Saturday, February 28, 2009

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ ՇՈՒՐՋ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ԱՂՄՈՒԿԸ

Դատելով ամենից, ադրբեջանական իշխանությունների հորինած եւ այդ երկրի խորհրդարանի կողմից արդեն երկու անգամ ճանաչված «Խոջալուի ցեղասպանության» 17-րդ տարելիցի ներկա ոգեկոչումը ընդունում է աննախադեպ ծավալներ։ Իլհամ Ալիեւի վարչակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի «քարտ բլանշի» փնտրտուքին անհրաժեշտ «հիմնավորումներ» գտնելու նպատակով աշխարհի բոլոր այն երկրներում, ուր բնակվում են ադրբեջանցիներ, «Խոջալուի ցեղասպանության» հետ կապված նախապատրաստել է համապատասխան սգո արարողություններ, երթեր ու ցույցեր։

   Փետրվարի 28-ին Ստրասբուրգում նախատեսված է անցկացնել ադրբեջանցիների ու թուրքերի միացյալ «բողոքի հանրահավաք», որի ընթացքում անգլերենով ու ֆրանսերենով տարածվելու են 1992թ. փետրվարի 26-ի Խոջալուի իրադարձությունների «ադրբեջանական վարկածը» հիմնավորող գրքեր, թռուցիկներ, թերթեր։

   Նույնաբնույթ արարողություններ են նախատեսված նաեւ Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ի նյույորքյան շտաբկայանի առջեւ, իսկ Մոսկվայում ցուցադրվելու է Խոջալուի իրադարձություններին նվիրված կինոնկար։

   Միջոցառումներ են տեղի ունենալու նաեւ Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Ղազախստանում, Թուրքիայում, Կանադայում, Կիպրոսում, անգամ Նոր Զելանդիայում։

   Այս ամբողջ շոուն պաշտոնական Բաքվի կողմից պետականորեն նախապատրաստված լինելը փաստվում է նաեւ նրանով, որ նախօրեին Ադրբեջանը Խոջալուի հետ կապված դատական հայց է ուղարկել Հաագայի միջազգային տրիբունալին։

   Միաժամանակ ակնհայտ է դառնում նաեւ, որ Խոջալուի շուրջ ներկա քարոզչական աղմուկի նախապատրաստման ընթացքում Ադրբեջանի համապատասխան փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրել են Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված Սփյուռքի հայկական կազմակերպությունների փորձը։ Ներկայումս նրանք չեն էլ փորձում թաքցնել այս իրողությունը, անգամ բացահայտորեն խորհուրդ են տալիս սեփական երկրի իշխանություններին, որ օրինակ վերցնեն հայերից։

   Այս ամբողջ քարոզչական աղմուկ-աղաղակին հավաստիություն հաղորդելու համար ներկայումս կատարվում է նաեւ Խոջալուի իրադարձությունների «թարմ հետքերով»՝ 1994 թվականին Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտնի որոշման դրույթների վերախմբագրում։ Հայտնի է, որ նախնական որոշման մեջ Ադրբեջանի խորհրդարանը Խոջալուի ողբերգության համար հայերին համահավասար պատասխանատու էր հռչակել նաեւ Ադրբեջանի որոշ «ներքին ուժերին»։

   Հայկական կողմն իր հերթին անցած տարիներին հրապարակած բազմաթիվ փաստաթղթերի ու վկայությունների միջոցով հիմնավորել է, որ Խոջալուի իրադարձությունների պատասխանատվությունը կրում են հենց այդներքին ուժերը՝ Ա.Մութալիբովի վարչակարգի դեմ պայքարող ԱդրբեջանիԺողճակատը□։

   Եւ այսօր Հայաստանին պետականորեն մեղադրանք ներկայացնելու եւ համապատասխան դատական հայցի քննության պարագայում Ադրբեջանը ստիպված է լինելու հերքել 1994 թվականին իր իսկ խորհրդարանի ընդունած որոշման դրույթները, ինչը ցանկացած իրեն հարգող իրավաբան կարող է գնահատել իբրեւ նոնսենս միջազգային-իրավական պրակտիկայում։

   Եթե միջազգային իրավունքի սուբյեկտը մեկ այլ սուբյեկտին որեւէ կոնկրետ հարցով մեղադրանք ներկայացնելու նպատակով նախապես վերափոխում է տվյալ հարցի շուրջ իր իսկ ընդունած նախնական որոշումները, ապա միջազգային հանրության առաջ մեղադրողից վերածվում է մեղադրվող կողմի։

   Քանի որ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է սոսկ փխրուն զինադադարով ամրագրված Ղարաբաղյան անավարտ պատերազմի դրվագներից մեկի «նոր մեկնաբանությանը», ապա ակներեւ է դառնում, որ.

   առաջին, «Խոջալուի ցեղասպանության» շուրջ այսօր բարձրացվող աննախադեպ աղմուկ-աղաղակը բազմակի գերազանցում է Ղարաբաղյան պատերազմի այդ կոնկրետ դրվագին անցած 17 տարիներին Ադրբեջանի տված կարեւորությանը,

   երկրորդ, 1994 թվականին Խոջալուի իրադարձությունների «թարմ հետքերով» Ադրբեջանի խորհրդարանի ընդունած նախնական որոշման ռեւիզիան պատմությունը կեղծելու եւ այն պաշտոնական Բաքվի ներկա նպատակներին ծառայեցնելու փորձ է,

   երրորդ, հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման «իրավական հիմքերի» փնտրտուքին զուգահեռ ծավալվող աննախադեպ աղմուկ-աղաղակը՝ 1992թ. փետրվարի 26-ի «Խոջալուի ցեղասպանության» շուրջ, ներկայումս դադարում է ոչ վաղ անցյալի իրադարձությունների սովորական կեղծարարություն լինելուց եւ դառնում դրանց արդյունքների վերանայմանն ուղղված՝ որոշակի քաղաքականության սկիզբ։

   Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ Խոջալուի իրադարձությունների 17-ամյակին միջազգային հնչեղություն հաղորդելու եւ միջազգային հանրային կարծիքի վրա ներազդելու փորձերը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու Ադրբեջանի հորինած «իրավական հիմքերը» պատմական ու բարոյական «հիմնավորումներով» ամբողջացնելու անսքող ցանկության արտահայտություն են։

 ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայոց Աշխարհ

26.02.2009

No comments:

Post a Comment