Monday, December 22, 2008

ԿԱՐԵՎՈՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՅՈՒՐԱՑՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՓԱՌՔԸ ԵՎ… ԼՌԵԼ, ԼՌԵԼ

Վերջերս մի փոքրիկ սկանդալ եղավ` Ռուսաստանի Գերագույն դատարանը ցրեց բազմաթիվ ակադեմիաներից մեկը, դրան մեղադրելով խարդախության մեջ: Պարզվեց, որ գեներալական համազգեստով հնարամիտ մարդկանց մի խումբ լավ էր յուրացրել հետխորհրդային չինովնիկների եւ այլ մաստերի գործիչների հակումները. տարիներ շարունակ պատրաստել են կեղծ մեդալներ եւ «հատուկ վաստակի» համար առաջարկել տեղական առաջնորդներին ու բոլոր ցանկացողներին, ովքեր ժամանակին վճարում էին «բարեգործական» անդամավճարները: Գեներալները լավ գումարներ էին աշխատել, մինչեւ բռնվելը:

Եւ ահա հետաքրքիր զուգադիպություն: Նույն օրերին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհեց Արցախի հերոսի կոչում եւ Ոսկե արծիվ շքանշան: Մինչ Հայաստանի ու Ղարաբաղի հասարակայնությունը տարակուսանքով էր հետեւում Ղուկասյանի ռազմական սխրանքների մասին ձոներին, հիշվեց, որ այս երկու գործիչներն անցյալ տարի «արժանացել էին» Պետրոս Մեծի շքանշանին: Եւ հենց այն ակադեմիայում, որը խարդախության համար ցրել էր Ռուսաստանի Գերագույն դատարանը: Ընդ որում, մեկը շքանշանն ստացել էր մինչ նախագահի պաշտոնից աղմուկով հեռանալը, մյուսը` նախքան պաշտոնի նմանատիպ աղմուկով ստանձնումը:

Հայ հասարակությունը ողջ անցնող տարին փորձում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունից մի խոսք լսել: Սակայն Ղարաբաղից միայն քար լռություն է: Կարելի է նույնիսկ պնդել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության լռությունը դառնում է ռազմավարական բնույթի համազգային նշանակության խնդիր: Կային ժամանակներ, երբ ղարաբաղցի ցանկացած գործիչ, լինի պատգամավոր կամ չինովնիկ, օգտագործում էին ցանկացած հնարավորություն` հայ ժողովրդին «քաղաքական իմաստությանը» հաղորդակից դարձնելու:

Սակայն այդ ժամանակներն անցել են: Հիմա գրեթե անհնար է Ղարաբաղի պետական այրերից մի խոսք լսել Ղարաբաղի գործերի մասին: Ասածներն էլ մոտավորապես հետեւյալն է` մենք լռում ենք` չխանգարելու ղարաբաղյան կարգավորմանը: Ինչպես հայտնի հեքիաթում` հո չենք կարող համ զանգ կախել, համ ճառ ասել: Թերեւս, շուտով հայությունը մրցույթ կհայտարարի «ԼՂՀ ղեկավարության լռության խնդիրը» գիտական աշխատանքի համար: Ի վերջո, այդ լռությունն արդեն գիտական ուսումնասիրության կարիք ունի, քանի որ այլ միջոցները` ճանաչելու դրա էությունը եւ պատճառները, արդյունք չեն տալիս:

Այս ֆոնին ԼՂՀ-ում շքանշանների շուրջ ճոխ անցուդարձից շատերի մոտ տպավորություն մնաց, թե Ղարաբաղում հարմար թեմա են գտել իրենց մասին ինչ որ կերպ հայտարարելու: Բանն այն է, որ ղարաբաղցիներին վաղուց արգելել են թե «զանգ կախել» (Ղարաբաղի հարցով զբաղվում է ով ասես, բացի ԼՂՀ ղեկավարությունից), եւ թե ավել պակաս չճառել, եւ թերեւս մնացել է միայն փոխել թեման, որպեսզի ինչ որ բան ասեն: Եւ կրկին այն չէր` ստիպված էին արագ լռել: Ռուսաստանյան սկանդալը փչացրեց գործը:

Ինչ որ ժամանակից ղարաբաղյան չինովնիկներին վճարում են միայն այն բանի համար, որպեսզի լռեն: Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն, վաղուց հեռացվել են իրենց պաշտոններից:

Ահա եւ ղարաբաղյան պետական կյանքի իմաստությունը: Բայց ողջ ամբողջը: Պետք է նաեւ հասկանալ, թե ինչու այդպես եղավ եւ ինչպես է ապահովվում նման իմաստուն կյանքի կայունությունը: Չէ որ Ղարաբաղի ժողովուրդն աչքի է ընկնում հերոսականությամբ եւ համառությամբ: Իսկ այս դեպքում անհասկանալի է, թե ինչ կատարվեց: Բայց սա նույնպես բացատրելի է` Ղարաբաղի ժողովուրդը վաղուց հույսեր չի կապում չինովնիկների ու պատգամավորների հետ: Հասկացել է, որ Ղարաբաղի պաշտոնատարներն ընդամենը «Ղարաբաղի տերերի» սպասարկուներն են: Այդպես էր խորհրդային ժամանակներում, այդպես է նաեւ հիմա: Ինչ պահանջես նմաններից:

Իրենք` Ղարաբաղի ղեկավարներն էլ չեն թաքցնում իրենց դերը Ղարաբաղի կյանքում: Ցանկացած հարցադրման ի պատասխան հնչում է նույն պատասխանը` ինչ կարող ենք անել, Հայաստանն այդպես է ուզում: Գավառի սովորական կյանք: Կարծես չկա պատերազմի վերսկսման վտանգ, եւ նույնիսկ ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիր: Ինչպես Ռուսաստանի գոյություն չունեցող Բիրոբիջանի ինքնավարությունը: Կարեւորը` միշտ ժամանակին եւ ուշադիր նայել Հայաստանի ղեկավարության աչքերին, հանկարծ որեւէ բան բաց չթողնելու համար:

Բայց դա ամբողջը չէ: Պետք է պարզել, թե ինչպես է ապահովվում նման «իմաստուն» կյանքի կայունությունը: Թեկուզ այն բանի համար, որպեսզի ավելի հասկանալի լինի ոչ միայն լռության ֆենոմենը, այլեւ շքանշանների ու կոչումների ողջ պատմությունը եւ դրանց նշանակությունը ղարաբաղյան գործիչների համար: Չէ որ միշտ չէ, որ ուշադրություն ես դարձնում լռության ֆոնին կատարվածին: Ուշադիր դիտելով, կարելի է արագ հասկանալ, որ ղարաբաղյան լռությունը լռություն չէ, այլ սեփական արժանիքների առասպելի լուռ ցուցադրում: Դա յուրահատուկ բան է, մնջախաղի անվերջանալի թատրոն:

Ինչպես բոլոր հետխորհրդային առաջնորդները, այդ թվում ղարաբաղյան չինովնիկները, սիրում են սեփական ժողովուրդներին զարմացնել իրենց արտասահմանյան կապերով եւ «անձնական միջազգային ճանաչվածությամբ»: Կյանքը ցույց է տվել, որ նման տեխնոլոգիային տիրապետումը հաջողության բանալին է: Եվ դա հասկանալի է` նրանք չունեն սեփական պետքականության եւ անփոխարինելիության ցուցադրման այլ մեթոդներ: Մնում է միայն շքանշաններով եւ արտասահմանյան հեղինակությունների հետ լուսանկարներով հասարակություններին հիմարացնելը: Եւ կարեւորը` հնարավորինս լռել` սեփական տերերին հանկարծ չբարկացնելու համար: Չէ որ իշխանությունը ժողովրդից չէ, այլ` «վերեւից»…

Լռել եւ գլուխ տանել` ահա ժամանակակից պետական ծառայողի փիլիսոփայությունը: Ահա սա չի հասկանում հայ հասարակությունը: Այդ պատճառով էլ «ազգի հայրերը» աջուձախ փայլատակում են կոչումներով ու շքանշաններով: ԼՂՀ նախագահների դեպքում տգեղ ստացվեց` չափազանց արագ բացահայտվեց խաբեությունը: Եւ այս դեպքում չես հասկանում, ով է ավելի խարդախություն արել` ռուսական ակադեմիայի ղեկավարները, թե նրանց շքանշանակիրները:

Հնարավոր է, ոչ պակաս աղմուկով կավարտվի ԼՂՀ ներկա եւ նախկին նախագահների ներկայիս մտահղացումը: Չէ որ խոսքը ոչ թե ինչ որ կոչման, այլ Արցախի հերոսի մասին է: Դա հատուկ մարտական ծառայությունների համար է: Լավ, ասենք թե այդ կոչմանն արժանացած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչ որ կերպ առնչվել են ռազմական գործերին: Բայց որտեղից է պեղել Բակո Սահակյանը Արկադի Ղուկասյանի մարտական ծառայությունները` ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ նույնիսկ նրա թիմակիցները: Գուցե Սամվել Բաբայանի հետ պայքարում է ցուցաբերել ռազմական ունակություններ: Պետք է մի քիչ սպասել: Հնարավոր է Բակո Սահակյանը հերոսի կոչում շնորհի ուրիշ որեւէ մեկին, ասենք նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանին: Այդժամ հնարավոր կլինի պարզել նրա որոշումների տրամաբանությունը:
Հնարավոր է, Ղուկասյանը միտք ուներ զարմացնել ինչ որ մեկին, ասենք արտասահմանի հայերին, եւ այն էլ Արցախի հերոսի կոչումով: Ով է իմանում աշխարհում, թե ինչպես են շնորհվում կոչումները Ղարաբաղում: Վերցրու ու փախիր: Իսկ Ղարաբաղում թող մտածեն ու վիճեն` Ղարաբաղի բեմն արդեն խաղացվել է: Այստեղ որսալու բան չկա: Կարող է ընդհանրապես Ադրբեջանին վերադարձնեն: Կարեւորը` ուրիշների փառքը ժամանակին յուրացնել` պետք կգա օր ծերության:
Լավ կլիներ` այս շքանշանի հետ էլ նույնը չպատահեր, ինչ մոսկովյան ակադեմիայի: Չէ որ հայտնի չէ, թե ինչ պայմաններով է ստացվել այդ շքանշանը: Չէ որ, եթե չկան մարտական ծառայություններ, պետք է գնահատվեին այլ ծառայությունները: Բակո Սահակյանը ռուսական տխրահռչակ գեներալ-ակադեմիկոսներից ավելի միամիտ չէ:

ԱՐՑԱԽ ՄՅՈՒՍ ՀԱԲԱՆԴԵՑԻ
Լրագիր
18/12/2008

No comments:

Post a Comment