Saturday, February 28, 2009

Ադրբեջանը պատերազմ վերսկսելու քարտ-բլանշ է փորձում ստանալ

   Սրան զուգահեռ Բաքվում քննարկում են ԼՂ խնդիրը` հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում

 Փետրվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց, որի ընթացքում երկրի ղեկավարները կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ, երկկողմ գոհունակություն են հայտնել պետությունների միջեւ համագործակցության զարգացման մակարդակից: Դ.Մեդվեդեւը Ի.Ալիեւին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովի արդյունքներին: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ներկայիս իրավիճակը:

Առաջիկա օրերին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` համանախագահները փետրվարի 26-ի երեկոյան ժամանելու են Բաքու: Ադրբեջանի ղեկավարության հետ համանախագահների հանդիպումները նախատեսված են փետրվարի 27-ին: «ԱՊԱ» գործակալությանն այս տեղեկությունը փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` հավելելով, որ համանախագահների այցի նպատակն է` աջակցել կողմերին արագացնել ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ամրագրեցին, որ թույլ չեն տա խաղաղության գործընթացը խոչընդոտել պատմական քննարկումներով, ընդգծել էին, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի: Համանախագահները նաեւ անդրադարձել էին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի կողմից 2008թ. դեկտեմբերի 24-ին եւ 29-ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին ու հույս էին հայտնել, որ ՄԱԿ-ում շրջանառվող վերոնշյալ երկու զեկույցները «չպետք է ազդեն բանակցային գործընթացի վրա»:

Մ.Բրայզան ադրբեջանական ԶԼՄ-ներին պարզաբանել է համանախագահների` հայտարարություն տարածելու դրդապատճառները: Նա հստակ մեկ բան է ընդգծել` Մինսկի խմբի խաղաղ գործընթացը պետք է շարունակվի: Համանախագահների տարածած հայտարարության մեջ խոսքը գնում է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ահշին Մեհտիեւի կողմից կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակներին: Նամակում ներկայացված է հաշվետվություն` «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կատարված ագրեսիայի հետեւանքների մասին»: Մեհտիեւը խնդրել է տարածել այդ հաշվետվությունը ՄԱԿ-ում` Ադրբեջանի ղեկավարության կողմից ներկայացված հետեւյալ լրացումներով. «Արդյո՞ք Հայաստանը զինված հարձակում է գործել ԼՂ-ի եւ Ադրբեջանի տարածքի վրա, եւ արդյոք կարո՞ղ է Ադրբեջանը այժմ օգտվել ինքնապաշտպանվելու իր իրավունքից, որպեսզի կարողանա պաշտպանվել Հայաստանից»: Այլ կերպ ասած` Ադրբեջանը միջազգային կառույցներից պատերազմ վերսկսելու քարտ-բլանշ է փորձում ստանալ:

Ուշագրավ է, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանների շփման գոտում գրեթե ամենօրյա ռեժիմով հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդագրություններ են ստացվում, եւ ադրբեջանական կողմն այս իրավիճակում կոնկրետ քարոզչական աշխատանք է տանում: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան ադրբեջանական գործակալություններին տեղեկացրել է, որ թուրքական առաջատար մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հրավիրվել են ծանոթանալու Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին, եւ թուրք լրագրողներին ներկայացնելու է տեղեկատվություն` Հայաստանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին:

Առհասարակ, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը բացասական է ընդունել պաշտոնական Բաքուն: Ադրբեջանական կողմը կարծում է, որ ՄԱԿ-ում այդ զեկույցները տարածելով` ադրբեջանական կողմը հիմնվել է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա: Համանախագահների հայտարարությանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Խազար Իբրահիմը, ով, ի դեպ, երեկվանից ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խորհրդականի պաշտոնում է նշանակվել: Նրա կարծիքով` համանախագահների հայտարարությունը պետք է ուղղվի Հայաստանին. «Դրանք արտացոլված են միջազգային բոլոր փաստաթղթերում, այդ թվում եւ` ՄԱԿ-ում: 2008թ. նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագրով ամրագրվում է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին», - հիշեցրել է Խ.Իբրահիմը` նաեւ ընդգծելով, որ Ի.Ալիեւը մշտապես հայտարարել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Հայաստանն է ձգտել հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով եւ այսօր էլ է դրան ձգտում: Ադրբեջանական տարածքները գրավված են Հայաստանի զինված ուժերի կողմից, այդ իսկ պատճառով համանախագահների հայտարարությունը պետք է հասցեագրվի Հայաստանին: Հայաստանից պետք է պահանջվի` հակամարտության խաղաղ կարգավորում եւ ադրբեջանական տարածքներից զինված ուժերի դուրսբերում»: Ավելին` անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանի արտգործնախարարությունը նպատակահարմար գտավ հրապարակել 2008թ. դեկտեմբերի 24-ին եւ 29-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի կողմից շրջանառության մեջ դրված այդ երկու զեկույցները: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ահշին Մեհտիեւը «ԱՊԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հայտարարությանը` այն երկիմաստ է գնահատել. «Օրինակ` համանախագահները հանդես են գալիս ընդդեմ իրավական բանավեճերի, սակայն միաժամանակ նրանք վկայակոչում են Մոսկովյան հռչակագիրը, որով կողմերը փաստել են, որ կողմնակից են հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Մեր կողմից տարածած փաստաթղթերը բանավեճերի արտահայտություն չեն, այլ ներկայացնում են ադրբեջանական կողմի հստակ տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ` հիմնված մեր պետության ինքնիշխանության պահպանման եւ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - դժգոհել ու պարզաբանել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը:

Մինչ պաշտոնական Բաքուն գնահատում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների վերջին հայտարարությունը` Ադրբեջանի քաղաքական-հասարակական շրջանակները քննարկում են ԼՂ խնդիրը` հայ-թուրքական հարաբերությունների համապատկերում: Որքան էլ պաշտոնական Բաքվից ու Անկարայից հավաստիացումներ են հնչում այն մասին, որ ԼՂ հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել, այնուամենայնիվ, Ադրբեջանում Թուրքիայի քայլերի նկատմամբ որոշակի խանդ ու անբարյացկամ վերաբերմունք է ձեւավորվել: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն` Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակի մակարդակով, օրերս հավաստիացրեց, որ Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ կանոնավոր կերպով կարծիքների փոխանակում է կատարվում Ադրբեջանի հետ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնախնդրում Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներն անփոփոխ են, եւ որ ղարաբաղյան հարցում Թուրքիան շարունակում է գործընթացը մեկ ուղղությամբ` ադրբեջանական կողմի հետ միասին:

Այսպես` Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին համոզված է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ թուրքական իշխանությունների հետ բանակցություններում քննարկված հիմնական հարցերից մեկը` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրն է. «Դա փաստում է, որ Թուրքիան գնում է Հայաստանի հետ մերձեցման` ոչ իր կամքով: Սակայն, այնուամենայնիվ, թուրք քաղաքական գործիչներն ու պետական այրերը հասկանում են, որ Ադրբեջանը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար», - նշել է նա: Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն կարծում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը համաձայնեցված է Ադրբեջանի հետ. «Եթե Թուրքիայի շահերից է բխում, որպեսզի այսօր բարելավվեն Հայաստանի հետ հարաբերությունները, եւ եթե դա Ադրբեջանի շահերից չի բխում, ապա որպես անկախ պետություն` Թուրքիան պետք է գնա այդ քայլին: Մենք պետք է օգտվենք ճնշման նոր լծակներից: Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը կարող է մեզ օգուտ բերել: Այսինքն` Հայաստանը որոշակիորեն կազատվի Ռուսաստանի ազդեցությունից, կբարեկամանա Թուրքիայի հետ եւ այդ հարաբերություններից որոշակի փոփոխություններ կարող են առաջանալ»: Իսկ Ադրբեջանի Միասնական կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիեւը իր անհանգստությունն է արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության առիթով. «Թուրքիան հեռացել է իր նախկին դիրքորոշումներից, քանի որ մշտապես հայտարարում էր, որ մինչեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը` չի կարող խոսք գնալ սահմանների բացման եւ հարաբերությունների բարելավման մասին: Այսօր, փաստացի, բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ, որի համար ափսոսանք եմ հայտնում»:

«Ումիդ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Իգբալ Աղազադեն եւս բացասական է գնահատել Թուրքիայի քայլերը, թեեւ չի կարծում, որ հայ-թուրքական սահմանները մոտ ապագայում կբացվեն. «Ինձ հայտնի է, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը կառուցված է Ադրբեջանի պետական շահերի վրա, եւ ես դա բնական եմ համարում: Նման դեպքեր պատահել են պատմության բավական շրջադարձային պահերին»: Մինչդեռ խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Այդին Միրիզադեն նորմալ է գնահատում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հարցը. «Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, այդ երկիրը մեզ հետ կապված է բազմաթիվ հարցերով: Թուրքիան հայտարարել է, որ Հայաստանը պետք է ազատի ադրբեջանական գրավյալ տարածքները, մինչդեռ Հայաստանը չի կատարում այդ պահանջը, սակայն Հայաստանի հետ հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են, մոտ ժամանակներս սահմանները կբացվեն առանց այդ պահանջները կատարելու, եւ Հայաստանը կվերածվի Թուրքիայի գործընկերոջ», - ասել է նա: Իսկ Ազգային միասնություն շարժման առաջնորդ Լալա Շովկեթը վստահ է, որ վերջին շրջանում Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանին եւ Հայաստանին` սպառնալիք է Ադրբեջանի համար. «Մեզ հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ` նրանք շահագրգռված են ստատուս քվոյի պահպանմամբ»:

 Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

24.02.2009

No comments:

Post a Comment