Saturday, February 28, 2009

Բակո Սահակյան. «Անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների ձեւաչափը»

«Մենք կողմնակից ենք հարցի խաղաղ կարգավորմանը, բայց քանի դեռ Ադրբեջանը հետ չի կանգնում իր ծայրահեղ եւ շատ դեպքերում հիստերիկ քաղաքականությունից, ապա շատ դժվար է ակնկալել խաղաղ կարգավորում»,-սա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պատասխանն էր երեկ Արցախի պետհամալսարանի ուսանողության հետ հանդիպման ժամանակ հնչեցված Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ մի քանի հարցերի:

Շարունակելով Ադրբեջանի քաղաքականության եւ նրա կողմից ձեռնարկվող ոչ համարժեք քայլերի թեման, նախագահն ընդգծել է, որ ամեն անգամ ինչ-որ առաջարկության դեպքում դարձյալ կանգնում են հարեւան պետության ոչ համարժեք վերաբերմունքի առաջ, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալու համար:

Նա որպես ապացույց մատնանշեց վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերին արված` դիպուկահարների հետքաշման վերաբերյալ առաջարկը, որին համաձայնել էր ղարաբաղյան կողմը, սակայն Ադրբեջանը դարձյալ անտեսում է ինչպես արված առաջարկը, այնպես էլ` դրա հետեւանքները:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես է ավելի ձեռնտու` լինել անկախ պետություն, թե վերամիավորվել Հայաստանի հետ: Նախագահի պատասխանը միանշանակ խոսում էր անկախության մասին: «Այսօր պետությունը ջանքեր է գործադրում միջազգային հանրության կողմից մեր փաստացի անկախության ճանաչման ուղղությամբ, սակայն այստեղ նույնպես Ադրբեջանը փորձում է խոչընդոտել»,-շարունակել է նախագահը:

Խնդրի կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը ԼՂՀ իշխանությունների առաջնային խնդիրներից է: «Անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների ձեւաչափը` բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որի համաձայն ԼՂՀ-ն հանդիսանում էր լիարժեք հակամարտող կողմ»,-նշել է Արցախի ղեկավարը:

Պաշտպանության բանակի մարտունակության վերաբերյալ հարցին ի պատասխան նախագահ  Բակո Սահակյանը վստահեցրել է, որ պետք չէ անհանգստանալ, քանի որ մեր անվտանգությունն ու անդորրը ապահովող զինված ուժերը պատրաստ են ոչ միայն դիմակայել խոչընդոտներին, այլեւ կարող են համարժեք պատասխան տալ թշնամու ցանկացած ոտնձգության:

www.hetq.am

Անահիտ Դանիելյան

27.02.2009

No comments:

Post a Comment