Saturday, February 28, 2009

Բակո Սահակյան.«Որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն»

Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Սպայի տանը Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում դարձյալ անդրադարձել է կաշառակերության թեմային, որը վերաբերում էր ինչպես պետհամալսարանին, այնպես էլ տարբեր ոլորտներին:

«Գտնում եմ, որ եթե հավաքվել ենք, ապա պետք է խոսենք ճշմարտության լեզվով: Եթե այսօր չխոսենք այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են մեր պետության զարգացմանը, ապա հետագայում ունենալու ենք ավելի վատթար վիճակ, քան այսօր է»,-այսպես է իր գնահատականը հնչեցրել նախագահը` հավաստիացնելով, որ պետությունը ներկայումս ամեն ինչ անում է` այդ արատավոր երեւույթների վերացման ուղղությամբ:

Ըստ նրա, այդ առումով ինչ-որ հաջողություններ արդեն իսկ առկա են. ապացույցը իրավապահ մարմինների եւ դատաիրավական համակարգի գործունեության վերափոխումն է: «Գաղտնիք չէ, որ դատական համակարգը երկար տարիներ իրեն դրսեւորում էր որպես կաշառակերության զարգացման գործունեություն իրականացնող: Դա միայն դատարանում չէր, այլ նաեւ դատախազությունում, ոստիկանությունում եւ այլն: Նման երեւույթները նվազեցվում են, եւ համոզված եմ, որ մենք շատ մոտ ենք դրանք մեր կյանքից արմատախիլ անելուն»,-ասել է Բակո Սահակյանը:

Արատավոր երեւույթներ են լինում նաեւ երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորման դեպքերում: Այստեղ, ինչպես նախագահն է նկատել, շատ անգամ գործում են ոչ թե հստակ մեխանիզմներ, այլ պետական այրերի կողմից գործի է դրվում «ծանոթ-բարեկամի» մեխանիզմը: Շարունակելով նույն թեման` նա քաղաքացիական ծառայությունը որակեց որպես «ամենաընդգծված ձեւական բնույթ կրող»:

«Մեր որոշ պաշտոնյաներ իրենց պաշտոնը դիտում են որպես ինքնուրույնություն, շատ դեպքերում էլ որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»,-ավելացրել է նախագահը, հավաստիացնելով, որ նման երեւույթների դեմ պայքարում, ինչպես միշտ, անհրաժեշտ է նաեւ հասարակության աջակցությունն ու ըմբռնումը:

www.hetq.am

Անահիտ Դանիելյան

27.02.2009

No comments:

Post a Comment