Thursday, February 5, 2009

ՆԱ, ՈՎ ՇԱՏ Է ԽՈՍՈՒՄ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ

Լավ, ենթադրենք մի պահ, որ ես լուրջ եմ ընդունում Սերժ Սարգսյանի ասածները եւ փորձում եմ հասկանալ` ի՞նչ է ուզում ինձ` Հայաստանի քաղաքացուս ասել այդ մարդը: Չե՛մ հասկանում:  

Դե, ասենք, ես շարքային քաղաքացի եմ, իսկ նա իրեն նախագահ է համարում. ես բութ եմ, քաղքենու նեղ մտահորիզոն ունեմ, իսկ նա իմաստուն ու փորձառու է, հեռատես ու համբերատար է` նախագահ է: Բայց չնայած այդ ամենին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինձ խաբում են: Դատեք ինքներդ: «Գիտեք, որ այստեղ` Ցյուրիխում, ես երեք օր առաջ` մինչ Դավոս մեկնելը, հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մենք շարունակել ենք բանակցությունները: Այս առումով, Հայաստանի դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: Սրանում Դուք կարող եք վստահ լինել` մենք այլ խնդիր մեր առջեւ չենք դնում: Եւ այն հեքիաթները, որ որոշ մարդիկ փորձում են պատմել` թե իբր ելնելով ինչ-ինչ նպատակներից կամ տեղի տալով ինչ-ինչ ճնշումների, մենք կարող ենք միակողմանի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի խնդրում, իրականությանը չեն համապատասխանում: Մենք չենք կարող մեր ազգային նպատակը, համընդհանուր խնդիրը զոհել ինչ-ինչ երկրորդական խնդիրներ լուծելու համար»,- շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ոչընտիրը: Շատ սիրուն է հնչում, իհարկե, բայց իրականում ոչ մի բան ասված չէ: Խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչում են բոլորը: Ճանաչում է Իլհամ Ալիեւը, ճանաչում է Մինսկի խումբը, ճանաչում է նույն Սերժ Սարգսյանը, ճանաչում է նաեւ, ասենք, Ժիրայր Սեֆիլյանը: Բայց սա դեռ չի նշանակում, որ այս բոլոր մարդիկ միակարծիք են Ղարաբաղի խնդրի շուրջ: Նրանք տարակարծիք են ինքնորոշման իրավունքի իրացման ձեւի եւ ծավալի շուրջ: Օրինակ` Իլհամ Ալիեւը տեսականորեն համաձայն է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչել Ադրբեջանի սահմաններում` լայն, թե չգիտեմ ինչ ինքնավարության ձեւով: Իսկ, ասենք, Ժիրայր Սեֆիլյանը ինքնորոշումը հասկանում է որպես ԼՂ լիակատար անկախություն Ադրբեջանից, ապա` միացում Հայաստանի հետ, այն էլ ոչ թե միայն նախկին ԼՂԻՄ, այլ ներկայիս փաստացի սահմաններով: Ինչ-որ պատկերացումներ ինքնորոշման մասին ունեն եւ Մինսկի խմբի համանախագահները. այդ կարծիքներին շարքային քաղաքացիները ծանոթ չեն` բանակցությունների գաղտնիության պատճառով, բայց ներգրավված կողմերը ծանոթ են: Բայց թե ինչ է հասկանում ինքնորոշում ասելով ոչընտիրը, մանավանդ վերջին շրջանի արագացված քիրվայակերտման ժամանակահատվածում, այդպես էլ պարզ չէ: Եւ վերջին հայտարարությունը որեւէ հստակություն այս առումով չի մտցնում, քանի որ ոչընտիրն ընդամենը ֆիքսում է, որ ինքը համաձայն է բոլորի հետ` Իլհամից մինչեւ Ժիրայր: Այսինքն` եթե նա իրոք ուզում է հերքել «հեքիաթները», նա պետք է շատ ավելի հստակ արտահայտվի, որպեսզի ի վերջո ինձ պես միամիտներն էլ հասկանան, թե քանի տարի է պետք Սերժ Սարգսյանին` «Ղարաբաղը ծախելու» համար: Հստակությունը չէր խանգարի նաեւ ոչընտրի մյուս հայտարարությանը` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, որը նա արել է նույն Ցյուրիխում:  «Գիտեք, որ Թուրքիայի հետ էլ շարունակվում են մեր շփումները, եւ Դավոսում ես հանդիպել եմ Թուրքիայի վարչապետի հետ: .... Այստեղ էլ ուզում եմ, որ բոլորի համար միանշանակ պարզ եւ հասկանալի լինի: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների: Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` առանց որեւէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետեւ քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, մեր երկու ժողովուրդների միջեւ »: Ախր, դե չմտածեք, թե անկապ տեղն եմ կպնում «խեղճ մարդու» ասածներին: Այստեղ նույնպես պարզ է միայն, որ ոչ մի բան պարզ չէ: Ի՞նչ է նշանակում` չենք մոռանա Ցեղասպանությունը: Այն կարելի է չմոռանալ շատ տարբեր կերպերով: Ասենք, կարելի է հոգու խորխորատներում «չմոռանալ» այն, բայց Գյուլի մոտ ձեն չհանել այդ նուրբ հոգեբանական գործընթացների մասին: Սա մի քիչ ծայրահեղ ձեւ է, բայց կարելի է նույնաոճ այլ` մի փոքր ավելի չափավոր ձեւեր մտածել: Մանավանդ որ` անձամբ ոչընտիրը` որպես Կեւորկովի նախկին օգնական եւ ԼՂԻՄ-ում քարոզչության պատասխանատու, առանձնապես հիշելու բան էլ չունի այդ առումով, բացի այն փաստից, որ այդ հին, բարի ժամանակներում իր նախկին շեֆը սիրում էր հենց ապրիլի 24-ին առանձնահատուկ սրությամբ մերկացնել հայկական «նացիոնալիզմը»: Այնպես որ, գուցե մոռանալ էլ պետք չլինի, քանի որ նա ի սկզբանե չի էլ «հիշում» Ցեղասպանությունը կամ նոր է «հիշել» դրա մասին: Ավելի պարզ. մինչ այժմ հայտնի էր, որ Հայաստանի պետությունը որպես «չմոռանալու» ձեւ ընտրել է Ցեղասպանության ճանաչման աջակցության ռազմավարությունը: Անձամբ ես այդ ռազմավարությունից մեծ ոգեւորություն երբեք չեմ ապրել, բայց այն գոնե պարզ էր ու հստակ ձեւակերպված: Հիմա այնպիսի տպավորություն է, որ մարդն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում, կամ հասկանալով` ապուշի տեղ է դնում մեզ: Ի վերջո, չմոռանալու ի՞նչ նոր մոդել է առաջարկում ոչընտիրը: Չէ՞ որ ոչ մի հայ էլ երբեք չի ասի` մենք պետք է մոռանանք Ցեղասպանությունը: Հետեւաբար, եւս մեկ անգամ ֆիքսել չմոռանալու փաստը` առանց դրա կոնկրետ մեխանիզմի ճշտման, նշանակում է ոչինչ չասել: Սա արդեն հիշեցնում է Ջիմ Ջարմուշի բնիկ ամերիկյան կինոհերոսներից մեկի` «նա, ով շատ է խոսում ոչնչի մասին» անունը:

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ

Հայկական Ժամանակ

03.02.2009

No comments:

Post a Comment