Saturday, February 28, 2009

Հենց Հարավային Կովկասում է Ռուսաստանը փորձում ապահովել «առաջնային շահերի» գոտին

4/02/2009

«ՓԼՈՒԶՈՒՄԸ ՆԱԽ ՍԿՍՎՈՒՄ Է ՈՒՂԵՂՆԵՐՈՒՄ»

 Պատերազմը միշտ էլ լուրջ քաղաքական նպատակների հասնելու միջոց է: Պատերազմը միայն քաղաքական ակտ չէ, այլ քաղաքականության գործիք, քաղաքական հարաբերությունների շարունակություն կամ դրանց իրագործում այլ միջոցներով»:

Կարլ ֆոն Կլաուզևից Գերմանացի քաղաքական և ռազմական գործիչ

 Այս օրերին ռուսական բազմաթիվ ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկատվություն, թե 2009-ի փետրվարի 20-ին ընդունվել է Մերձկարպատյան Ռուսիայի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության մասին դեկրետը: Այն հիմնված է Ռուսինական ժողովրդական տրիբունալի այս տարվա հունվարի 5-ի որոշումների վրա: Փաստաթղթում հղում է արվում «ուկրաինական 18-ամյա ոչ օրինական կառավարմանը», Կարպատներից հարավ ընկած Ռուսինների երկրի տարածքն անեքսիայի ենթարկելու փորձերին և «տարածաշրջանի ժողովրդի ցեղասպանությանը»: Արձանագրվում է, որ Մերձկարպատյան Ռուսիայի Հանրապետությունը մտադիր է ընդգրկվել ԵՎՐԱԶԵՍ-ի մեջ և ռուսական ռուբլու գոտում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում (հավանական է, որ ՀԱՊԿ ընդունվելու հայտը կհանձնվի կազմակերպության ղեկավարությանը, ինչը, բացի Ռուսաստանից, մյուս երկրների հիացմունքը չի առաջացնի, ինչպես եղավ Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագայում): Բացի այդ, հայտարարվել է, թե Մերձկարպատյան Ռուսիայի Հանրապետությունում թույլատրված է երկքաղաքացիությունը, և հասկանալի է, թե ինչ է դրա տակ ենթադրվում, եթե նկատի ունենանք Կովկասում և Ղրիմում ստեղծված ծանր իրավիճակը:

Միաժամանակ այս ամենին հետևեցին ռուսական քաղաքական գործիչների մեկնաբանությունները: «Այն փաստը, որ ռուսիններն արմատականացնում են իրենց պահանջները, պայմանավորված է նրանով, որ ՈՒկրաինայի կենտրոնական իշխանությունն անտեսում է այդ խնդիրը»,- հայտարարեց ռուսական Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ, ոչ անհայտ Կոնստանտին Զատուլինը, ինչին ի պատասխան ՈՒկրաինայի անվտանգության ծառայության կողմից տարածվեց հաղորդագրություն, թե անդրկարպատյան անջատականներին ֆինանսավորում են ռուսական քաղաքական գործիչները, ովքեր ուզում են հեղինակություն վաստակել ՈՒկրաինայի տարածքի հաշվին:

Այս թեմայի արծարծումը նպատակահարմար է այն տեսանկյունից, թե ինչու են ռուսները հերթական անգամ հակամարտության իրավիճակ ստեղծում հետխորհրդային տարածքում: Մանավանդ որ հնարավոր հակամարտության գոտին գտնվում է ՈՒկրաինայի առավել հակառուսական տրամադրություններ ունեցող արևմտյան մասում, և դժվար չէ ենթադրել, որ այս պարագայում դեկլարատիվ հայտարարություններից մինչև արյունահեղություն մի քայլ է:

ԵՎ այստեղ հարկ է հիշել մի շարք արևմտյան քաղաքագետների ու փորձագետների զգուշացումներն այն մասին, որ տնտեսական ճգնաժամի և աճող սոցիալական լարվածության պայմաններում Կրեմլին այլ բան չի մնում, քան գործի գցել ներքին «ռեպրեսիվ մեքենան» կամ էլ սկսել իրականացնել երկրի սահմանների շուրջ ու ազգային ծայրամասերում «վերահսկելի քաոսի» քաղաքականություն: Ոչ անհայտ Ջորջ Սորոսն այս կապակցությամբ նշել է. «Քանի դեռ էներգակիրների գները չեն սկսել աճել, իսկ ռուսական տնտեսությունը դրա հաշվին չի վերականգնվել, դա կարող է բերել Ռուսաստանի նոր ռազմական ավանտյուրաներին իր սահմաններից դուրս և ռեպրեսիաների ուժեղացման երկրի ներսում»: Սորոսի կարծիքով՝ Մոսկվան շարունակելու է վարել վախեցնելու քաղաքականություն` փորձելով վերականգնել ԽՍՀՄ-ի երբեմնի հզորությունը:

Դժվար է այս մտքին վերաբերվել իբրև քաղաքական ֆանտազիայի, հատկապես եթե նկատի ունենանք բնակչության դժգոհ զանգվածների հսկայական ակցիան Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, շաբաթ օրը Մոսկվայում «Սոլիդարնոստ» նոր ընդդիմադիր շարժման անցկացրած հանրահավաքը: Իսկ այդ շարժման մեջ են հայտնի քաղաքական գործիչներ, և միլիցիան էլ հրաժարվել է ճնշել բողոքի դրսևորումները: Հենց որ մարդիկ կոլեկտիվ գիտակցության մակարդակում սկսում են հասկանալ իշխանության սխալները, սոցիալական ռիսկերը թռիչքաձև աճ են արձանագրում, և ցանկացած ճգնաժամային դրսևորում կարող է տաքացնել այդ «կաթսան»: Ռուսաստանում այդպես է եղել 1917-ի հոկտեմբերին և 1991-ի օգոստոսին: ՈՒշադրության է արժանի նաև սթափեցնող վիճակագրությունը. Ռուսաստանում դեկտեմբերին արդյունաբերությունն անկում է ապրել 10,3 տոկոսով, երկրի ոսկու և վալյուտային պաշարները նվազել են 207,8 մլրդ դոլարով այն դեպքում, երբ հասել էին 595,9 մլրդ դոլարի: Կապիտալի ընդհանուր արտահոսքը կազմել է 130 մլրդ դոլար: Այսինքն, չնայած հասարակությանը հեռուստատեսային «վիրտուալ իրականության» մեջ սուզելու փորձերին, երկրում առկա է գիտակցում, որ հարաբերական բարեկեցությունը կառուցված էր միայն հումքի արտահանման վրա, ինչը նման է ավազի և անշեղորեն փլուզվում է:

Եվ այդ պահին, ինչպես միշտ լինում է խառը ժամանակներում, իշխանությանն օգնության են գալիս երկու փորձված կարգախոս. «Խփենք՝ փրկենք Ռուսաստանը», կամ «Ոտքի՛ ել, երկի՛ր ահռելի»: Եվ եթե չկա իրական թշնամի, իսկ «քեռի Սեմի»` իբրև գլխավոր մեղավորի, կերպարի տիրաժավորումը լավ է պաշտոնական քարոզչության համար, բայց անպետք է իրական հակադրություն ստեղծելու տեսանկյունից, ապա այդ թշնամուն պետք է հորինել, հաղորդել նրան բովանդակություն, դարձնել ատելի զանգվածային գիտակցության մեջ: Ինչպես ասում են կրեմլյան իշխանության բարձունքներում, պետք է «թրջել» քարոզչական ամբողջ ծրագրին համապատասխան: Կարելի է ենթադրել, որ Կրեմլում լավ են սովորել աշխարհի չափ հին այն ճշմարտությունը, որ պատերազմներն ամենից հաճախ սկսում են հենց նրանք, ովքեր որոշել են ինչ-որ մեկին պատին դեմ տալ, քան նրանք, ում պատին են դեմ տվել: Մանավանդ որ «հանգստացնող միջոցների» հարցում սեփական ժողովրդի ընտրությունն այնքան էլ մեծ չէ, իսկ սառեցված, մխացող և պոտենցիալ հակամարտությունները նախկին միության լայնածավալ տարածքներում չի կարող հաշվել ոչ ոք:

«Ջեյմսթաունի ֆոնդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը զգուշացնում է, որ Կովկասում 2009-ին կարող է նոր, արյունահեղ ջարդ լինել: Այս կառույցի հեղինակությունը կասկածի տակ չէ արևմտյան աշխարհում, քանի որ ֆոնդը ռուսական քաղաքականության վերլուծության տասնամյակների փորձ ունի, և նրա ծառայություններից օգտվում են ԱՄՆ-ի հետախուզական կառույցները: «Քանի դեռ ձյունը ծածկել է կովկասյան լեռնանցքները, Վրաստանի հետ մինչև մայիս պատերազմի վերսկսումն անհնարին է: Մոսկվայում հուսով են, թե վրացական ընդդիմությունը դեռ կարող է տապալել Սաակաշվիլու ռեժիմը, կամ էլ Օբամայի վարչակազմն այս կամ այն կերպ նրան կհեռացնի ասպարեզից: Սակայն եթե մինչև մայիս Սաակաշվիլին մնա իշխանության գլուխ, ապա Ռուսաստանը պատրաստ է լրջորեն դիտարկել ռազմական միջամտությունն իբրև նրան իշխանությունից հեռացնելու միջոց: Արևմուտքի ցանկությունը՝ «լիցքաթափել» Մոսկվայի հետ հարաբերությունները՝ Վրաստանի հարցը չլուծված թողնելով, կարող է Մոսկվայում մեկնաբանվել իբրև Ռուսաստանի կողմից ռազմական ուժ օգտագործելու վերաբերյալ լուռ համաձայնություն»,- նշում են ամերիկյան փորձագետները: Ռուսաստանը գործնականում կորցրել է Հարավային Կովկասում մոդերատորի իր կարգավիճակը և ցանկություն ունի հենց այս տարածաշրջանում հնարավորինս նոր խաղի կանոններ հաստատել՝ մետրոպոլիայի իր երբեմնի կարգավիճակը վերականգնելու համար: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, թեկուզ նրա օրինակն ավելի արդիական է հայտնի օգոստոսյան իրադարձություններից հետո: Հենց Հարավային Կովկասում է Ռուսաստանը փորձում ապահովել «առաջնային շահերի» գոտին, ինչի մասին հայտարարեց Դմիտրի Մեդվեդևը: Մանավանդ որ դա են թելադրում նաև էներգետիկ շահերը:

Միևնույն ժամանակ Արևմուտքն ակնհայտորեն մտադիր չէ իր համար կարևոր ռազմավարական տարածաշրջանում հանգիստ հետևել «ռուսական խաղերին»: Ոչ շատ վաղուց ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն, ծովակալ Դենիս Բլերը հանդես եկավ տարեկան զեկույցով ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերների վերաբերյալ, որտեղ հատուկ նշանակություն է տրված Կովկասին: «Ադրբեջանը զգուշանում է Կոսովոյի անկախության հռչակման արդյունքում հնարավոր մեկուսացումից, մանավանդ որ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, միաժամանակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումներ կան: Հայաստանը մտահոգ է Ադրբեջանի կողմից ռազմական ներուժի մեծացմամբ և չի ցանկանում կախվածության մեջ լինել Ռուսաստանից»,- նշել է Դ. Բլերը: Տարբեր մարտահրավերների շարքում նա մասնավորապես արձանագրել է, որ Ռուսաստանը փորձում է փոխել միջազգային քաղաքական ու տնտեսական կարգը: Հետխորհրդային տարածքում իրավիճակը գնահատելիս ամերիկյան հետախուզությունը մատնացույց է անում այնպիսի «թեժ կետեր», ինչպիսիք են Հարավային Օսիան, Աբխազիան, Ղարաբաղը, ՈՒկրաինան, Բելառուսը, Կենտրոնական Ասիան: Լեհաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար և իր իսկ բնորոշմամբ՝ սառը պատերազմի հին զինվոր Ռոբերտ Գեյթսը հայտարարեց. «Իշխանության բարձրագույն էշելոններում մոտ ժամանակներս տեղի կունենա առաջնահերթությունների վերարժևորում, որպեսզի Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ցանկությունը հավասարակշռվի նրա որոշ գործողություններից բխող մտահոգություններով»: Հայտնի քաղաքագետ Արիել Քոենն իր հերթին կարծիք է հայտնել, թե նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում Կրեմլը չի թուլացնում իր ճնշումը «մերձավոր արտասահմանի» երկրների վրա: «Ամերիկան չի կարող թույլ տալ, որ Մոսկվան ամրապնդի իր հաջողությունները Եվրասիայում և հատկապես Կովկասում: ԱՄՆ-ը նորանկախ պետություններին չպետք է թողնի ճակատագրի քմահաճույքին՝ հանձնելով նրանց Ռուսաստանի ազդեցության դաշտ»:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ռուսական մարտահրավերները ոչ միայն լսելի են աշխարհում, այլև կարժանանան համարժեք արձագանքի: Ինչի՞ կհանգեցնի դա: Բոլոր վերջին ռուսական պատերազմները, ինչպես իրական, այնպես էլ տնտեսական, վկայում են, որ «փլուզումը նախ սկսվում է ուղեղներում»: Հիմա ամբողջ աշխարհում հասունանում է վճռական պահը. տեղի է ունենում նոր իրավիճակի գնահատում և նախորդ սխալների իմաստավորում: Հասկանալի է, որ Ռուսաստանը նույնպես պետք է համարժեք պատասխաններ գտնի այն էգոիստական հավակնություններին, որոնց էությունն իշխանության պահպանումն է և արտոնյալ ու հեշտ եկամուտների ստացումը: Հարբեցողը չի հասկանում իր ընտրած ուղու կործանարարությունը: Նրանք, ովքեր խողովակաշարերից և ոչ միշտ օրինական միջոցներով փող աշխատելուց բացի այլ բան չեն ընդունում, նույնպես դա չեն հասկանում:

 Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Իրավունք դե Ֆակտո

24.02.2009

No comments:

Post a Comment