Thursday, January 29, 2009

Մեթյու Բրայզա. «Արդյո՞ք Ս.Սարգսյանը որեւէ զիջումների կգնա...»

Երեկ Ցյուրիխում կայացել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ այս տարվա առաջին հանդիպումը: Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի նախորդ երկու հանդիպումները կայացել էին 2008 թվականին` Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում:

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ համատեղ հռչակագիր ստորագրվեց, որով կողմերը պատրաստակամություն էին հայտնում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Նախագահականի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւը բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ:

Բանակցություններից հետո՝ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել է, որ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւը առաջընթաց են արձանագրել փոխըմբռնման տեսանկյունից` կարգավորման հիմնարար սկզբունքների մի քանի տարրերի առնչությամբ եւ նվազեցրել են դիրքորոշումներում առկա տարաձայնությունները մի քանի այլ հարցերի շուրջ: Մեթյու Բրայզան նշել է, որ հաջորդ ամսվա ընթացքում համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան, որպեսզի` «ստեղծված դրական պահերը պահպանեն»:

Նշենք, որ մինչ Սարգսյան-Ալիեւ բանակցությունները` հունվարի 27-ին, Բուդապեշտում Nabucco ծրագրի հարցով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ում, համաձայն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստան կատարած այցի մասին, ապա փոխանցել է, որ Սերժ Սարգսյանը «կառուցողական» մոտեցում է ցուցաբերում հակամարտության կարգավորմանը. «Սակայն չեմ կարող ասել` արդյոք Հայաստանի նախագահն այսօր որեւէ զիջումների կգնա՞: Կարող եմ միայն ասել, որ Սարգսյանը պատրաստ է լուրջ բանակցությունների: Անկասկած, նույնը ես զգացի նաեւ Իլհամ Ալիեւի մոտ: Իսկ դա ամենակարեւորն է», - ասել է Բրայզան: Խոսելով Սարգսյան-Ալիեւ մեկնարկող բանակցություններից` Մ.Բրայզան նշել է, թե դրանցից կոնկրետ արդյունքներ չի ակնկալում: Նույն օրը Ցյուրիխում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդել էին ադրբեջանական գործակալությունները` այս հանդիպումը կրել է կազմակերպչական բնույթ:

Ինչ վերաբերում է Դավոսում մեկնարկած տնտեսական համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանի այլ հանդիպումներին, ապա երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Դավոս մեկնելուց առաջ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, չի բացառել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունը: «Սարգսյանի հետ հանդիպմանը խանգարող հանգամանքներ չկան: Չեմ բացառում, որ հանդիպումը կայանա», - տեղեկացրել է թուրքական Todays Zaman-ը: Թուրքիայի վարչապետը նաեւ հայտարարել է, որ թեեւ հայկական սփյուռքը շարունակում է գործել Թուրքիայի դեմ` «Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կիսում սփյուռքի այդ քայլերը»: Թուրքիայի վարչապետը նաեւ հավելել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հանդիպումները շարունակվում են նախարարությունների մակարդակով, եւ երկու կողմերն էլ նպատակաուղղված են աստիճանաբար հանդիպումներ կազմակերպել ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով. «Մենք միշտ էլ Հայաստանի վարչակազմի հետ հարաբերություններում անկեղծ ենք եղել»:

Թուրքիա-Հայաստան հարաբերություններին է անդրադարձել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով Դավոսում CNN Turk հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է. «Եթե Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում եղած խնդիրները լուծվեն 2009-ին, դա ինձ համար անակնկալ չի լինի»: Ա.Բաբաջանը շեշտել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման հարցում, եւ հավաստել է, որ Թուրքիայում այդպիսի կամք կա:

Մինչ թուրք պաշտոնյաները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայտարարություններ են անում՝ պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը կապել է Անկարայի նախաձեռնության` Կովկասյան պլատֆորմի գործունեության հետ: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն անհնար է համարում Կովկասյան պլատֆորմի իրականացումն առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման: Արազ Ազիմովը, այնուամենայնիվ, փաստել է, որ Ադրբեջանը հավանություն է տալիս գաղափարին: «Պլատֆորմի հինգ մասնակից պետությունների շահագրգռվածությունը տարածաշրջանում անվտանգության ստեղծման հարցում նշանակալի է այս նախաձեռնության իրականացման եւ զարգացման համար», - ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:

Ժամանակ Երեւան

Էմմա Գաբրիելյան

29.01.2009

No comments:

Post a Comment