Saturday, February 28, 2009

Ադրբեջանահայերը պահանջում են

«Հայաստանում մենք նախաձեռնել ենք Ադրբեջանում 1988-1992թթ. հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթաց: Դիմել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությանը եւ ստացել ենք եզրակացություն, որ այդ իրադարձությունները լրիվ համապատասխանում են 1948թ. ցեղասպանության մասին կոնվենցիային: Դիմել ենք նաեւ ԱԺ-ին, որտեղ նախապատրաստվում է նախագիծ, որով պետք է Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Այվազյանը: Ըստ նրա, իրենց նախաձեռնությունը ողջունել եւ օրհնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Իսկ իրենց նպատակը, ըստ Գ. Այվազյանի, ադրբեջանական քարոզչությունը չեզոքացնելն է: «Մենք պատկերացնում ենք այնպես, որ այս խնդիրը պետք է միայն օգտագործվի ԼՂ հարցի լուծման գործընթացում որպես փաստարկ: Ադրբեջանը, հանդիսանալով ցեղասպան պետություն, չպետք է կարողանա պահանջներ ներկայացնել հայկական կողմին, այդ թվում նաեւ՝ տարածքների առումով»,- ասում է նա: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն էլ նշեց, որ ադրբեջանահայերը իրավունք ունեն բնութագրել 1988-1992թթ. իրադարձություններն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: «Այդ հարցը պետք է բարձրացվի ԼՂ հարցի բանակցությունների ժամանակ, բայց ԼՂ-ի կողմից, այսինքն` եթե ԼՂ-ի ներկայացուցիչը սեղանի շուրջ իր կողմից բարձրացնի փախստականների եւ տեղահանվածների հարցը, ապա ադրբեջանաբնակ փախստականների հարցը ավելի տեղին կլինի: Իսկ այսօր դա խառնվում է, լղոզվում եւ նույնացվում, ասենք, Շահումյանից կամ Մարտակերտից գաղթածների հետ: Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է այդ հարցերը այնպես բարձրացնել, որ չխճճվի»,- հայտարարեց Հ. Իգիթյանը: Ըստ նրա, կա եւս մի վտանգ, որ կապված է ընդհանրապես 1915թ. ցեղասպանության ճանաչման գործընթացի արժեզրկման հետ: «Ինձ թվում է, որ Ադրբեջանը տարբեր գյուղերում, Խոջալուում, այսպես կոչված, «ցեղասպանության հարցը» բարձրացնում էր եւ հիմա էլ բարձրացնում է հենց Մեծ եղեռնը արժեզրկելու համար»,- ասաց Հ. Իգիթյանը: Ուստի, ըստ նրա, պետք է անպայման հաշվի առնել, որ Ադրբեջանի քարոզչությունը չեզոքացնելու միջոցներից մեկը լինելուց բացի՝ այդ հարցի բարձրացումը կարող է վնասել 1915թ. ցեղասպանության ճանաչման գործընթացին: Իսկ ինչո՞ւ է հիմա ադրբեջանահայությունը բարձրացնում այս խնդիրը: «Լավ է ուշ, քան երբեք: Հիմա ԼՂ բանակցային գործընթացը վճռորոշ փուլ է մտել, եւ անընդհատ, ադրբեջանցիների կողմից շրջանառության մեջ է դրվում իրենց փախստականների վերադարձի խնդիրը, ուստի մենք էլ առաջ ենք քաշում փոխադարձ վերադարձելիության խնդիրը: Եվ եթե մեր վերադարձը Ադրբեջան անհնար կլինի, ուրեմն իրենց փախստականների` ո՛չ ԼՂ, ո՛չ էլ Հայաստան վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Եթե ապացուցելու անհրաժեշտություն լինի, որ հայը չի կարող ադրբեջանցիների հետ նույն պետության մեջ ապրել, մենք կարող ենք մեր համայնքի որոշ ներկայացուցիչների ուղարկել Բաքու: Տեսնենք` ինչպես են իրենք ընդունում իրենց քաղաքացիներին»,- պատասխանեց Գ. Այվազյանը: Հ. Իգիթյանը նշեց, որ Հայաստանից գաղթած ադրբեջանցիների կորուստը ՀՀ կառավարությունը ինչ-որ չափով փոխհատուցել է: «Գումարային առումով խոսքը շուրջ 110 մլն դոլարի մասին է, որը նշված է բազմաթիվ բանաձեւերում: Իսկ ադրբեջանահայերին Ադրբեջանը որեւէ փոխհատուցում չի տվել»,- նշեց նա: Իհարկե, փախստականների հետ կապված խնդիրներ միշտ եղել են եւ առկա են նաեւ ներկայումս: Սակայն, բացառված չէ, որ հատկապես այսօր այս հարցի բարձրացումը ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հետ:

Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

168 ժամ

25.02.2009

No comments:

Post a Comment