Saturday, February 28, 2009

Փոփոխություններ տարածաշրջանում. ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան Կովկասում

Վերջին ժամանակներս զգալիորեն ամրապնդվել են Թուրքիայի դիրքերը կովկասյան տարածաշրջանի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներում: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ դիրքերը երբեք էլ թույլ չեն եղել, սակայն նման աշխուժացում չի նկատվել հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում: Բավական է նշել, որ հունվարի 1-ին Թուրքիան 2 տարով դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ

Ձգտելով բաց չթողնել «պատմական հնարավորությունը»` Անկարան արդեն հանդես է եկել Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ, որը, թուրքերի հավաստմամբ` «պետք է դառնա հարցերի քննարկման պլատֆորմ» տարածաշրջանի հինգ պետությունների` Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հաշվի առնելով այդ երկրների միջև առկա հակասություների թիվը` այդ նախաձեռնությունը շատ լուրջ նախագծի տպավորություն է թողնում: Բոլոր «հրավիրվածներն» արդեն «կողմ» են արտահայտվել, թեև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի որոշ քաղաքական ուժեր Երևանի այդքան դրական դիրքորոշումը ճիշտ քայլ չեն համարում:
«Անվտանգության կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը հաշվի չի առնում տարածաշրջանում ստեղծված իրողությունները,- հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: - Այն արդյունավետ կլինի միայն այդ դեպքում, եթե հաշվի առնի, որ տվյալ տարածաշրջանում կա ոչ թե երեք պետություն, այլ վեց պետական կազմավորում` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը (ՄԱԿ-ի անդամներ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Այսպիսով` պաշտոնական Անկարան ամբողջությամբ անտեսում է Հարավային Կովկասում նման դասավորության փաստը և ի սկզբանե կողմնորոշված է տարածաշրջանում քաղաքական քարտեզի անփոփոխելիությանը»:

Լեռնային Ղարաբաղի կառավարական շրջաններում սատարում են Հովհաննիսյանի հնչեցրած տեսակետը: ԼՂՀ մի շարք քաղաքական գործիչներ համարում են, որ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցությունը պլատֆորմի աշխատանքներին պարտադիր է: Հակառակ դեպքում այն իմաստ չունի:
Նաև կարծիքներ են հայտնվել, որ հաշվի առնելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Մոսկվայի կողմից` Ռուսաստանը դժվար թե համաձայնի Թուրքիայի նախաձեռնությանը, որը հիմնվում է հարավկովկասյան երեք պետությունների սահմանների անխախտության վրա: Հենց այս և որոշ այլ հարցերի պարզաբանման նպատակով էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 12-ին եռօրյա այցով մեկնեց Մոսկվա:
Մեկնելուց առաջ նա հայտարարեց. «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն ավելի քան 500 տարեկան են, և այսօր դրանք ապրում են ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ծաղկման շրջանը»: Անդրադառնալով Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմին` Գյուլն ասաց. «Մոլորակի այս մասում կան շատ սառեցված հակամարտություններ, սակայն սխալ կլիներ փորձել դրանք հավերժ պահեստավորել սառցարանում»:
Նա նաև հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային դերը պատկանում է Մոսկվային: Փետրվարի 13-ին բանակցությունների արդյունքների հիման վրա նախագահներ Գյուլն ու Մեդվեդևը ստորագրեցին համատեղ հռչակագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նոր փուլ անցնելու և բարեկամության հետագա խորացման ու բազմապլանային համագործակցության մասին:
«Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ խնդիրների լուծումն ընդգրկել Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստ և դրանով նսեմացնել հայ-թուրքական հարաբերությունների նշանակությունը,- այդ կապակցությամբ հայտարարել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: - Նման դասավորության դեպքում, եթե, ասենք` իրոք հնարավոր լինի համաձայնության գալ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, Թուրքիան դժվար թե որևէ զիջման գնա ղարաբաղյան կարգավորման հարցում»:
Սարգսյանի կասկածն է հարուցում այն հանգամանքը, որ Գյուլի` Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս-թուրքական հռչակագրի ստորագրման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանկարծ վստահություն հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է: «Ադրբեջանը հույս ունի, որ տվյալ դեպքում կարող է մշակվել ղարաբաղյան հարցի լուծման այնպիսի ծրագիր, որը ձեռնտու կլինի իրեն: Այլ կերպ Ալիևի խոսքերը դժվար է բացատրել»,- ընդգծել է Սարգսյանը:
Այլ կարծիք ունի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը. «Պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է վերանայենք մեր մոտեցումները Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների հարցում: Պատմականորեն Ռուսաստանն ու Թուրքիան ախոյաններ են եղել տարածաշրջանում, և Կովկասը եղել է այն շրջանը, որը նրանցից յուրաքանչյուրը փորձել է կամ միացնել իրեն, կամ վերցնել սեփական հովանավորության տակ: Չկա ոչ մի նշան, որ իրավիճակը փոխվել է. մենք ականատես ենք լինում գործողությունների որոշ քաղաքական համակարգման, զարգացած տնտեսական համագործակցության, սակայն ռազմաքաղաքական ոլորտում այս երկրները տարբեր վեկտորներ ունեն, ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքականության մեջ փոփոխություններ դեռ չկան»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Սաֆրաստյանը կարծում է, որ «դրական տեղաշարժերը ռուս-թուրքական հարաբերություններում դժվար թե որևէ ազդեցություն ունենան այդ հակամարտության կարգավորման վրա: Իմ կարծիքով` ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտն է, որում այս երկրների շահերը ոչ թե համընկնում են, այլ հենց բախվում»:
Նրա կարծիքով` այն փաստը, որ Անկարան ցույց է տալիս, թե փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նախևառաջ պայմանավորված է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության նոր բանաձևի նախապատրաստությամբ: Ընդ որում` Սաֆրաստյանը կարծում է, որ թուրքական դիվանագիտության ջանքերը, ամենայն հավանականությամբ, դրական արդյունք կտան` նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր խոսքում կխուսափի «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց:
«Թուրքիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցում Օբաման բարձրացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, և ես համոզված եմ, որ նրան ասել են հայերի հետ բանակցությունների մասին, և որ ԱՄՆ-ի միջամտությունը և ցեղասպանության թեման բացասական ազդեցություն կունենան այդ գործընթացի վրա»:
Փետրվարի 9-ին պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետևանքների մասին հարցին` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն ասել է, որ երրորդ երկրի ցանկացած միջամտություն Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող բանակցային գործընթացին կարող է բացասական ազդեցություն ունենալ:
«Հայ-թուրքական երկխոսությունն ուղղված է երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի նորմալացմանը, և մինչ կողմերը առաջընթաց են արձանագրում և շարունակում են այդքան կարևոր բանակցությունները, յուրաքանչյուր ոք պետք է ձեռնպահ մնա քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել այդ գործընթացին»:
Այս հայտարարությունը թելադրված է այն մտավախությամբ, որ ԱՄՆ հրեական լոբբին կարող է սատարել (փաստորեն, պատմության մեջ առաջին անգամ) «հայկական բանաձևը»: Այլ խոսքով` թուրք դիվանագետը հասկացրել է, որ ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից կարող է դադարեցնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով ընթացող հայ-թուրքական երկխոսությունը, և «դրանում մեղավոր կլինեն հենց ամերիկացի կոնգրեսականները»:
Հաշվի առնելով լարվածության աճը Թուրքիայի և Իսրայելի միջև` Սաֆրաստյանը կարծում է, որ «հրեական լոբբին արդեն այդպես միանշանակ չի աջակցում Թուրքիային, և, հետևաբար, Կոնգրեսում ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը, ամեն դեպքում, բարձր է»:
Այսպիսով, առայժմ վաղ է խոսել քաղաքական գործընթացների զարգացման քիչ թե շատ կոնկրետ սցենարի մասին: Ամեն ինչ փոխվում է շատ արագ, և հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ուժերի նոր դասավորության կազմավորման համար:

Արիս Ղազինյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից 
20.02.2009

No comments:

Post a Comment