«Եթե բանակցություններում Հայաստանի նախագահի հետ առաջընթաց է արձանագրվել, միեւնույն է, դա բավարար չէ».- նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին շաբաթ օրը տված հարցազրույցում: Ալիեւը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն պարզ է` հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերի հիման վրա, որոնցով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից: «Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի չպահպանումը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության հիմնական պատճառն է»,- ընդգծել է Ալիեւը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը ազդի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա, Ալիեւը նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք անմիջականորեն ներգրավված են բանակցային գործընթացում, Վրաստանում տեղի ունեցած դեպքերից հետո հրապարակայնորեն հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը քննարկումների առարկա չէ, եւ որ այդ իրադարձությունները նախադեպ չեն ստեղծի»:
պետք է կատարվեն
«Մենք պաշտպանում ենք երկրների տարածքային ամբողջականությունը»,- երեկ Բաքվում նման հայտարարություն է արել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Իոանիս Մետախասը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ կողմից ընդունված բոլոր որոշումները պետք է կատարվեն: Դեսպանի խոսքերով` Հունաստանը Ադրբեջանի հետ մերձենալու քաղաքական մեծ կամք ունի: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը Ֆինլանդիայից անցել է Հունաստանին:
Հայկական Ժամանակ
No comments:
Post a Comment