Thursday, February 5, 2009

ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ

Նախօրեին հայտնի է դարձել, որ ԼՂՀ Ազգային Ժողովի ԱԺԿ խմբակցության 5 անդամներ դուրս են եկել խմբակցությունից: Նրանք են` Գարիկ Գրիգորյանը, ով միաժամանակ նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, Արծվիկ Սարգսյանը, Գառնիկ Միրզաբեկյանը, Սերգեյ Սեյրանյանը եւ Ռուդոլֆ Մարտիրոսյանը: 

Դիմումները ներկայացվել էին ԱԺ ձմեռային արձակուրդի ժամանակ, այնպես որ` պաշտոնապես այդ մասին դեռեւս հայտարարություն չի արվել: Բայցեւայնպես, մեր տեղեկություններով, 5 պատգամավորների նման որոշումը կապված է կառավարության եւ մասնավորապես` վարչապետ Արա Հարությունյանի գործունեության հետ: Մենք արդեն գրել ենք, որ Ղարաբաղում նախագահական ընտրություններից հետո որոշակի լարվածություն էր առաջացել ԼՂՀ ԱԺ երկու խոշոր խմբակցությունների` ԱԺԿ-ի եւ «Ազատ Հայրենիքի» միջեւ: Հիշեցնենք` ԱԺԿ-ն, որ ղեկավարում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ավելի ուժեղ դիրքեր ուներ նախկինում` Արկադի Ղուկասյանի իշխանության ժամանակ: Բակո Սահակյանի ընտրվելուց հետո, սակայն, ավելի ազդեցիկ դիրքեր գրավեց վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիքը»: Ու թեեւ այդ երկու ուժերը շարունակում էին համագործակցել, ԱԺԿ-ն, սակայն, անընդհատ առիթներ էր որոնում` կոնկրետ Արա Հարությունյանին որեւէ հարցում այսպես ասած «պադնոժկա» տալու համար: Եւ ահա, հարմար առիթ ստեղծվեց անցած տարվա վերջին` բյուջետային քննարկումների ժամանակ, երբ ԱԺԿ-ն միակ ուժն էր, որ խիստ քննադատության ենթարկեց ԼՂՀ վարչապետի ներկայացրած բյուջեն եւ վերջում էլ հայտարարվեց, որ կողմ է քվեարկելու բյուջեին միայն այն բանի համար, որ իրենք նախագահական ընտրություններում սատարել են նույն թեկնածուին: Օրեր անց, սակայն, ԱԺԿ-ն սկսեց քանդվել: Մեր տեղեկություններով, վերը նշված 5 պատգամավորները խմբակցությունից դուրս գալը պայմանավորել են նրանով, որ բյուջետային քննարկումների ժամանակ որպես ԱԺԿ-ի դիրքորոշում ներկայացված եզրակացությունը իրականում չի քննարկվել այդ խմբակցության բոլոր անդամների հետ, եւ որ դա միայն ԱԺԿ վերնախավի կարծիքն էր: Ի դեպ, նշենք, որ ԱԺԿ-ից այս պատգամավորների դուրս գալուց հետո ԼՂՀ ԱԺ-ում ուժերի վերադասավորություն է կատարվել. այժմ խորհրդարանում մեծամասնությունը «Ազատ Հայրենիք» խմբակցությունն է:  

Հ.Գ. Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե վերոնշյալ 5 պատգամավորները ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը. արդյո՞ք հանդես են գալու որպես անկախ պատգամավորներ, թե՞ անդամակցելու են ԼՂՀ ԱԺ 2 խմբակցություններից որեւէ մեկին:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

Հայկական Ժամանակ

03.02.2009

No comments:

Post a Comment