Monday, December 22, 2008

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հարցազրույց է հրապարակել հոկտեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը խախտած և հայկական կողմին գերի հանձնված Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի 707 մոտոհրաձգային բրիգադի 1-ին գումարտակի զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովի հետ` վերջինիս խնդրանքով:

Տեսախցիկի առաջ նա մասնավորապես նշել է, որ սահմանը խախտել է, քանի որ իրեն ստորացնում էին Ղազախում տեղակայված իր գումարտակում: Ղազախից նրան տեղափոխել են սահմանային Բազահլի հենակետ, որտեղ իրենից բացի եղել են 9 զինվոր և 1 սպա: «Ինձ Բազահլի հենակետում էլ էին ծեծում և կտտանքների ենթարկում, ինչին չդիմանալով` ես ինքս ինքնաձիգից կրակել եմ իմ ձախ ոտնաթաթին, որից հետո տեղափոխվել եմ հոսպիտալ, ապաքինվել, ապա նորից վերադարձել հենակետ: Սակայն հրամանատարությունը շարունակում էր ինձ ծաղրել` համեմատելով ավանակի հետ»,- նշել է ադրբեջանցի գերին, ու հավելել. «Ես դիմում եմ Սաֆար Աբիևին` խնդրելով ստուգումներ իրականացնել Ղազախի 707 բրիգադում, մասնավորապես 5-րդ գումարտակում և Ասլան Բեյլի, Գայ Մախլի, Քյամարլի 1-ին գումարտակի բոլոր հենակետերում: Թող ստուգեն և տեսնեն, թե ինչու են այսպիսի երևույթներ տեղի ունենում: Հրամանատարությունը ծեծի է ենթարկում չունևորների երեխաներին, ովքեր ծառայում են հենակետերում, իսկ ունևորներն իրենց զինգրքույկները ստանում են իրենց իսկ տներում: Իհարկե, հասկանում եմ, որ բոլորն էլ պետք է ծառայեն բանակում, բայց այդ դեպքում ինչո՞ւ հարուստների երեխաները չեն ծառայում»:

Նրա ներկայացմամբ, իր ոտքին կրակելու մասին հրամանատարությունը տեղյակ չի եղել, իսկ նրա ծառայակիցները, համոզել են նրան, որ այդ դեպքի մասին ոչ ոքի չասի, քանի որ իրենք մեղք են և ունեն ծնողներ: «Սակայն ես էլ ունեմ ծնողներ, ես էլ եմ մեղք: Ինչո՞ւ էին ինձ ծեծում, դրա համար էլ ես որոշեցի փախչել Հայաստան: Իմ ցանկությամբ եմ եկել Հայաստան և դառնալու եմ ՀՀ քաղաքացի, իսկ Ադրբեջան չեմ վերադառնալու»,- ասել է զինվորն ու հավելել, որ Հայաստանում իրեն լավ են վերաբերվում, բուժում են:

«Ես հայտնում եմ իմ ծնողներին, հարազատներին և բարեկամներին իմ ջերմ բարեմաղթանքները և տեղեկացնում, որ չանհանգստանան ինձ համար. այստեղ ինձ չեն ծեծում, նորմալ են վերաբերվում: Իմ վիճակը նորմալ է, թող ինձ չփնտրեն, հայրս և մայրս թող չանհանգստանան»,- նշել է Հասանովը:

Հարցին, թե իրենց մոտ զինծառայողները տուն գնալու համար որևէ գումար վճարո՞ւմ էին, Ռ. Հասանովը պատասխանել է. «Ունևորների երեխաները, հրամանատարությանը կաշառելով, ուղարկվում էին հոսպիտալ, որոշ մասը 300-500 մանաթի դիմաց արձակուրդ էր ձեռք բերում: Գտնվելով հոսպիտալում` իրենք համարվում էին զինծառայողներ և ծառայությունը այդ կերպ էին անցկացնում: Չունևորների երեխաները ծառայում են հենակետերում, իսկ հարուստներինը ծառայությանն անգամ ծանոթ չէին»: Նրա խոսքով, որոշ այլ զորամասերում նույնպես նույն վիճակն է տիրում: «Սպա Աբդուլահ Մահիլը շարքում կանգնած սաստիկ ծեծի ենթարկեց ինձ բոլորի առաջ, ինչի հետևանքով, գիտակցությունս գրեթե կորցրած` վայր եմ ընկել: Ինձ մշտապես ստորացնում էին` ստիպելով զուգարան մաքրել»,- պատմել է ադրբեջանցին ու ընդգծել. «Ոչ, ես այլևս Ադրբեջան չեմ վերադառնալու, սա իմ վերջին խոսքն է: 19-ը տարի ապրել եմ Ադրբեջանի Հանրապետությունում, այլևս չեմ ցանկանում այնտեղ ապրել, ես ՀՀ քաղաքացի եմ դառնալու»:

Այնուհետև խոսելով Ադրբեջանի բանակում ծառայող տղաների մասին, նա ասել է. «Ադրբեջանի զինված ուժերում ծառայում են աղքատների երեխաները, իսկ հարուստների երեխաները կշտամբում են նրանց, անգամ սպանում են` արդարանալով, թե իբր զոհվել են հայկական կողմի կրակոցներից»:

Աղբյուր` Panorama.am

12:18 20/12/2008

No comments:

Post a Comment