Saturday, February 28, 2009

Իսկ Հայաստանում՝ իշխանափոխության

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 19-ի հայտարարությանը Ադրբեջանում ու Հայաստանում տրվող գնահատականները նոր նրբերանգներ են ավելացնում ոչ միայն Ղարաբաղյան բանակցությունների, այլեւ նրանց հեռանկարների հանդեպ երկու երկրներում ձեւավորվող հանրային կարծիքի մեջ։

   Ինչպես հայտնի է, 2008թ. դեկտեմբերի 24-ին եւ 29-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Աքշին Մեհտիեւը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկեց երկու զեկույց՝ «Ադրբեջանական Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության զինված ագրեսիայի իրավական հետեւանքների մասինեւՊետությունների տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի եւ ինքնորոշման իրավունքի մասին՝ Հայաստանի ռեւիզիոնիստական հավակնությունների լույսի ներքո» խորագրերով։

   Սրանք ոչ միայն «հիմնավորում» են ադրբեջանական կողմի հայտնի դիրքորոշումները, այլեւ դրանք կյանքի կոչելու համար Հայաստանի դեմ պատերազմ սկսելու Բաքվի մտադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը նորից «շրջանցում է» հակամարտության կարգավորման բազային սկզբունքները մշակած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին։

   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված փաստաթղթերից առաջինին կցված է «Կարո՞ղ է արդյոք այժմ Ադրբեջանի Հանրապետությունը օգտվել ինքնապաշտպանության իրավունքից, որպեսզի պաշտպանվի Հայաստանի Հանրապետությունից՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի» սադրիչ հարցը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու «թույլտվություն» ստանալու ցանկություն։

   Բնականաբար այս տարօրինակ փաստը ներկայումս արժանացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոշտ հակազդեցությանը։ Քանզի 2009-ին հակամարտության կարգավորման բազային սկզբունքների վերջնական համաձայնեցմանը ձգտող միջնորդ երկրները դրանով հայտնվում են «գայլի գլխին ավետարան կարդացողի» վիճակում։

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց փետրվարի 19-ի հայտարարությամբ հստակորեն նախազգուշացնում են, որ միջնորդներն ուղղակի թույլ չեն տա բանակցային կողմերի միջեւ իրավական բանավեճերի ծավալումն ու ռազմական գործողությունների վերսկսման փորձերը։ Ավելին՝ նրանք հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը դիտում են իբրեւ պարտադիր անհրաժեշտություն՝ կարգավորման սկզբունք, ինչը նպատակ ունի կասեցնել հնարավոր ռազմական գործողությունները։

   Այդ ամենից հետո չքմեղանալու փորձեր անող Ադրբեջանի արտգործնախարարությունը իր մամլո խոսնակ Խազար Իբրահիմի միջոցով փորձել է Հայաստանի կողմը «շեղել» միջնորդների «հարվածի ուղղությունը», մի բան, որ նրան չի հաջողվել։ Պարզից էլ պարզ է, որ հայկական կողմը խնդիրը իրավական հարթություն տեղափոխելու որեւէ փորձ չի արել, չնայած որ ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը։ Ավելին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման բացառումը վաղուց արդեն Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է։

   Պաշտոնական Բաքուն Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելու փորձեր է արել նաեւ նախորդ տարիներին, սակայնթղթե շերեփիցբացի ուրիշ ոչինչ չի ստացել։ Այն, որ հերթական փորձը տեղի է ունենում փետրվարի 18-ին Ադրբեջանում սկսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի նախօրեին, որոշակիորեն ներքաղաքական գունավորում է հաղորդում Բաքվի հերթական սադրանքին։ Մարտի 18-ին Իլհամ Ալիեւին ցմահ նախագահ դառնալու իրավունք տալու պարտադրանքի առջեւ դրվող Ադրբեջանի ընտրողներին հասկացնում են, որ իրենց երկրի ղեկավարը համոզված է Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման անխուսափելիության հարցում եւ ամեն ինչ անում է մոտեցնելու այդ պահը։

   Ադրբեջանի քաղաքացիները ստանում են որոշակի երաշխիքներ առ այն, որ երկրի ցմահ տիրակալ դառնալու հավակնություն ունեցող անձը ամենեւին էլ մի բանակցությունից դեպի մյուսը վազող «խաղաղության աղավնի» չէ. հարկ եղած դեպքում պատրաստ է իրենց առաջնորդել ռազմի դաշտ։

   Ստեղծվում է մի կացություն, երբ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից Ադրբեջանին զերծ են պահում ընդամենը երկու գործոն. միջնորդ տերությունների բացասական դիրքորոշումը եւ, իհարկե, հակառակորդի ուժի ու հնարավորությունների գիտակցումը։ Այս գործոններից առաջինը, ինչպես ընդունված է ասել, «փոփոխական մեծություն» է, իսկ երկրորդը՝ մնայուն, քանզի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետագա խորացման պայմաններում չեն գտնվի միջազգային լուրջ ուժեր, որոնց կարող է ձեռնտու լինել Հարավային Կովկասի նոր ապակայունացումը։

   Ադրբեջանի ներսում պատերազմի անխուսափելիության մասին քննարկումների ծավալման եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում մեր առջեւ կանգնում է Հարավային Կովկասով շահագրգիռ տերությունների շրջանում գերիշխող նոր հայ-ադրբեջանական պատերազմի բացառման մտադրությունները չբացարձակացնելու, դրանք իբրեւ «փոփոխական մեծություն» դիտարկելու հրամայականը։

   Ավելին՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանում ներկայումս միմյանցից հստակորեն տարանջատում են Հայաստանի դեմ երկարատեւ եւ արյունահեղ պատերազմի ու Ղարաբաղյան ճակատում կարճատեւբլից կրիգիդիմելու խնդիրները, ապա կհասկանանք, որ երկրորդ տարբերակը Բաքվի համար կարող է միանգամայն իրական թվալ մինչ օրս նրան ռազմական գործողությունների վերսկսման գայթակղությունից զերծ պահող հակառակորդի ուժի ու հնարավորությունների թուլացման մասին կասկած առաջ գալու դեպքում, ինչի ականատեսը դարձանք 2008-ի մարտի 4-ին Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

   Ներկա պահին, երբ Ադրբեջանում ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ ուժերը հետեւողական քննարկումներ են ծավալում Ղարաբաղյան պատերազմի վերսկսման, իսկ Հայաստանում սոսկ՝ իշխանափոխության հնարավորության կամ անհնարինության շուրջ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում սպասվող «քաղաքական գարունը» նոր բախումների վերածվելու դեպքում մեր հակառակորդ երկրի համար կարող է դառնալ լուրջ ազդանշան Ղարաբաղյան ճակատում է՛լ ավելի խոշոր սադրանքների դիմելու համար։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Հայոց Աշխարհ

24.02.2009

No comments:

Post a Comment