Monday, December 22, 2008

ԾԱՂԻԿՆԵՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՔԱՐԻՆ

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով ժամանել է Ստեփանակերտ: Նա հանդիպել է ԼՂՀ ղեկավարների հետ, իսկ դեկտեմբերի 20-ի առավոտյան այցելել Արցախի պետական համալսարան, ուր ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի ժամանակ զոհված համալսարանականների հուշաքարին: Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների առջեւ: Անդրադառնալով բանակցությունների մանրամասների հրապարակայնության թեմային, նա ասել է. «Եթե մենք` Հայաստանը եւ Ղարաբաղը, գանք որեւէ մի հարցի լուծման, վստահ եմ, որ պայմանավորվածությունները կներկայացվեն ժողովրդին, որպեսզի համապատասխան ընբռնում լինի ժողովրդի կողմից եւ նաեւ աջակցություն: Առանց այդ աջակցության որեւէ մեկը չի գնա որեւէ փաստաթղթի ստորագրման»: Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, որ վերաբերել է փոխզիջումներին, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ցանկացած կոնֆլիկտ կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: «Հայկական կողմի գլխավոր հարցը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման ու նաեւ Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցն է, որը ենթադրում է անխափան ցամաքային կապ Հայաստանի հետ, միջազգային երաշխիքներ: Հայաստանը նաեւ պետք է լինի անվտանգության երաշխավորներից մեկը եւ այլն: Սա է հիմքը, եւ եթե դրանք մենք կարողանանք ապահովել բանակցությունների ժամանակ, մնացած հարցերը կքննարկենք»: Ուսանողներից մեկն ասել է, թե «ազատագրված տարածքները սակարկության առարկա չեն, եւ դրանք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ»: Ի պատասխան նախարար Նալբանդյանը նշել է, որ բանակցությունների մանրամասները եւ մադրիդյան փաստաթուղթը հրապարակված չեն, ուստի ոչ ոք չի կարող առանց որեւէ բան իմանալու դրանք մեկնաբանել կամ ինչ-որ հայտարարություններ անել: Ուսանողների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ամեն առիթ օգտագործում են Ղարաբաղի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը քննարկելու համար: Նա ասել է, որ ամեն առիթ պետք է օգտագործի` նորից ու նորից Ղարաբաղ գալու համար: Ղարաբաղի եւ Հայաստանի` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների տարբերության եւ երկու երկրների նախագահների իրարից տարբերվող հայտարարությունների մասին հարցին նախարարը պատասխանել է. «Ամբողջ հարգանքով վերաբերելով բոլոր հայտարարություններին, որոնք արել է Ղարաբաղի Հանրապետության նախագահը, մենք շատ ենք կարեւորում Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցություններին, եւ առանց դրա մենք չենք կարող որեւէ լուծման գալ»:

Լրագիր

22 Դեկտեմբերի, 2008

No comments:

Post a Comment