Monday, December 22, 2008

Միացո՞ւմ


Ղարաբաղում ամեն ինչ սպասելի էր եւ անսպասելի միաժամանակ: Ղարաբաղին իրոք կարելի է սիրահարվել, բայց ավելի լավ է նրան հանգիստ վերաբերվել: Հանգիստ այն առումով, որ դա Հայաստանի մի մասն է, եւ ոչ ավելին: Ավելի ճիշտ` շատ լավ կլինի, եթե հենց այդպիսի վերաբերմունք Արցախի նկատմամբ արմատավորվի մեր մոտ:
Կար ժամանակ, երբ Հայաստանում Ղարաբաղին սիրահարված էին: Հիմա այլ ժամանակ է. հիմա Ղարաբաղից հիմնականում նեղացած են: Նեղացած են նույնքան ուժեղ, որքան ժամանակին սիրահարված էին, եւ նեղացած են ուժեղ հենց այն պատճառով, որ ժամանակին սիրահարված են եղել: Այդ նեղվածության մասին լռելը սխալ է, բայց խոսելն էլ` բարդ: Այդ նեղվածությունը հիմա մեզանից շատերը փորձում են վերացնել նախկին սիրահարվածության վերարծարծումով: Դա չի ստացվի: Հին հռետորիկան քիչ է օգնելու. «սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի»: Բայց դա պետք էլ չի, քանի որ նոր սիրահարվածությունը, նույնիսկ եթե այն փաստ դառնա, ընդամենը նոր ցիկլի սկիզբ է լինելու, որի սկզբում սերն է, արանքում նեղվածությունը, իսկ հնարավոր ավարտը` բաժանվելը: Դեղատոմսը շատ ավելի պարզ է. մաշված կրքի մնացորդներից կարկատանած դրոշ կարելու փոխարեն, պետք է հասկանալ մի պարզ բան` Ղարաբաղը Հայաստանի մի մասն է` Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի եւ այլնի նման: Ոչ ավելի, բայց ոչ էլ պակաս: Մնացած ամեն ինչ ինքնաբերաբար հետեւում է սրանից: Հնացած ռոմանտիզմի փոխարեն, այս նոր իրապաշտությունը միայն կարող է օգնել մեզ ճիշտ դիրքորոշում որդեգրել մոտ ապագայում հնարավոր զարգացումների նկատմամբ:
Ղարաբաղ ասելով, ի դեպ, նկատի ունեմ ազատագրված տարածքներն էլ հետը: Ես բավականին երկար մտածել եմ այդ հարցի շուրջ, փորձել եմ հասկանալ տարածքները խաղաղության դիմած զիջման կողմնակիցների տրամաբանությունը, բայց այդպես էլ չեմ հասկացել, թե ինչպես են, ի վերջո, նրանք պատկերացնում բուն խաղաղությունը, որը պետք է հետեւի կարգավորման պայմանագրի ստորագրմանը: Այսինքն, ես ոչ թե խաղաղություն չեմ ուզում, այլ չեմ տեսնում կայուն եւ երկարատեւ խաղաղությունը` որպես այդ կարգի զիջումների հետեւանք: Իսկ հակառակ սցենարը` պատերազմի հնարավոր վերսկսումը զիջման արդյունքում իմ համար ավելի նշմարելի է թվում: Չեմ հասկանում նաեւ այն մարդկանց, որոնք հիմնավորում են նմանատիպ կարգավորման կողմնակից լինելու իրենց դիրքորոշումը հարեւան ժողովրդի հետ խաղաղ ապրելու ցանկությամբ, որովհետեւ ես չեմ տեսնում, որ կարգավորումը երկու ժողովուրդների հաշտեցման նպատակ հետապնդի: Կա ուժային հավասարակշռությունը փոխելու նպատակ եւ ձգտում: Ժողովուրդների թշնամանքը, կամ գոնե անբարյացակամ վերաբերմունքը ամենատարբեր պատճառներով կմնա այնպես ինչպես դա կա այսօր: Միայն թե հակամարտող կողմերից մեկի կթուլանա, իսկ մյուսը` կուժեղանա: Բայց այս ամենն էլ մեկ կողմ: Վերջին տարվա ընթացքում Հայաստանում ծավալված Շարժման, եւ հատկապես նրա երիտասարդ թեւի մեջ ես տեսնում եմ այն ստեղծագործական, եթե կուզեք «ծուռ» ներուժը, որը ծավալվելու եւ հաջողության հասնելու դեպքում կարող է նաեւ ապահովել Հայաստանի զարգացումն ու առաջընթացը, նաեւ մրցակցային առավելությունը նույնիսկ հակամարտության չկարգավորվածության պայմաններում: Իհարկե եթե խոսքը Սերժ Սարգսյանի, ախք-ի, կամ Է. Նալբանդյանի Հայաստանի մասին է, կարելի է նույնիսկ չմտածել այն հարցի շուրջ, թե արժի արդյոք հանձնել տարածքներն էլ, Ղարաբաղն էլ: Ակնհայտ է, որ այդպիսի Հայաստանը որեւէ շանս, որեւէ «էներգետիկ ներուժ» չունի ազատագրված տարածք պահելու: Բայց այդպիսի Հայաստանը առհասարակ շանս չունի նույնիսկ հենց ինքն իրեն պահելու: Այդպիսի Հայաստանը ինքին հանձնված է, պարտված է, կոտրված է: Բայց այն Հայաստանը, որը մարտի մեկին բարիկադավորվեց Մյասնիկյանի արձանի մոտ եւ փայտերով ու ձողերով դիմակայեց հրազենով զինված ապօրինի խմբերին, փրկելով իր պատիվը, եւ ցույց տալով թե Հայաստանում իրականում ինչքան տղամարդ կա, այդ Հայաստանը չի կարող ընկճել: Կարող են առարկել, որ իմ հույսն ընդամենը «ծռության» եւ հրաշքի վրա են: Բայց, եթե մենք բացառենք այդ «իռացիոնալ» թվացող գործոնները եւ ղեկավարվենք միայն քանակական հաշվարկով, ապա մենք հենց ի սկզբանե մեզ պարտված պետք է համարենք, հենց 88-ից, եթե չասենք Հայկ ու Բելի ճակատամարտից սկսած: Ինչ վերաբերվում է «ծռության»-ը, ապա դա միայն առաջին հայացքից է զուտ իռացիոնալ տարր թվում: Իրականում որոշակի չափի մեջ դա էլ հաշվարկման եւ կառավարման ենթակա գործոն է, իսկ մաքուր ռացիոնալիզմը հաճախ ինքն է հանդիսնաում որպես ամենամեծ իռացիոնալիզմ: Չի կարելի իհարկե ռազմավարությունը կառուցել միայն «կառավարելի հրաշքի» տարրի հիման վրա, բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ տարրի բացառմամբ, զուտ ռացիոնալիզմի տեսակետից Հայաստան անունով երկիր եւ հայ ազգ առհասարակ չպետք է գոյություն ունենա, քանի որ դժվար չէ ապացուցել, որ այդ դեպքում մենք ուղղակի անհետացման ենթակա պատմական մի անախրոնիզմ ենք, կուրյոզ, լավագույն դեպքում` թանգարանային նմուշ: Եվ մինչեւ 88-ը մենք կարծես հենց այդ էինք` Սովետական Հայաստանի ջերմոցային պայմաններում պահվող մի հանրապետություն-թանգարան բաց երկնքի տակ: 88-ից հետո մենք դառանք թեկուզ համեստ չափերի մեջ բայց` սուբյեկտ: Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ կարգավորումը կարող է կրկին ապամոնտաժել այդ սուբյեկտությունը: «Կարգավորումը» կարող է հերթական աղետ դառնալ, մի հարված, որին մեր հոգեբանությունը գուցե այլեւս չդիմանա:
Բայց այս ամենը հարցի տեսական կողմն է: Այսօրվա իրականությունն այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի հասարակությունները տարբեր ժամանակներում եւ տարբեր հարթություններում են ապրում: Հենց այդ իմաստով եմ ասում, որ Ղարաբաղում ամեն ինչ սպասելի էր եւ անսպասելի միաժամանակ: Սպասելի էր, որ մենք իրար դժվարությամբ ենք հասկանալու, բազմաթիվ սուր անկյուններ ենք ունենալու, եւ խոսակցությունը սկսելու ենք ոչ թե նույնիսկ զրոյից, այլ պատկերավոր ասած` մինուս տասից: Այնուամենայնիվ շատ սխալ կլիներ, վախենալով բարդություններից, առհասարակ չսկսել խոսակցությունը: Որովհետեւ, Ղարաբաղում գտնվելով, զգում ես, որ հայերիս երկու մասի բաժանումը իրոք անհեթեթություն է, եւ ինչպես եւ սպասելի էր այնտեղ ապրում են նույնպիսի հայեր, որոնք, մեծ հաշվով, ոչնչով չեն տարբերվում, օրինակ, զանգեզուրցիներից կամ լոռեցիներից: Կարեւորագույն խնդիրը, որն առկա է մեր մեջ, հենց այն է, որ զուտ մարտավարական նպատակներով ժամանակին հռչակված Ղարաբաղի անկախությունը, եւ Հայաստանի ու Արցախի միջեւ եղած սահմանը երկու կողմն էլ ինչ որ պահից սկսել են շատ լուրջ ընդունել: Եթե այդ սահմանը ջնջենք, ապա մի կողմից ղարաբաղցիները չեն կարողանա արադարանալ, որ նրանք Հայաստանի ներքաղաքական գործերին չեն խառնվում նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում, եւ հայաստանցիներն էլ ի պատասխան դրան առիթ չեն ունենա պնդել, թե այդ դեպքում էլ նրանք իրենց իրավունք են վերապահում այլեւս թիկունք չկանգնել Արցախին վտանգի պահին: Ամեն դեպքում, սակայն, երկու կողմերը դեռ շատ հեռու են իրար այս պարզ ճշմարտությունները հասկացնելու առումով: Խնդիրն այն է, որ կողմերից ամեն մեկը կրողն է ճշմարտության միայն մի մասի, եւ չի ուզում տեսնի, որ ճշմարտությունը մեկն է:

Հրանտ Տէր-Աբրահամեան
Հայկական ժամանակ
22.12.2008

No comments:

Post a Comment