Monday, December 22, 2008

ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ՝ ԹԵԿՈՒԶ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ

Ասում է ՀՀ ԳԽ եւ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Քաշաթաղի շրջանում գործող «Մենք» գյուղփոխօգնության միության նախագահ Տիգրան Կյուրեղյանը:

- ԼՂՀ հարցի լուծման շուրջ վերջին զարգացումներում ազատագրված տարածքները վերադարձնելու իրական վտանգ Դուք տեսնո՞ւմ եք:

- Այս պահին ես մտահոգ չեմ, որ միջազգային ատյաններում ԼՂՀ հարցն ինչ-որ կերպ կլուծվի, քանի որ աշխարհաքաղաքական այն խաղացողները, որոնք ընդգրկված են գործընթացում՝ ԱՄՆ, ՌԴ եւ Եվրոպա, դեռեւս իրար հետ լուրջ հակասություններ ունեն: Թող հայաստանյան քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանությունները, հանգիստ լինեն, վերջապես դադարեցնեն տարածքների հանձնման վերաբերյալ բոլոր խոսակցությունները: Նաեւ հիասթափեցնեմ իրենց՝ ուզենան էլ, չեն կարող հանձնել այդ տարածքները, քանի որ դրան դեմ կգնա ողջ հայ ժողովուրդը: Իրենք ուղղակի իրենց դեմքը կկորցնեն՝ մասնակցելով այդ գործընթացին, նաեւ՝ կզրկվեն իրենց աթոռներից: Խոսքս վերաբերում է նաեւ ընդդիմության առաջնորդներին, որոնք քաջալերում են իշխանություններին ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար: Ադրբեջանցիների կողմից զիջումը, ես ինչքան հասկանում եմ, ազնիվ խոսք տալն է: Թուրքի ազնիվ խոսք, որըգիտենք, էլի, ոչ մի արժեք չունի: Այս խոսակցությունները ավելի մեծ եւ վատ նշանակություն են ունենում ներազգային հարթության վրա: Հայ ազգին ներարկվում է այն միտքը, որ այդ տարածքները կարելի է վաճառել, հանձնել ինչ-որ ուրիշ բան ստանալու դիմաց եւ այլն: Այնինչ դա մեր հայրենիքն է: Իսկ հայրենիքը սակարկման ենթակա չէ:

- Քաղաքական շրջանակների այդ խոսակցությունները ի՞նչ ազդեցություն են ունենում տեղի բնակչության վրա:

- Այդ տարածքների հետ կապված բոլոր խոսակցությունները մարդկանց շատ ավելի զգուշավոր են դարձնում. ստացվում է, որ միայն այդ տարածքներում ապրող մարդիկ են մնում տարածքների միակ տերը, այնինչ՝ ամբողջ հայ ազգը պետք է այդ տարածքներին վճռականորեն տեր կանգնի: Այդ առումով նման խոսակցություններն իրենց բացասական դերն ունենում են: Պետք չէ տարածք հանձնելու հետ կապված խոսակցությունները տիրաժավորել ու տարածել: Իրենք իրենց թող զիջեն. տարածքներին թող չկպնեն, որպես հայրենիքի պետք է վերաբերվել, պետք է բնակեցնել այդ տարածքները: ԼՂՀ-ում առնվազն 15 տարում մենք պետք է ավելացնենք բնակչության թիվը՝ հասցնելով մոտ 500 հազարի: Դա կլինի ԼՂՀ հարցի իրական լուծում: Կճանաչվի՞, արդյոք, ԼՂՀ-ն Մոզամբիկի, Բուրկինաֆասոյի կամ չգիտեմ ում կողմից, մեզ չի հետաքրքրում:

- Ձեզ գոհացնո՞ւմ է ԼՂՀ իշխանությունների զգուշավոր կեցվածքը:

- Իշխանությունները, պարզ է, որ ավելի զգուշավոր պիտի լինեն, բայց վերջերս նկատվեց, որ Ղարաբաղում հասարակությունն ակտիվանում է, ինչն ուրախալի է: Վերաբնակեցման հարցում Բակո Սահակյանի վերջերս արած հայտարարությունները հուսադրող են: Հուսով ենք, որ 2009-ին արդեն վերաբնակեցման հարցում բեկումը կսկսվի, եւ դա իր ազդեցությունը կունենա: Այդ տեսակետից ԼՂ-ում շատ ավելի առողջ մթնոլորտ է, քան ՀՀ-ում: Երբ ՀՀ բոլոր ուժերը գան համաձայնության, որ մենք պահում ենք ԼՂՀ հարցում ստատուս-քվոն, որեւէ զիջում չենք անում ի հաշիվ տարածքների, դրանից հետո առողջ հիմք կստեղծվի քաղաքական դաշտը բարելավելու համար:

- Բայց ճիշտ հակառակ համաձայնությունը եղավ Ս. Սարգսյանի նախաձեռնած հավաքում, երբ բոլոր կուսակցական ղեկավարները համաձայնեցին «մադրիդյան սկզբունքներին»՝ չիմանալով, ի վերջո, ի՞նչ են դրանք:

- Դա 50 «պեչատ» ունեցողների հավաք էր: Մարդկանց ինքնասիրությունը շոյվեց, որովհետեւ նախագահի հետ խոսեցին: Պետք է հաշվի առնել ԼՂՀ-ում, ազատագրված տարածքներում ապրող մարդկանց կարծիքը: Դա այն մասսան է, որը եթե նույնիսկ այդ տարածքներ գնալու սոցիալական դրդապատճառներ է ունեցել, այնուամենայնիվ, գնացել է ազատագրված տարածքներ՝ ոչ ՌԴ կամ Եվրոպա:

- Մտավախություն չկա՞, որ հայաստանյան ներքաղաքական բացասական զարգացումները, եվրոպական հնարավոր պատժամիջոցները մեր երկրի դեմ, ի վերջո, կհանգեցնեն ԼՂՀ հարցում զիջումներ կորզելուն:

- Եվրոպան մեկ խնդիր ունի լուծելու՝ իր աշխատանքային ռեսուրսներն ինչ-որ կերպ բավարարելու. Եվրոպան արագորեն մահանում է: Հայաստանին պատժում են, բայց, միեւնույն ժամանակ, հեշտացնում են վիզային ռեժիմը. պատվիրակությանը ձայնից կզրկեն, բայց հայերին հաճույքով կընդունեն իրենց մոտ: Հայերն իրենց համար հեշտ ինտեգրվող, համեմատաբար քիչ խնդիրներ ստեղծող ազգի ներկայացուցիչներ են, որոնք մի քանի սերունդ հետո կդառնան լիարժեք եվրոպացի: Որպեսզի հայերը գնան այս տարածքից, պետք է, որ ՀՀ-ն չկայանա որպես նորմալ պետություն: Հստակ գիտակցենք, որ հզոր ՀՀ-ի առաջացումը ձեռնտու է միայն եւ միայն հայերին, եւ այսօր ինչ որ պետք է անենք ժողովրդավարության հաստատման ու հզորանալու համար՝ անում ենք ինքներս մեզ համար. դա ներհայկական պահանջ է: Եթե վաղը Հայաստանում անհրաժեշտություն ծագի Եվրոպայի հետ բոլոր կապերը խզել հանուն Արցախի՝ վերեւում նախանշած լուծումը ստանալու համար, պետք է նաեւ դրան գնալ: Մենք չպետք է կապիկություններ, արժեքային համակարգի եւ տարածքների հաշվին զիջումներ անենք՝ հանուն նրա, որ միգուցե մի օր մեզ հնարավոր է կոչեն եվրոպացի: Մենք ոչ էլ ռուսաստանցի կամ ամերիկացի ենք դառնալու, մենք հայ ենք մնալու:


ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առավոտ, 20/12/2008

No comments:

Post a Comment