Monday, December 22, 2008

ՓՈԽԵՔ ՀԻՆ ՔԱՐՏԵԶԸ

Արցախի երիտասարդական մի քանի կազմակերպություններ դեկտեմբերի 9-ին բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին` կոչ անելով ՀՀ հեռուստակայանների կողմից հեռարձակվող եղանակի տեսության քարտեզներից հանել վաղուց արդեն պատմության գիրկն անցած ԼՂԻՄ պատկերն ու փոխարինել այն ՀՀ եւ ԼՂՀ քարտեզով:
՚Արցախյան պատերազմում հրադադարի ստորագրումից 14 տարի անց ստեղծվել է մի աբսուրդ իրավիճակ. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն փաստը, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ որոշ շրջաններ ընդգրկված են ներկա ԼՂՀ կազմի մեջ, այնտեղ մշտական բնակություն են հաստատել հազարավոր մեր հայրենակիցներ, մյուս կողմից այդ իրականությունը չի արտացոլվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցներումՙ,-կարծում են ՀԿ-ների առաջնորդները: Ըստ նրանց, լինի դա հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում, թե ուղղակի գովազդներում ԼՂՀ-ն կամ ընդհանրապես չի պատկերվում քարտեզի վրա, կամ էլ լավագույն դեպքում ընդգրկվում է միայն խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ տեսքով:
Նրանց պնդմամբ` նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. ՚Մինչեւ ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքոՙ:
Վերջիններիս զայրացնում է այն, որ հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից ու համառորեն անտեսում են ազատագրված տարածքում ապրող մեր հայրենակիցների շահերը` ակամա սատարելով ադրբեջանական քարոզչական մեքենային` հայության դեմ մղվող տեղեկատվական ու հոգեբանական պատերազմում: ՚Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց: Ավելին` ազատագրված տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանների բնակչության կյանքն ու առօրյան գրեթե չեն լուսաբանվում ՀՀ ԶԼՄ-ների կողմիցՙ,- ասում են նրանք:
Նշենք, որ նամակի տակ ստորագրել են ՚Արցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբՙ-ը, Արցախի Ազատամարտիկների Միության ՚Հայրենաց պաշտպանՙ ՀԿ-ն, ՀՅԴ ՚Արցախի Երիտասարդական Միությունՙ-ը, ԱԺԿ Երիտասարդական թեւը, ՚Ազատ հայրենիքՙ երիտասարդական թեւը, ՚Վաչագան Բարեպաշտՙ ՀԿ-ն, ՚Հայկի Սերունդՙ ՀԿ-ն, ՚Ալֆա-Օմեգաՙ ՀԿ-ն, ՚Զեփյուռՙ ՀԿ-ն:
A1 պլյուս
22.12.2008

No comments:

Post a Comment