությունն Ադրբեջանում իր ազդեցության ամրապնդման առումով: Վերջին տարիներին ԱՄՆ-ն իրագործել է Ադրբեջանը Թուրքիայից բաժանելու հետևողական քաղաքականություն, աշխատելով մեկուսացնել Թուրքիան իրեն շրջապատող երկրներից, նվազեցնելով Անկարային Եվրամիություն խցկելու էնտուզիազմը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ջանքերը` վերջնական մոռացության տալով Մեղրու միջանցքի մասին թեզը: ԱՄՆ-ը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում նոր աշխարհառազմավարական ուղեգիծ է ձևավորում` բացառելով Թուրքիայի ակտիվ մասնակցությունն ու աշխատելով ստեղծել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև գտնվող պետություններից իրեն լոյալ գոտի: Բնութագրական է այն, որ չնայած Պենտագոնի ու թուրքական զինվորականների երկկողմ միջպետական հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկությանը` նոր բազաների և պաշտպանական ծրագրերի ընդգրկումով, մերձեցում չի ստացվում, և պատճառները միանգամայն հասկանալի են: Բրիտանական ու ամերիկյան ռազմաքաղաքական փորձագետների գնահատմամբ, թուրք-ամերիկյան հարաբերությունները փլուզման փուլում են, և ԱՄՆ-ը գտնվում է այլընտրանքային գործընկերների որոնման մեջ առնվազն միջնաժամկետ հեռանկարով: Այս պայմաններում դիտարկելով ուժերի հավասարակշռության պահպանման այդպիսի հեռանկարը, անթույլատրելի է հավանություն տալ ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ-որ արագացված տարբերակների, մանավանդ որ ձևավորվում է կարգավորման իմիտացիայի նոր հեռանկար: Ռուսաստանը հասկանում է, որ տարածաշրջանում ստեղծվել է «կեղծ պաուզա», և առկա է տարածաշրջանային պետությունների մտադրությունների վերանայում: ՈՒստի փորձում է ժամանակ չկորցնելով որոշակի պայմանավորվածությունների հանգել Թուրքիայի հետ ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարցում: Դրա համար էլ Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի «պսևդոլուծմամբ», երբ հայկական կողմի զիջումների հաշվին Ադրբեջանին կվերադարձվի ԼՂՀ-ի ներկա տարածքի 70 տոկոսը, իսկ հայկական կողմը չի ստանա ո՛չ կարգավիճակ, ո՛չ էլ անվտանգության երաշխիքներ: Խաղաղապահ զորակազմի մուտքը, որը կազմված կլինի միայն ռուսական զորքերից, աղետ կդառնա Ղարաբաղի հայ բնակչության համար: Ըստ էության, Ռուսաստանը փորձում է իրագործել ղարաբաղյան հարցի լուծման ամերիկյան սցենար` խաղաղապահ ուժեր ներգրավելով ու վերահսկողություն հաստատելով տարածաշրջանային և էներգետիկ կոմունիկացիաների վրա: Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս պահին չունի անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ` խիստ վտանգավոր սցենարները կանխելու համար, ապա այդ ռեսուրսները կան ժամանակի մեջ: Պետք է որդեգրել սպասողական մարտավարություն, չարձագանքել առաջարկներ պարտավորեցնող պատասխաններով: Իսկապես էլ, Հարավային Կովկասում ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն, և խնդիրը միայն ժամկետների մեջ է: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հայտնվել է շատ դժվարին, փակուղային վիճակում, քանի որ չի կարող վերսկսել ռազմական գործողությունները` իրեն դնելով կասկածելի և խոցելի իրավիճակում միջազգային ասպարեզում: ԱՄՆ-ը, ինչպես երբեք, շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության սառեցմամբ` ելնելով ռուս-թուրքական բոլոր նախաձեռնությունները տարածաշրջանում տապալելու անհրաժեշտությունից: Թուրքիան ցույց է տալիս, որ շահագրգիռ չէ ղարաբաղյան պրոբլեմի արագ լուծմամբ և չի պատրաստվում իր վրա վերցնել անիրագործելի պարտավորություններ: Իրանը, ինչպես նախկինում, հետաքրքրված է միայն ստեղծված իրավիճակի սառեցմամբ: Եվրոպական միությունն ու այլ եվրոպական կառույցներ այլևս չեն փորձելու հանդես գալ Արևելյան Եվրոպայում նման հակամարտությունների լուծման նախաձեռնություններով: Ելնելով իրենց այն «սկզբունքներից», որ տարածաշրջանում տեղի չունենա հակադրության է՛լ ավելի խորացում ու լարվածության մեծացում: Եվրամիությունը դեռևս հեռու է հակամարտությունների մարման սեփական քաղաքականության ձևավորումից, չունի համապատասխան գործընթացների կառավարման օպերացիոն համակարգ: Հայկական քաղաքական դասն ու հասարակությունն ամբողջությամբ պետք է վերաիմաստավորեն ղարաբաղյան հիմնախնդրի զարգացման հեռանկարներն ու էությունը` ելնելով նոր իրողություններից, որ առաջացել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Թուրքիայի ակտիվ քաղաքական նախաձեռնությունների հետևանքով Հարավային Կովկասում և Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում: ԼՂՀ-ի միջազգային ճանաչման թեզը որոշակի նշանակություն ուներ հիմնախնդրի զարգացման որոշակի փուլում, երբ անհրաժեշտ էր սկզբունքային դիրքորոշում դրսևորել Հայաստանի ու ԼՂՀ-ի կողմից, պատրաստակամություն ցուցաբերել անկախության հասնելու հարցում: Ներկայում «անկախության ճանաչումը» կորցրել է իր նախկին նշանակությունը` իբրև պետական զարգացման և ազգի գոյության կարևորագույն նախապայման: Աշխարհում արդեն վաղուց ձևավորվել են երկու «բևեռներ», որոնք էլ սկզբունքորեն նախաձեռնում են նոր պետությունների ստեղծումը: Դրանք ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են: Նախկինում ենթադրվում էր , որ Ռուսաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից այդ գործընթացում, բայց դա տեղի չունեցավ: Ալբանական Կոսովոն ճանաչելով, ԱՄՆ-ը ստեղծեց նախադեպ և հայտ ներկայացրեց «վերևից» նոր պետությունների ճանաչման առումով, բացառելով անկախացումը և ժողովուրդների կողմից ինքնուրույն կերպով իրենց անկախության հռչակումը: Միաժամանակ այս նախաձեռնության առաջնայնության առումով ուշանալով, Ռուսաստանը ձեռնարկեց միջազգային նշանակության բոլորովին այլ ակցիա` գործնականում ճանաչելով ինքնահռչակ պետությունները, և աշխարհում արդեն ստեղծվել է ժողովուրդների անկախացման երկու մոդել: Բայց հնարավոր է, որ ստեղծվեն և ուրիշներ, որոնք 2001-ից մշակել է ԱՄՆ-ի վարչակազմը, ավելի կոնկրետ` անվտանգության խորհրդում ու Պետդեպարտամենտում: Միանգամայն պարզ է, որ նոր պետությունների ճանաչման կարևորագույն նախապայմանը, այս կամ այն ձևով կամ մոտեցմամբ, հանդիսանում է տվյալ պետության քաղաքական, հասարակական, տնտեսական որոշակի ինքնաբավությունը: Միաժամանակ անկախության իրացման ճանապարհին ամենավնասակար մոտեցումը հանդիսանում են անթույլատրելի զիջումները, երբ ազդանշան է տրվում զիջելու անկախության մի մասը կամ կատարելու բացարձակապես չհիմնավորված տարածքային զիջումներ: Եվ որպես հետևանք լինում են էթնոժողովրդագրական փոփոխություններ, որ հանգեցնում են անշրջելի պարտվողական, հասարակական տրամադրությունների: ԼՂՀ-ի հետ կապված նպատակների ու խնդիրների վերաիմաստավորումն այն է, որ ստեղծված պայմաններում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները պաշտպանելու այն թեզը, թե Ղարաբաղի անկախության ճանաչումն ինքնանպատակ չէ, և ոչ թե Հայաստանի ու ԼՂՀ-ի, այլ միջազգային հանրության պրոբլեմն է, որը թույլ է տալիս հայ ժողովրդի մի մասի մարդկային ու քաղաքական իրավունքների անտեսումը: ԼՂՀ-ի անկախության ճանաչման թեզի անընդհատ շեշտադրումը միանգամայն ձեռնտու է Ադրբեջանին ու բոլոր արտաքին ուժերին, որովհետև հնարավորություն է տալիս որոշակի ճնշում գործադրելու Հայաստանի վրա` քաղաքական սպեկուլյացիաներ իրագործելու նպատակով: Հայաստանը պետք է ԼՂՀ-ի «ճանաչման» քաղաքական կուրսը փոխարինի նրա զարգացման և անվտանգության ապահովման քաղաքականությամբ` իբրև միջազգային պրոբլեմ: Այդ մոդելը Ռուսաստանը սկսեց իրագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում անմիջապես այն բանից հետո, երբ ճանաչվեց Կոսովոյի անկախությունը: Ռուսաստանը լուրջ մտադրություններ ուներ` փաստացի անջատել այդ հանրապետությունները Վրաստանից` գործադրելով քաղաքական, իրավական և տնտեսական լծակները: Աբխազիան ու Հարավային Օսիան իրեն ինտեգրացնելով, Ռուսաստանը շահագրգիռ էր նաև նրանց ինտեգրացիայով միջազգային գործընթացներում: Հարկ է ընդգծել, որ դա լուրջ անհանգստություն առաջացրեց Վրաստանում, սակայն միանգամայն ձեռնտու էր ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, քանի որ նրանց ուսերից վերցնում էր այդ խնդիրների լուծման պատասխանատվությունը: Ժամանակի ընթացքում, միգուցե շատ ավելի արագ, քան թվում է, միջազգային հանրությունը և ամենից առաջ առաջատար ուժային կենտրոնները կփոխեն իրենց վերաբերմունքը չճանաչված պետությունների նկատմամբ և կընդունեն այդ պետությունների, նրանց բնակչության իրավունքներն իբրև միջազգային հանրության մաս: Այսպիսով, ԼՂՀ գոյությունը, իբրև չճանաչված պետություն, պետք է գիտակցվեն Հայաստանի և ԼՂՀ-ի հասարակությունները: Վրացական իրադարձություններից հետո չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող պետության գաղափարի իրագործման հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են: Ներկայում ավելի կարևոր է չխորացնել «կարգավորման» ծրագրերը, որ առաջ են քաշում Ռուսաստանն ու Թուրքիան:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Իրավունք դե ֆակտո

Լրագիր

02.02.2009

No comments:

Post a Comment