Monday, December 22, 2008

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ: ԽՍՀՄ-ի փլուզման հետ մեկտեղ նկատելի դարձավ, որ Հայաստանում ու Վրաստանում հայտնվել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր անչափ մտահոգված էին «ազգային գաղափարի» որոնումներով: Այդ գաղափարի անհրաժեշտության հետ կապված վստահությունը փոխանցվեց նաև նոր սերունդներին, ինչպես այդ երկու, այնպես էլ այլ ժողովուրդների, որոնց մտավորականները չկարողացան հաղթահարել ուշացած ռոմանտիզմը և ինտեգրացվել նոր պայմանների դաշտում: Ադրբեջանում, սակայն, այդ գաղափարի որոնումները բնորոշ էին երկու-երեք մտավորականների, ովքեր անհուսորեն ռուսացած էին և բացարձակապես չէին համապատասխանում իրենց էթնոսի իրական իդեալներին: Դեռ նավթային ծրագրերի իրագործումից շատ առաջ ադրբեջանական հասարակությունն ու վերնախավը միանգամայն գիտակցված և առանց որևէ ամոթխածության ընդունեցին այն իրողությունը, որ Ադրբեջանի համար «ազգային գաղափարը» նավթն է: Այսպիսով, նավթը դարձավ բոլոր հնարավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հոգևոր խնդիրների լուծման միջոց: Ադրբեջանն արդեն զգացել է նավթային եկամուտների առավելությունը, սակայն միաժամանակ նավթի մեծ ծավալների արտահանման ժամանակաշրջանը կրճատվում է: Մնում է միայն հինգ տարի, և 2012 թվականից հետո նավթի արդյունահանման ծավալները կտրուկ կնվազեն, իսկ բազային խնդիրների լուծումը դեռ շատ հեռու է:

Ներկայումս Ադրբեջանն առաջատար գործընկերների հետ իր հարաբերություններում բացել է բոլոր խաղաքարտերը: Բաքուն, ըստ էության, ընդունել է բոլոր պայմանները, որ առաջադրել են արևմտյան գործընկերները նավթի ու գազի արդյունահանման առումով, անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում: Ղարաբաղի հարցում Ղարաբաղի իրական և ոչ դեկլարատիվ դիրքորոշումը, ըստ էության, նույնպես հանգում է արտաքին գործընկերների պայմանների ընդունմանը: Ավելին` Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում իրենից ներկայացնում է հարկադրական համաձայնություն «կարգավորման» լավագույն տարբերակին: Միաժամանակ նավթը շարունակում է մնալ բոլոր հիմնական պրոբլեմների լուծման միակ հույսն ու միջոցը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 1992-ի ամռանը զրահատանկային զորամասերի մասնակցությամբ ավարտեց Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ երկրորդ պատժիչ գործողությունը, պարզվեց, որ այդքանով հանդերձ, Ադրբեջանը չի կարողացել լուծել իր խնդիրները: Բաքվում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որից հետո Հեյդար Ալիևը դրեց Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմքերն ու նախանշեց նրա հիմնական սկզբունքները, ինչն իր մեջ ենթադրում էր բազմավեկտորություն:

Սակայն ԱՊՀ-ի ոչ մի պետություն այդպես էլ չի կարողացել ձևավորել և ամբողջությամբ իրագործել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, քանի որ դրա համար անհրաժեշտ միջոցները, նյութական ու քաղաքական ռեսուրսներն անհասանելի են նորանկախ պետությունների, այդ թվում` Բալթյան երկրների համար: Խնդիրը նույնիսկ ռեսուրսների մեջ չէ, ակտուալ էլիտաներն այդ երկրներում պատրաստ չեն և հետաքրքրված չեն այդքան բարդ արտաքին քաղաքականության իրականացմամբ, որն իր մեջ բարձր ռիսկայնություն ունի, այդ թվում` ներքին քաղաքականության առումով: Ադրբեջանում վաղուց հասկացել են, որ արևմտյան հանրությունը դիտարկում է իրենց երկիրը բացառապես իբրև գազի ու նավթի մատակարարի ու բացարձակապես հետաքրքրված չէ ժողովրդավարության կայացմամբ: Արևմուտքին ընդամենը պետք է, որ Ադրբեջանում լինի վարչական կարգ ու կանոն և ներքին կայունություն: Արևմտյան հանրությունը բոլորովին չի պատրաստվում լուծել ղարաբաղյան խնդիրը և անկեղծորեն հայտարարում է, որ այդ պրոբլեմը չունի քաղաքական լուծում` կողմերի ներկա դիրքորոշումների պայմաններում: Իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես դարձել է էթնիկ տարածաշրջանների անկախացման հզորագույն նախաձեռնողը, և Եվրոպայի երկրներում շատ քաղաքական ուժեր նպաստում են այդ ծրագրի իրականացմանը:
Երկար տարիներ Եվրոպայում քաղաքական հետազոտություններով զբաղվող փորձագետների համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ առնվազն եվրոպական փորձագիտական հանրության մեջ որոշակի տարածված կարծիք կա Հարավային Կովկասի երկրների` Եվրամիության կազմ ինտեգրացվելու հետ կապված: Կարելի է նշել առնվազն երկու տասնյակ եվրոպական փորձագետների, որոնք սերտ կապված են եվրոպական կառույցների և առաջատար եվրոպական պետությունների կառավարությունների հետ և հնարավոր են համարում Հայաստանի ու Վրաստանի ընդգրկումը Եվրոպական Միության կազմ, բայց ոչ մի դեպքում` Ադրբեջանի հայտնվելն այնտեղ: Ընդ որում, բացարձակ անկեղծորեն, սակայն ոչ հրապարակային ռեժիմում բացատրվում է, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ընդունվել Եվրամիություն, որպես, ոչ ավել-ոչ պակաս, քրիստոնեական պետություններ: Եվրոպական անվտանգության հարցերով առաջատար բրիտանական մասնագետ Կլաուս Բեքերը պնդում է, որ նույնիսկ մի քանի տարի առաջ նման բան չէր ասվում անգամ գաղտնի շփումների ժամանակ: Իհարկե, ներկայումս այս թեման դեռևս հրատապ չէ, և խնդիրը բոլորովին էլ քաղաքական որոշումների գործընթացների սելեկտիվությունն ապահովելը չէ: Սակայն այն, որ Եվրոպան արդեն սկսել է առաջադրել ու քննարկել նույնիսկ այսպիսի «էկզոտիկ» հարցեր, միջազգային հարաբերություններում նոր իրողությունների արտահայտությունն է:

Առայժմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության փոխհարաբերություններում Հարավային Կովկասի պետությունների հետ չկան ինստիտուցիոնալ տարբերություններ: Բայց վաղ թե ուշ, հավանական է, որ նույնիսկ շատ արագ կառաջանա գործնական հարցը, թե ինչու է Եվրամիությունը մերժում Թուրքիային, բայց պատրաստ է իր կազմում տեսնել Ադրբեջանին, որը նույն էթնոկրոնական և քաղաքական մոդելի պետություն է: Ցանկացած դեպքում Ադրբեջանը մշտապես զգում է իր անհավասարությունն արևմտյան հանրության հետ հարաբերություններում և գործնականում տարբերություն չի տեսնում Եվրամիության և ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների մեջ: Ադրբեջանական հիասթափության հաջորդ օբյեկտը Թուրքիան է, նրա քաղաքականությունը: Թուրքիան, որ մեծ դժվարությամբ է լուծում իր խնդիրներն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ և անիմաստ համարում խորքային ներթափանցումը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պրոբլեմների մեջ, երբ բուն Անատոլիան տարաբաժանված է մասերի, այդ գործընթացը շարունակվում է նոր առաջնահերթությունների որոնման ձևով: Ադրբեջանական էլիտայի հավերժական գաղափարի համաձայն, Թուրքիան ոչ միայն պետք է օգնի Ադրբեջանին, այլև նրա փոխարեն լուծի բոլոր պրոբլեմները: Այս գաղափարը շարունակում է մնալ ադրբեջանական սպառողական մտածողության արատավոր մասը: Թուրքիայի նկատմամբ ադրբեջանական մոտեցումն ունի երկու բաղադրիչ` անատոլիական մոդելի կրկնօրինակումը և Թուրքիայի պահվածքի ընդօրինակումը: Գումարած սպառողական մտածելակերպը, որը, ի վերջո, հանգեցրել է խոր հիասթափության Թուրքիայի նկատմամբ` իբրև ազգակից պետության և ռազմավարական գործընկերոջ: Միանգամայն հասկանալի է, որ Թուրքիան բոլորովին չի շտապում լուծել Հայաստանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այլ ծրագրում է բոլորովին ուրիշ, էքսպանսիոնիստական խնդիրների լուծում ընդհանուր տարածաշրջանում: Սակայն նույնիսկ դեպի Հայաստան ձեռնարկած Թուրքիայի սահմանափակ քայլերն Ադրբեջանում արդեն դարձել են ոչ միայն ծայրահեղ գրգռվածության առիթ, այլև Բաքվի առաջ դրել մի շարք կարևոր հարցեր: Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ վերջնականապես հավասարակշռությունից հանեցին Ադրբեջանի ղեկավարությանը, իսկ նման հոգեվիճակը լավ խորհրդատու չէ արտաքին քաղաքականության մեջ:
Ադրբեջանը փորձում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ «նոր» հարաբերություններով, ինչն ԱՄՆ-ում, անգամ Թուրքիայում ոչ թե մտահոգություն, այլ քմծիծաղ է առաջացնում: Շլացնելու նպատակ հետապնդող այդ փոխադարձ քաղաքական նախաձեռնությունը հանգեցրեց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված «ռուսական նախագծի» հրատապ երևան գալուն: Ավելի հարմար նախագահ Ռուսաստանում, քան Դ. Մեդվեդևն է, Ադրբեջանի համար այլևս չի գտնվի: Բացարձակապես անփորձ քաղաքական գործիչ, կորպորատիվ հայացքներով ու կեցվածքով, որն ավելի շատ հիշեցնում է ահռելի փողեր տնօրինող կոմերցիոն ընկերության հաջողված մենեջերի, ում հետ կարելի է խոսել ինչպես բրոքերի հետ: Գտնվելով բավական աննախանձելի վիճակում ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև սեփական կառավարության ներսում, Դ. Մեդվեդևը կարիք ունի արտաքին քաղաքական արագ ու ցուցադրական հաջողությունների, որոնք կհամադրվեին կոմերցիոն առավելությունների հետ: Ղարաբաղյան թեման դարձավ մեծ կեղծիք հենց Դմիտրի Մեդվեդևի համար, քանի որ շատ շատերը Մոսկվայում այդ նախագծի ստեղծման ամենասկզբից հետ էին քաշվում նոր նախագահից` հասկանալով դրա կանխատեսելի տապալումը: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական լոբբինգը բավական ազդեցիկ գտնվեց, եթե նույնիսկ այդպիսի խայտառակ տապալումից հետո Հայաստանի վրա շարունակվում է ճնշումը Ղարաբաղի հարցով: Անկասկած, Ադրբեջանը զգացել է Ռուսաստանին դիմելու իր նախաձեռնության ողջ ապարդյունությունը իբրև մի տերության, որն ընդունակ է լուծել ղարաբաղյան հարցը Բաքվի օգտին առանց իրեն էական վնաս պատճառելու: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ադրբեջանական սցենարով կհանգեցնի Ռուսաստանի համար Հարավային Կովկասի լիարժեք կորստին և արդեն հիմա Ռուսաստանը հասկացել է, որ հավերժ կորցրել է Հայաստանի ու հայերի նվիրվածությունն ու անկեղծությունը` ձեռք բերելով նոր ու շատ անցանկալի թշնամի, որը գտնվում է հենց ռուսական ճամբարում: Այսպիսով, Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականությունից ոչինչ դուրս չեկավ, ինչպես նաև նրա «բախտակից» մյուս ընկերների մոտ դա չստացվեց: Ադրբեջանի պատմական ճակատագիրը շատ անորոշ է, նրա տեղը տարածաշրջանի ապագա աշխարհաքաղաքական դասավորության մեջ` անհասկանալի: Ադրբեջանի ապագա նախապատվությունները կասկածելի են, իսկ նրա հասարակությունը, քաղաքական ու հոգևոր առումով, ընդհանրապես հասունացած չէ, որպեսզի այդ պետական կազմավորման վրա մեծ խաղագումարներ դրվեն իբրև ռազմավարական գործընկերոջ:

Եվրոպայի և Եվրասիայի «պատմական» պետությունների համար բազմաթիվ խնդիրներ կան Ադրբեջանի հետ հարաբերություններում, և նույնիսկ Թուրքիան Բաքվին չի դիտարկում իբրև լիարժեք գործընկերոջ` որոշակի զգուշավորությամբ ընդունելով նրա նախաձեռնություններն ու հավակնությունները: Կան շատ նախանշաններ ու փաստեր, որոնք ապացուցում են ժամանակակից թուրքական և ադրբեջանական շահերի անհամատեղելիությունը: Բաքվում սկսել են գլխի ընկնել, որ Թուրքիան ամենևին էլ շահագրգռված չէ ամբողջական քաղաքական կառույցներով ադրբեջանական պետության ձևավորման մեջ: Թուրքիան շահագրգիռ է Ադրբեջանի ենթակայությամբ այն աստիճան, որ նա այնքան էլ չպնդի Ղարաբաղի հարցի լուծման իր պահանջը: Անկարայում հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հարցը հանդիսանում է և նույնիսկ ավելին` կարող է վերածվել ավելի լուրջ խոչընդոտի մոտակա միջնաժամկետ տարածաշրջանային և միջտարածաշրջանային խնդիրների լուծման համար: Ղարաբաղյան թեման չի կարող շեղել Թուրքիային ավելի կենսական խնդիրների լուծումից, Անկարայի վերնախավի համար դա ընդամենն ադրբեջանական հավակնությունների հարց է, ոչ ավելի: Ադրբեջանական պրոբլեմների եվրոպական ընկալումն այնքան անընդունելի ու օտար է ադրբեջանցիների աշխարհընկալմանը, որ Բաքվում վաղուց հասկացել են` երկիրն ամենասահմանափակ շանսերն ունի զարգանալու հենց եվրոպական վեկտորի ուղղությամբ: Առաջին հայացքից եվրոպական առաջնահերթությունները, որոնք ենթադրում են «տարածքային ամբողջականության» հարգում և «փախստականների» վերադարձ, կարծես լիովին համապատասխանում են ադրբեջանական շահերին: Սակայն Եվրամիությունը, մայրցամաքային Եվրոպայի առաջատար պետությունները չունեն տարածաշրջանում օպերացիոն կառավարման համակարգ, ոչ էլ պատրաստվում են այն ստեղծել: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը մոտենալու Եվրամիության փորձերի յուրաքանչյուր փուլն ավարտվում է տապալմամբ, ինչը բացահայտում է այդ գաղափարի ու ջանքերի անհեռանկարայնությունը: Արևմուտքում Ադրբեջանի միակ իրական գործընկերն ԱՄՆ-ն է` Մեծ Բրիտանիայի հետ նրա գործընկերային հարաբերությունները հաշվի առնելով: Միայն ամերիկացիներն են Եվրասիայում կառուցում որոշակի աշխարհաքաղաքականություն և կարիք ունեն հուսալի գործընկերների, ինչպես նաև իրենց ռազմավարության ծավալման «հրապարակների»:

Գեոռազմավարական պայմանների ու առանձնահատկությունների տեսանկյունից Ադրբեջանը բնութագրվում է իբրև իդեալական տարածք տարբեր նշանակության ռազմական բազաներ ստեղծելու համար: Եվ հավանաբար շատ շուտով ԱՄՆ-ը կշարունակի իր քաղաքականության իրագործումն Ադրբեջանի նկատմամբ: Սակայն հարց է առաջանում, թե ինչ տեղի կունենա, որքանով կմեծանա Ադրբեջանի նշանակությունն ԱՄՆ-ի համար իբրև տարածաշրջանային գործընկերոջ: Հնարավոր է, որ միայն ուժեղանա ԱՄՆ-ի ֆունկցիոնալ ներկայությունն այդ երկրում, իսկ դրանք բոլորովին էլ համարժեք հասկացություններ չեն: Գործընկերոջ հետ տեղի է ունենում որոշակի երկխոսություն համապատասխան ձևաչափով, իսկ «հրապարակն» օգտագործվում է միայն տեխնիկական նպատակների համար: 2005-07 թթ. իրադարձությունները, երբ Ադրբեջանն իրագործում էր Հայաստանի հետ պատերազմի վերսկսման իմիտացիայի իր ծրագիրը, ամերիկացիները բավական հասկանալի բացատրեցին ադրբեջանական առաջնորդներին, որ նրանք իրենց արժանիքների շնորհիվ չեն ստանում մեծ եկամուտներ և ձեռք բերում սպառազինություն, այլ արևմտյան պետություններն են ստեղծել այդ պայմանները: Եվ նրանց համար ընդունելի տարբերակ չէ ռազմական գործողությունների վերսկսումը: Սա դասական օրինակ է, թե ինչպես են տեխնիկական խնդիրների շուրջ «բանակցում» «հրապարակի» հետ: ԱՄՆ-ը կարիք չունի Ադրբեջանն ընդգրկելու իր ռազմավարական գործընկերների ցանկում, չնայած Վաշինգտոնում գործող վարչակազմի` այդ թեմայով հնչեցրած պաշտոնական հայտարարություններին: Ամերիկացիները շատ լավ հասկացել են, որ Ադրբեջանը ժամանակակից աշխարհում, ԱՄՆ-ից բացի, ռազմավարական գործընկեր չունի, ինչպես էլ «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությունը տարբեր ձևափոխումներով օգտագործվի տեխնիկականից մինչև քաղաքական հարցերի շրջանակում: Իսկ Հայաստանը, ինչպես ոչ մի այլ պետություն, շահագրգիռ է, որ հենց ԱՄՆ-ը դառնա ոչ միայն Ադրբեջանի գործընկերը, այլև միակ գործընկերը: Այն համատեքստում, որ «միակ» բառն էլ հենց նշանակում է ռազմավարական և ոչ ուրիշ որևէ բան:

Միաժամանակ կան սպասումներ, որ Վրաստանն է դառնալու ամերիկյան բազաների տեղակայման «հրապարակ» այս տարածաշրջանում, իսկ Ադրբեջանին կվերապահվեն հիմնականում տրանզիտային գործառույթներ: Ադրբեջանի արտաքին հարաբերություններում ԱՄՆ-ի առաջատար դերը թույլ կտա Բաքվին պահպանելու հարաբերական ինքնուրույնություն արտաքին քաղաքականության մեջ, անվտանգության հարցերում, ինչպես նաև բովանդակային երկխոսության հնարավորություն այլ գործընկերների հետ: Կարիք չի լինի փոխըմբռնման հասնել այլ տերությունների հետ, և Ադրբեջանը հարկադրված կլինի համակերպվելու այն իրողությանը, որ նավթը և միայն նավթն է ազգային գաղափարը, որը չի բավականացնի մեծ հավակնություններն իրագործելու համար, բայց միանգամայն բավարար է բարեկեցիկ գոյություն պահպանելու տեսանկյունից: Բաքվում պետք է բավարարվեն այսպիսի հեռանկարով:

Իրավունք դե ֆակտո
Լրագիր

22 Դեկտեմբերի, 2008

No comments:

Post a Comment