Thursday, February 5, 2009

Ղուկասյանի վերադարձի մասին ԼՈւՐԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ

Մինչեւ նոր նշանակումների որոշումները հրապարակելը, շաբաթներ կամ ամիսներ առաջ արդեն լուրեր են շրջանառվում ժողովրդի մեջ՝ կապված սպասվող կադրային փոփոխությունների հետ: Դրանց մի մասը հաստատ իրականանում է: Խնդիրը դա չէ, սակայն, այլ այն, թե իշխանական բուրգի ամենավերին մասում կայացած նեղանձնական զրույցներն ինչպես են ակնթարթորեն դառնում հանրության սեփականությունը:

Վերջերս կրկին լուրեր են շրջանառվում ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մասին, որը, իբր, հավակնում է վարչապետի աթոռին: Թե որքանով է դա ճշմարտանման, ցույց կտա ժամանակը: Սակայն բանն այն է, որ ներքաղաքական կյանքում կատարվող որոշ շարժեր փորձում են կապել դրա հետ: Այսպես՝ ԼՂՀ խորհրդարանում մեծամասնություն կազմող Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) անդամ 5 պատգամավորների` խմբակցությունից դուրս գալու մասին խոսակցությունները (թե՞ արդեն գրած դիմումները) փորձում են կապել Ղուկասյանի հնարավոր վերադարձի հետ: Ավելի ճիշտ՝ այդ վերադարձը կասեցնելու հետ: Ասել է թե՝ ժամանակին նախկին նախագահի կողմից ստեղծված կուսակցությունը տրոհելով, իբր փորձ է արվում չեզոքացնել նրա կողմնակիցներին: Նախ՝ Ա. Ղուկասյանն այսօր մեկուսացած է քաղաքական կյանքից, եւ հազիվ թե լուրջ լինի նրա կողմնակիցների մասին խոսելը: Հատկապես, երբ ղարաբաղյան բոլոր կուսակցությունները, դիմադիր թե ընդդիմադիր, միահամուռ պաշտպանել են ներկայիս նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Այնպես որ, ԱԺԿ-ի գլխին կուտակվող ամպերը երեւի թե այլ պատճառներ ունեն եւ հազիվ թե կապ ունենան Ղուկասյանի հետ (ԼՂՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության հետագա ճակատագիրը թերեւս կորոշվի փետրվարի կեսերին կայանալիք նստաշրջանում):

Երկրորդ. թե որքանով է հնարավոր Ղուկասյանի վերադարձը եւ նշանակումը վարչապետի պաշտոնում, համենայնդեպս, չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը միանձնյա է կարեւոր որոշումներ կայացնում, այդ թվում՝ կադրային հարցում: Ինչո՞ւ պիտի նա վարչապետ նշանակի մի մարդու, որի ամբիցիաներն այնքան էլ հեշտ չի լինելու բավարարելը: Դա կնշանակի՝ կամովին հրաժարվել սեփական իշխանության եւ իրավունքների մի որոշ մասից: Մեր կյանքում, սակայն, ամեն ինչ չէ, որ տեղավորվում է տրամաբանության սահմաններում: Ժամանակը ցույց կտա, թե պտտվող լուրերը որ խմբին են պատկանում՝ իրականացո՞ղ, թե՞ վառ երեւակայության արդյունք հանդիսացող:

Գեւորգ Հովսեփյան

Հրապարակ

04.02.2009

No comments:

Post a Comment