Saturday, February 28, 2009

ՄԻ ՍԱԴՐԻՉ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղի արտգործնախարարության մի ամբողջ վերլուծական ծառայություն բռնել ու «րժանի հակահարված» էր հասցրել Թոմաս դե Վաալի` ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ինչ-որ զեկույցին, որը մոտ մեկ ամիս առաջ հայտնվել էր ինտերնետում։ Թե ում եւ որտեղ է ներկայացվել այդ «զեկույցը»` հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է հանդես եկել այդ Թոմաս դե Վաալը` նույնպես հայտնի չէ, բայց ԼՂՀ արտգործնախարարությունը, չգիտես ինչու, որոշել է անպայման անդրադառնալ դրան։

Լավ, ի՞նչ է գրված այդ «զեկույցում»։ Հեղինակը պարզապես վերլուծում է իրավիճակը, համեմատում է Հայաստանի եւ Ադրբեջանի կարողությունները եւ ըստ այդմ էլ` եզրակացություններ է անում։ Ըստ երեւույթին, հենց սա էլ զայրացրել է Ղարաբաղի արտգործնախարարությանը։ Բանն այն է, որ հեղինակը Հայաստանի մասին խոսելիս հիշատակում է մեր երկրի տարածաշրջանային մեկուսացումը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքները եւ այլն, իսկ Ադրբեջանի մասին խոսելիս նշում է, որ այդ երկիրը նավթի շնորհիվ արագ զարգանում է, երկրի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեից երեք անգամ մեծ է, Ադրբեջանը մեծ քանակությամբ նոր ռազմական տեխնիկա է գնում, եւ այդպես շարունակ։ Արդյունքում` Ղարաբաղի արտգործնախարարությունը ենթադրում է, որ հեղինակը սրանով Ադրբեջանին հրահրում է տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծել, եւ վերջում էլ զգուշացնում է` եթե հեղինակին թվում է, թե դրա համար որեւէ պատասխանատվություն չի կրելու, դա նրան միայն թվում է։

Չէ, խնդիր չկա. Թոմաս դե Վաալն, իհարկե, նավթադոլարներից կուրացած միջազգային իմպերիալիզմի վարձկան է, ադրբեջանական լրտես, եւ իհարկե` վաղ թե ուշ դժոխքի բաժին է դառնալու։ Բայց փորձենք հասկանալ, թե նրա հատկապես որ ասածն է բացահայտ կեղծիք եւ չարանենգ սուտ։ Հայաստանի միջազգային մեկուսացումը կարծես թե այնքան էլ սուտ չէ։ Համենայն դեպս` վերջերս ինչ-որ միջազգային հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ ժամանակն է վերջ տալ կողմերից մեկի տարածաշրջանային մեկուսացման քաղաքականությանը։ Իսկ գուցե ճգնաժամի հետեւանքնե՞րը Հայաստանի համար այնքան էլ վտանգավոր չեն։ Վարչապետի վերջին ելույթները հակառակն են ապացուցում։ Կամ գուցե Ադրբեջանի ռազմական բյուջե՞ն Հայաստանի համեմատ 3 անգամ մեծ չէ, գուցե այդ թվե՞րն են կեղծ։ Թարսի պես` դա էլ է ճիշտ։ Կամ գուցե այն պնդո՞ւմն է սուտ, որ Ադրբեջանի տնտեսությունն ավելի արագ է զարգանում, քան մերը։ Դժբախտաբար` դա էլ է ճիշտ։ Նույնիսկ` ըստ մեր պաշտոնական վիճակագրության։ Ուրեմն ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ պիտի այդ սրիկա հոլանդացին (կամ բելգիացին) պատասխանատվության ենթարկվի։

Միանգամից ասենք` նա այստեղ ընդհանրապես կապ չունի։ Մարդ է, ինչ-որ բան է գրել, եւ որեւէ նշանակություն չունի` ճի՞շտ է գրել թե սխալ։ Խնդիրը Ղարաբաղի արտգործնախարարության արձագանքն է։ Այդ արձագանքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները մինչեւ հիմա չգիտեին, որ այս ընթացքում որոշակի առավելություններ են ձեռք բերել, եւ հիմա, կարդալով այդ «զեկույցը», գլխի կընկնեն ու կհարձակվեն Ղարաբաղի վրա։ Բա հետո՞, հո տունտունիկ չե՞նք խաղում։ Կամ ենթադրենք` այդ մարդն իսկապես դիտմամբ խեղաթյուրել է փաստերը։ Մի՞թե մի ամբողջ պետության (թեկուզ` չճանաչված) արտգործնախարարությունն է այն մարմինը, որը պիտի հանդես գար «աչքերդ կհանեմ» դիրքորոշմամբ։ Սա լուրջ չէ, սա պատիվ չի բերում որեւէ երկրի արտգործնախարարության։ Եվ ընդհանրապես` ինչո՞ւ պիտի ԼՂՀ արտգործնախարարությունը «հերքեր» Հայաստանի եւ Ադրբեջանի կարողությունների համեմատական վերլուծությունը։

Այս միջադեպին ընդհանրապես չէինք անդրադառնա, եթե չլիներ մի հանգամանք։ Բանն այն է, որ այս գործելակերպը շատ բնորոշ է ժամանակակից «հայ քաղաքական մտքին»։ Անցանկալի իրականության դեմ պայքարելու եւ այն մեր օգտին շրջելու փոխարեն մենք պայքարում ենք նրանց դեմ, ովքեր բարձրաձայն խոսում են այդ իրականության մասին, նրանց անվանում ենք «հայ ժողովրդի թշնամիներ», «սադրիչներ» եւ այլն։ Փոխանակ այնպես անենք, որ Հայաստանը զարգացման տեմպերով չզիջի Ադրբեջանին, մենք հայհոյում ենք նրանց, ովքեր պարզապես արձանագրում են Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման տեմպերի անհամարժեքությունը։ Այո, սանրվելու փոխարեն կարելի է նաեւ հայելին ջարդել, բայց դրանից սանրվածքն ավելի գեղեցիկ չի դառնա։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հարցում իրավիճակը չի փոխվի, եթե նույնիսկ վաղը նույն այդ Թոմաս դե Վաալը հակառակ բովանդակությամբ մի նոր զեկույց հրապարակի։

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

Չորրորդ իշխանություն

24.02.2009

No comments:

Post a Comment