Thursday, February 5, 2009

Ադրբեջանը իր պայմաններն է առաջ քաշում

CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք որեւէ ճնշում չի գործադրել Ադրբեջանի վրա՝ Nabucco ծրագրին Բաքվի անդամակցությունը կանխելու համար. «Էներգետիկ հարցերում մեր եւ Ռուսաստանի միջեւ չկա որեւէ տարաձայնություն», - վստահեցրել է Ի.Ալիեւը:

Նկատելով, որ Ադրբեջանը տասը տարուց ավելի է, ինչ իրականացնում է տարբեր էներգետիկ ծրագրեր` Ի.Ալիեւը մատնանշել է Ադրբեջանի` որպես էներգետիկ ռեսուրսներով հարուստ պետության կարեւորությունը. «Մենք մասնակցում ենք այնպիսի ծրագրերի քննարկմանը, ինչպիսիք են` Թուրքիա-Հունաստան-Իտալիայի, Nabucco-ի, Տրանսադրիատիկի խողովակաշարերը: Մինչ այժմ մեր երկրում իրականացված աշխատանքները ապացուցում են, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է: Մեր կողմից իրականացված ծրագրերը երբեք կասկածներ չեն հարուցել»: Անդրադառնալով Nabucco ծրագրին` Ի.Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է նոր ծրագրերի մասնակցությամբ. «Nabucco-ն եւ մյուս նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ստեղծում դիվերսիֆիկացնել եւ մեխանիզմներ ստեղծել երկարաժամկետ հուսալի տարանցման համար: Սակայն, անշուշտ, դեռ պետք է հստակեցվեն Nabucco-ի շուրջ բավական հարցեր եւ նախեւառաջ ֆինանսավորման խնդիրները: Երկրորդ գլխավոր հարցը այն է, որ պետք է գոյություն ունենա միասնական եվրոպական կամ այլ մակարդակի էներգետիկ քաղաքականություն: Մյուս հարցը` որքանո՞վ Nabucco-ն կարեւոր դեր կխաղա ԵՄ-ի համար ընդհանրապես: Իհարկե, արդեն կան հուսադրող տեղաշարժեր: Բացի այդ՝ մեզ համար կարեւոր է տարանցման հետ կապված հարցերի հստակեցումը»:

Օրերս էլ «Wall Street Journal» թերթին տված հարցազրույցում՝ Ի.Ալիեւը կարեւորել էր հունվարի վերջին Բուդապեշտում կայացած Nabucco-ի վերաբերյալ համաժողովի անցկացումը. «Երկար տարիներ մենք շատ ենք լսում Nabucco-ի մասին, բայց եթե անկեղծ խոսենք, այդ ուղղությամբ պրակտիկ քայլեր չենք տեսնում», - նշել էր Ադրբեջանի նախագահը ու հավելել, որ նախագծի իրականացման համար զգալի ֆինանսական օգնություն է անհրաժեշտ եւ դրա աղբյուրը կարող է լինել բանկերի կենտրոնացված ֆինանսական փաթեթը. «Nabucco-ի կոնսորցիումի կազմում ընդգրկված ընկերությունների համար հեշտ չի լինի մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ հավաքել: Նախագծի իրականացման հիմնական պայմանը պետք է լինի ուժեղ ֆինանսական աջակցությունը, իսկ դրա բացակայությունը կարող է խոչընդոտներ հարուցել գազամուղի նախագծի իրականացման գործում», - նշել է Ի.Ալիեւը, ապա հավելել, որ այսօր Ադրբեջանից արտահանվող գազի ծավալները ամբողջությամբ ապահովում են արտահանումը. «Հետագայում մեզ պետք կլինի ավելի շատ երթուղիներ ունենալ, եւ Nabucco-ն դրանցից մեկն է», - նշել է նա, ընդգծելով, որ իր երկիրը պետք է գնահատի նաեւ Ռուսաստանի ուղղությամբ գազի հնարավոր տեղափոխման առաջարկությունը: «Այդ առաջարկությունը մենք վերջերս ենք ստացել: Մինչեւ 2008-ի կեսը մենք երբեք չենք քննարկել այդ ուղղությունը` որպես գազի տեղափոխման պոտենցիալ երթուղի, եւ Ռուսաստանն էլ երբեք այդ հարցում հետաքրքրություն չի ցուցաբերել: Մենք ստացել ենք այդ առաջարկությունը կես տարի առաջ եւ դեռ պետք է գնահատենք այն»: Ադրբեջանի նախագահը շեշտել է. «Առաջարկությունն ինքնին գրավիչ է, եւ եթե մենք կարողանանք վաճառել մեր գազը մեր սահմանին` առանց տարանցիկ երկրի կողմից առաջարկվող խնդիրների, առանց տրանսպորտային նախագծերի խնդիրների, եւ եթե մեզ կառաջարկվի շահավետ շուկայական գին, այդ դեպքում ինչո՞ւ չքննարկել այդ առաջարկությունը», - ասել է ի.Ալիեւը: Նա նաեւ նկատել է, որ այսօր Ադրբեջանը կախված չէ էներգառեսուրսների տեղափոխման որեւէ երթուղուց. «Մի խոսքով, քննարկվում են` «Գազպրոմից», Թուրքիայից, Հունաստանից, Իտալիայից, Բուլղարիայից եւ այլ երկրներից ստացվող առաջարկությունները, եւ մենք կընտրենք մեր երկրի համար լավագույն տարբերակը»:

Երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում Իրանի դեսպան Մոյթաբա Դամիրչիլուն: Վերջինս կարծիք է հայտնել, թե Nabucco-ն չի կարող իրականացվել առանց Իրանի մասնակցության. «Երբ խոսք է գնում տնտեսական նախագծերի մասին, դրանք պետք է հիմնվեն ոչ թե քաղաքականության, այլ տնտեսության վրա: Ինչպես ձեզ հայտնի է, Իրանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով: Իսկ երբ խոսք է գնում տնտեսական նախագծերի մասին, որոշիչ դերն այստեղ պետք է ստանձնի հենց տնտեսությունը, այլ ոչ թե քաղաքականությունը», - հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Մոյթաբա Դամիրչիլուն: Դեսպանի խոսքերով` Nabucco նախագծի շրջանակներում մի շարք եվրոպական երկրներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել համագործակցել Իրանի հետ, իսկ անցյալ շաբաթ Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Բրյուսել եւ հանդիպել ԵՄ երկրների առաջնորդների հետ: «Ելնելով այդ շահից` մենք կարծում ենք, որ Իրանի գազը կհասնի եվրոպական շուկա, սակայն հայտնի չէ, թե երբ եւ որ նախագծի շրջանակներում դա տեղի կունենա», - ասել է իրանցի դիվանագետը: Ինչ վերաբերում է գազամուղի նախագծի քաղաքականացմանը, ապա դեսպանը նշել է, որ Nabucco-ի իրականացմանը մասնակցում են երկրների երեք խումբ՝ գազի սպառողներ, տարանցիկ երկրներ եւ գազ արդյունահանողներ: Համաձայնությունը եվրոպական երկրների հետ գրեթե ձեռք է բերվել. նրանք եւս համարում են, որ Nabucco-ն արդարացված չի լինի տնտեսական տեսակետից առանց Իրանի մասնակցության: Դեսպանը նաեւ նկատել է, որ Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Ռուսաստանն է խոչընդոտում Իրանի մասնակցությանը նախագծին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հայտնի է, որ Nabucco ծրագրին իր աջակցությունը Թուրքիան բացահայտ կապում է ԵՄ անդամակցության հետ կապված հարցերին: Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր վերանայել իր դիրքորոշումը Nabucco գազամուղի կառուցման հարցում՝ ընդգծելով, որ իր երկիրը կարող է հրաժարվել նախագծին աջակցելուց, եթե Թուրքիայի բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ արգելափակված մնան: Բացի այդ, հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի Թուրքիան դեմ էր հանդես գալիս Nabucco նախագծում ֆրանսիական Gaz de France-ի մասնակցությանը, ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ Gaz de France-ը անդամակցելու է նախագծին որպես ասոցիատիվ անդամ:

Այսպիսով, Ռուսաստանը շրջանցող եւ շուրջ 10 միլիարդ դոլար գնահատված, Կասպիցի տարածաշրջանից այլընտրանքային ճանապարհներով, Թուրքիայով դեպի Եվրամիության անդամ երկրներ գազի մատակարարման այս գրավիչ ծրագրի շուրջ մեկնաբանություններն ու հայտարարությունները ավելի են ինտենսիվանում: Հայաստանի հարեւան պետությունները ակնհայտորեն իրենց պայմանները ներկայացնելու, Nabucco-ի իրագործման համար իրենց պետության համար շահավետ պայմանները ծանրութեթեւ անելու գործին են լծված: Վերջերս, անշուշտ, Հայաստանի վերաբերյալ նույնպես կարծիքներ հնչեցին, սակայն Հայաստանի տարածքով Nabucco-ի անցնելու հնարավորությունները քննարկելուց առաջ պարզ է, որ էական ազդեցություն են ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի եւ իհարկե` Ռուսաստանի դիրքորոշումները:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

04.02.2009

No comments:

Post a Comment