Saturday, February 28, 2009

«ԱՅՍՕՐ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՎԱՂԸ՝ ՄՈՌԱՆՈՒՄ». ԻՍԿ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է

«Սումգայիթյան ջարդերը երկրում հիշում են միայն այս օրերին, այնուհետև՝ կրկին մոռանում: Այսօր, ասուլիսից հետո երևի ասեմ ցտեսություն, մինչև հաջորդ տարի այս օրերին, քանի որ արդեն 21 տարի է, ինչ նույնը կրկնվում է»,-այսօրվա ասուլիսում ասաց փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը


Ըստ նրա, այս անտարբերությունը կկրկնվի այնքան ժամանակ, մինչև իսկապես չհասկանանք, հարկավո՞ր է այս թեման դարձնել քննարկման առարկա, դրա կարիքը կա արդյոք, թե՞՝ ո՛չ: Եվ որ շատ կարևոր է, Ռ. Սահակյանը նշեց, թե պետք է հասկանալ, թեմայի քննարկման պատվիրատուն իրականում հասարակությու՞նն է, թե՞ իշխանությունները: Ահա այս հարցերի պատասխանները գտնելուց հետո միայն, Ռ. Սահակյանի կարծիքով, հնարավոր կլինի 88 թվականին Սումգայիթյան ցեղասպանության մասին հիշել ոչ միայն փետրվարի 26-28-ին:

Իսկ որ դա ցեղասպանություն է եղել, նա համոզված է: Ասում է, որ փաստերն են ապացուցում: Բացի այդ, 88-ին տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանության կոնվենցիայի համապատասխան նորմերում նշված ձևակերպումներին:

Ասուլիսի մյուս բանախոսը, փախստականների խնդիրներով զբաղվող, «Փախստականների և միջազգային իրավունքները քաղաքացիական հասարակության» ցանցի համակարգող Էլիանորա Ասատրյանը հավաստեց, որ այս հարցի քննարկման պատվիրատուն հասարակությունն է: Նա փախստականների ու հասարակության անունից հույս հայտնեց, թե այսպիսով հնարավոր է իշխանությունների գիտությանը հասցնել, որ այսօր արդեն ժամանակն է ղարաբաղյան հակամարտության ամենամեծ զոհերի՝ ադրբեջանահայ փախստականների խնդիրը ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանին դնելու:

«Ես հասարակության անունից դիմում ու պահաջում եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների սեղանին դրվի հայ փախստականների խնդիրը: Այն հատկապես կարևոր է այսօր, քանի որ վաղը Ղարաբաղում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ բանակցությունների շրջանակում շրջանառվող Մադրիդյան սկզբունքների մեջ ներառված են ադրբեջանցի փախստականների կամ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցը»,-նշեց Է. Ասատրյանը:

Ըստ նրա, բացարձակ չշահարկելով մարդու իրավունքների տեսանկյունից նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը, կազմակերպությունը հասարակության անունից պահանջում է, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը համարժեք կերպով դրվի բանակցությունների սեղանին:

Նշենք, որ կազմակերպությունն այս առիթով դիմել է հայկական երկու պետությունների, Ադրբեջանի իշխանություններին ու համանախագահներին: Ինչպես ինքն է նշում, Ադրբեջանում այս հարցը մեծ անհանգստության առիթ է դարձել, մտածել են՝ սա ոչ թե հասարակական կազմակերպության այլ՝ իշխանությունների կողմից կազմակերպված քայլ է, իսկ համանախագահներից ոչ ոք չի արձագանքել, միայն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչն է արձագանքել, ով պատասխանել է. «Իսկ ի՞նչ կարող են անել համանախագահները: Թող ձեր երկիրը բարձրացնի այդ խնդիրը»:

Աղբյուր` Panorama.am

27.02.2009

No comments:

Post a Comment