Monday, December 22, 2008

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով ժամանել է Ստեփանակերտ և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Է. Նալբանդյանը Արցախի նախագահին է ներկայացրել Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման արդյունքները և Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման մանրամասները:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Դեկտեմբերի 20-ին ԱԳ նախարարը ելույթ ունենալով Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առջև, նրանց ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացը և հեռանկարները: Անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորման գործընթացում ԼՂՀ իշխանությունների մասնակցության հարցին, նախարար Նալբանդյանը շեշտել է, որ առանց բանակցություններին արցախյան կողմի լիակատար մասնակցության որևիցե պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել:

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Աղբյուր` Panorama.am

11:28 22/12/2008

No comments:

Post a Comment